Փաշինյան-Ալիեւ չկրակելու պայմանավորվածությունից հետո. «Առավոտ»

«Մեր երկրի ներսում ընթանում է պացիֆիզմի քողի տակ պարտվողականության անթաքույց քարոզարշավ». կարծում է «Ազգային օրակարգ» հիմնադրամի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Արա Գասպարյանը

– Հայաստանի Հանրապետությունը մտնում է ընտրական փուլ, և մոտակա մի քանի շաբաթներին հանրության ուշադրությունն արտաքին  մարտահրավերներից առավել կենտրոնանալու է ներքաղաքական քննարկումների ու հիմնախնդիրների վրա: Մինչդեռ, մասնագետները պնդում են, որ մեր շրջակա անվտանգային միջավայրում շարունակում են ավելանալ լարումները: Համամի՞տ եք: 

– Միանգամայն, և առավել խնդրահարույց է այն, որ ռուս-ամերիկյան սրվող հարաբերությունների համատեքստում մենք հստակ պատկերացում չունենք, թե ինչպես է պետք  դիրքավորվել: Եվ այս իրավիճակում Նախիջևանի ուղղությամբ ընթացող զարգացումները խիստ վտանգավոր են դարձել: Ադրբեջանը վերջին տարիներին ուժեր է կուտակում Նախիջևանում և աստիճանաբար ավելացնում լարվածությունն ինքնավարության սահմանին: Նախիջևանը կարող է օգտագործվել որպես պլացդարմ Արարատյան դաշտ ներխուժելու համար, ինչպես նաև այնտեղից կարող են հարվածներ հասցվել Երևան-Գորիս-Ստեփանակերտ ռազմավարական մայրուղուն: Ամեն դեպքում Նախիջևանում մեծ ուժերի տեղակայումը ստիպելու է Հայաստանին հնարավոր պատերազմում իր ուժերի մի մասը հեռու պահել Արցախյան ճակատից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– Վերջին ամիսներին ադրբեջանցիները Զանգակատուն-Արենի հատվածում առաջ են բերել դիրքերը և կատարել ինժեներական աշխատանքներ: Ի վերջո ի՞նչ է տեղի ունեցել և ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրավիճակը:

– Ըստ Զանգակատուն գյուղի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար ժորա Մկրտչյանի` մամուլի ասուլիսում հնչեցրած  հայտարարության, 2018 թվականի հունվարի 2-ին (չգիտի թե ում հրամանով) մեր առաջավոր դիտակետերը հանվել են, որից հետո ադրբեջանցիները` տեսնելով, որ դիտակետերը դատարկ են, հանգիստ ականազերծել են տարածքը և առաջ բերել իրենց դիրքերը: Այսինքն, երբ մեր հանրությունը կենտրոնացած էր առավելապես ներքին խնդիրների վրա,  Նախիջևանի ուղղությամբ Արենիի և Զանգակատան պաշտպանական գծի հատվածում ադրբեջանցիներն առաջ են եկել և հայտնվել նոր դիրքերում` սպառնալիք ստեղծելով Երևան-Գորիս-Ստեփանակերտ մայրուղու Զանգակատուն-Արենի հատվածին: Շփման գիծը Զանգակատան ուղղությամբ 4000 մետրից կրճատվել է 300-600 մետրի: Արբանյակային նկարները ցույց  են տալիս Արենի գյուղի դիմացի ադրբեջանական նոր դիրքերը, որոնք հայտնվել մեր երկու դիրքերի միջև մայիս ամսին և դեպի այդ դիրքերը տանող նոր ճանապարհները, որոնք ադրբեջանցիները կառուցել են հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Բանն այն է, որ սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել Փաշինյան-Ալիև հանդիպումը և ձեռք բերվել չկրակելու պայմանավորվածություն: Փաստորեն դրանից հետո Արենիի ուղղությամբ ադրբեջանցիները ինտենսիվ աշխատել են և արդեն մեր դիրքերի դիմաց չկրակելու պայմաններում ինժեներական աշխատանքներ են կատարել: Դժվար է ասել, թե վերոնշյալ  պայմանավորվածության հետևանքներն ինչպես են հաշվարկվել, սակայն այս և մի շարք այլ իրավիճակներ ցուցիչն են այն իրողության, որ քաղաքական որոշումների անվտանգային ռիսկայնության գնահատման համակարգը մեր երկրում արդյունավետ չի աշխատում, որն, ի դեպ, Անվտանգության խորհրդի գրասենյակի գործառույթների դաշտում է:

– Տարբեր հաղորդագրություններում նշվում է, որ ադրբեջանցիներն ընդամենը իրենց տարածքում են առաջ եկել` կրճատելով միջդիրքային տարածությունները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– Հարկ է արձանագրել, որ Հայաստանի և Ադրբեջանի (Նախիջևանը ներառյալ) միջև միջազգային իրավական հասկացություններով սահման որպես այդպիսին գոյություն չունի, ու 2 երկրները պատերազմի մեջ են: Կողմերի միջև կա շփման գիծ կամ ռազմաճակատ, որի ամբողջ երկայնքով տեղակայված են մարտական դիրքեր և ականապատված տարածքներ (Տավուշի, Գեղարքունիքի և Նախիջևանի ուղղություններով): Սահմանագծի սովորական պահպանության փոխարեն այստեղ երկու կողմերի համար էլ բոլորովին այլ տրամաբանություն է գործել` թույլ չտալ հակառակորդին դիրքերի դասավորության փոփոխությամբ հասնելու տակտիկական առավելության:  Այս վերջին իրադարձությունները փաստում են, որ ադրբեջանցիները շարունակում են գործել պատերազմող կողմի տրամաբանության մեջ, այնինչ մենք շեղվել ենք այդ տրամաբանությունից և թույլ ենք տվել, որ հակառակորդը լուրջ տակտիկական հաջողություն գրանցի սահմանի այդ հատվածում, որը կարող է հակառակորդի գործողություններն անպատասխան թողնելու դեպքում վերածվել ռազմավարական մղձավանջի: Նկատի ունենալով Երևան-Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի ռազմավարական նշանակությունը ճանապարհը խոցելի դարձնելու, նոր դիրքերում ամրապնդվելու հակառակորդի ցանկացած փորձ պետք էր և պետք է կանխարգելվի ու ճնշվի ամենակոշտ միջոցներով: Հակառակորդին պետք է հետ շպրտել նոր զբաղեցրած դիրքերից, ինժեներական նոր լուծումներով ամրացնել մեր տարածքը,  կառուցել և բարելավել Երևան-Գորիս-Ստեփանակերտ մայրուղուն զուգահեռ մեր տարածքի խորքում երկրորդական ճանապարհները: Այս ամենն առավել մտահոգիչ է այն պայմաններում, երբ Ադրբեջանը ակտիվացրել է պատերազմի վերսկսման քաղաքական, դիվանագիտական, ռազմական, տեղեկատվական, բարոյահոգեբանական գործոնների ամրապնդման ուղղությամբ աշխատանքները, իսկ մեր երկրի ներսում ընթանում է պացիֆիզմի քողի տակ պարտվողականության անթաքույց քարոզարշավ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Առավոտ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով