ԱՎՏՈ Համալիրի տնօրենը նեղացած է իշխանություններից և ստիպված է արտագաղթել ԱՄՆ. hraparak.am

Մարզահամերգային համալրի տնօրեն, հայտնի երաժիշտ, ջազմեն Վազգեն Ասատրյանը շաբաթ օրն իրերն էր հավաքում, որ հրաժեշտ տա համալիրին։ Նրա պայմանագիրը լրացել է, և Պետգույքի կառավարման վարչությունը` ի դեմս պետ Նարեկ Բաբայանի, չի ցանկացել երկարաձգել պայմանագիրը։ Ըստ լուրերի՝ տեղ են ազատում Արարատ Միրզոյանի ընկերոջ համար, որ նա նշանակվի տնօրեն։ Ասատրյանը շատ նեղսրտած է այս վերաբերմունքից, քանի որ կարծում է՝ իր օրոք համալիրը վերակենդանացավ, նոր շունչ ստացավ, ինքն այնտեղ սիրտ ու հոգի է դրել, որ այն «կուկուռուզնիկի» կամ «կինոռոսիայի» նման չքանդվի կամ առևտրային տարածք չդառնա, ու հիմա ստիպված է հեռանալ։ Եվ կհեռանա ոչ միայն համալիրից, այլև Հայաստանից․ պատրաստվում է արտագաղթել ԱՄՆ։

«Իմ պայմանագիրը վերջացել էր հուլիսի 1-ին, երեք տարին լրացել էր, և ինձ ասացին ազատել։ Ես կամաց-կամաց սկսեցի պատրաստվել դուրս գալուն։ Բայց քանի որ Ֆրանկոֆոնիան էր, զանգեցին, հետ կանչեցին և հինգ ամսով երկարացրին, որ ամեն ինչ բարձր մակարդակով անցներ Ֆրանկոֆոնիան։ Եվ հիմա ասում են, որ էլ չեն ուզում։ Ես ինտերնետում տեսա, որ համալիրի ամբողջ կոլեկտիվը ստորագրահավաք է անցկացրել, ժողովրդական արտիստները, պատվավոր քաղաքացիները, շենքի ճարտարապետները, Երևան քաղաք ճարտարապետ Արթուր Մեսչյանը, որ ես մնամ, որովհետև սա մանկապարտեզի շենք չէ, շատ բարդ կառույց է, ամեն մեկը չի ճանաչում այս կառույցը, և սա շատ լուրջ պահպանման կարիք ունի»,- մեզ հետ զրույցում ասաց պարոն Ասատրյանը։ Նա թվարկեց, թե այս երեք տարիների ընթացքում ինչ աշխատանքներ են կատարվել շենքում՝ շրջադարձային տրիբունաները վերանորոգել են, շարժասանդուղքներն աշխատում են, նոր լույսեր են տեղադրել, նոր, թանկարժեք երաժշտական վահանակ են ձեռք բերել և այլն։

– Իսկ ո՞վ է նշանակվելու Ձեր փոխարեն, տեղյա՞կ եք։

– Մոտ երկու ամիս առաջ նոր փոխտնօրեն նշանակեցին, սեպտեմբերի կեսերն էր, նա պետք է մնա հիմա ժամանակավոր պաշտոնակատար, իսկ թե հետո ինչ կլինի, չգիտեմ։

– Ո՞վ է նա, անունն ի՞նչ է, քանզի ասում են՝ Արարատ Միրզոյանի մտերիմներից է, և ուզում են իրեն նշանակել տնօրեն։

– Սամվել է անունը, ազգանունը հիմա չեմ հիշում, բայց ես չեմ կարող դա պնդել, կարող է դա լինել, ամեն ինչ հնարավոր է։

– Քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ եք այստեղ։

– Գիտե՞ք ինչ, ես քաղաքականությամբ չեմ զբաղվել և չեմ էլ զբաղվելու, ես մշակույթի մարդ եմ, մշակույթի վաստակավոր գործիչ, երաժիշտ…

– Այսինքն՝ դժգո՞հ էին Ձեր աշխատանքից, որ չցանկացան երկարացնել պայմանագիրը, թե՞ այլ պատճառ կար։ Ասե՞լ են Ձեզ պատճառը։

– Չէ, գիտե՞ք ինչ, օրինակներ կան, ասենք՝ թատրոնում բողոքներ կան Վիգեն Չալդրանյանի հետ կապված, չէ՞, կոլեկտիվի մեծ մասը դեմ է, դե հիմա թող գան, Մարզահամերգային համալիրի ամբողջ կոլեկտիվին, երաժիշտներին, արվեստագետներին, երգիչներին, պրոդյուսերներին հարցնեն, մի հատ բողոք չկա, ընդհակառակը, բոլորը զարմացած են և վրդովված են։

– Նարեկ Բաբայանի հետ հանդիպե՞լ եք, ինքն ասե՞լ է, թե ինչու չի ուզում երկարացնել պայմանագիրը։

– Պրծել ա, չենք անում ու վերջ։ Ես շատ վրդովված եմ և նեղացած եմ, չէի ուզում դա անել, որովհետև շատ եմ սիրում իմ քաղաքը, իմ երկիրը, շատ-շատ եմ սիրում, բայց ստիպված եմ լքել և գնալ Միացյալ Նահանգներ։ Եղբայրս այնտեղ է, ընկերներս այնտեղ են, արդեն ութ տարի է, որ ասում են՝ արի, արի, հա պիտի գնայի, չէի գնում, վերջը եղավ այն աշխատանքը, որն իմ սրտին հարազատ էր, և ես նվիրված էի էս շենքին։ Շատ եմ սիրում, քանի որ 35 տարի առաջ էլ եմ աշխատել այստեղ, այս պատերի մեջ իմ քրտինքն ու արյունն էլ կա, ճարտարապետները շատ էին ուրախացել, որ ես եմ էստեղ, հին կոլեկտիվի աշխատողներ կային, որոնց հետ 35 տարի աշխատել ենք, և, փաստորեն, հիմա գլուխ գովել չլինի, բայց բոլորի ասածն եմ ուզում կրկնել՝ վերակենդանացրի այս շինությունը։ Ռեանիմացիա եղավ, նոր վերածնունդ ապրեց էս շենքը։ Շատ ուրախ եմ, որ սա վերադարձավ վերջապես ժողովրդին, չվաճառեցին, մնաց պետությանը։ Դա ամենակարևորն էր։ «Կուկուռուզնիկի» կամ «կինոռոսիայի» ճակատագրին չարժանացավ, էլի, մնաց մարզահամերգային համալիր։ Շատ ուրախ եմ, որ կարողացա այդքանը գոնե իմ աշխատանքով ապացուցել, որ դա հնարավոր է։

– Ինչո՞վ եք զբաղվելու ԱՄՆ-ում։

– Արվեստի, մշակույթի գործով, իմ աշխատանքով։ Ես մշակույթի մարդ եմ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով