«Նման բան իրեն թույլ չի տալիս նույնիսկ մեզ թշնամի պետության ղեկավարը… Դուք պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրեք մեր ժողովրդից». Կարեն Օհանջանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Մի մոռացեք, որ մեր ժողովուրդն ընտրել է մեր նախագահին և իշխանության մարմիններին ամբողջությամբ թափանցիկ և մրցակցային հիմքի վրա»,- այս մասին Facebook-ի էջում գրել է Լեռնային Ղարաբաղի «Հելսինկյան նախաձեռնություն-92»  կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանը:

Նա գրել է, որ որպես Արցախի Հանրապետության քաղաքացի՝ երբեք չէր մտածի, որ Հայաստանի ղեկավարը երբևէ կարող է հասնել  Լեռնային Ղարաբաղի նկատմամբ չարության այնպիսի մակարդակի, ինչպես ներկայումս է տեղի ունենում: Նրա խոսքով, Հայաստանի ոչ մի ղեկավար երբեք, Հայաստանի  ոչ մի պաշտոնատար   անձ իրեն թույլ չի տվել անհիմն հրապարակային պատիժ կազմակերպել  Արցախի ժողովրդի ընտրված ներկայացուցիչների նկատմամբ:

«Պարոն Հայաստանի վարչապետի պաշտոնակատար, ո՞վ է Ձեզ թույլ տվել հարազատ պետության ղեկավարին անհարիր կերպով արտահայտվել Արցախի ղեկավարների  հասցեին: Նման բան իրեն թույլ չի տալիս նույնիսկ մեզ թշնամի պետության ղեկավարը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մի մոռացեք, որ մեր ժողովուրդն ընտրել է մեր նախագահին և իշխանության մարմիններին ամբողջությամբ թափանցիկ և մրցակցային հիմքի վրա: Ես արտահայտում եմ Արցախում էական թվով մարդկանց կարծիք, որոնք վրդովված են Ձեր պահվածքից և պահանջում են Ձեզնից ճանաչել սեփական չափը և այն, թե որտեղ են ավարտվում ձեր իրավասությունները:

Դուք պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրեք մեր ժողովրդից  հասցված վիրավորանքների և մեր ժողովրդի ազգային անվտանգության մակարդակն իջեցնելու համար:

Հանդիսանալով Արցախում թավշյա հեղափոխության ամենամեծ քարոզիչը, այս մի քանի օրերի ընթացքում Դուք տարված լինելով նախընտրական արշավով՝ արեցիք ամեն հնարավորը, որպեսզի այնպիսի մարդիկ, ինչպիսին ես եմ, սկսեն մեջքով շրջվել Ձեզ և սիրո հեղափոխության գաղափարին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ձեր բերանից սիրո և հանդուրժողականության քարոզի փոխարեն՝  ատելություն է հոսում բոլոր նրանց ուղղությամբ, ովքեր ինչ-որ հարցերում համաձայն չեն Ձեր հետ:

Հանդուրժողական եղեք և հետևեք ապրիլյան հեղափոխության ոգուն: Ինչ վերաբերում է Արցախի ճակատագրին, ապա իմացեք մեկ բան` մենք պաշտպանում ենք մեր իրավունքը՝ որոշելու՝ ինչպես ապրել, ում ընտրել և ում կարդալ: Եվ Աստված հեռու տանի, եթե որևէ մեկը փորձի դրսից միջամտել և թելադրել մեզ` ինչպես ապրել: Դեռ մնում եմ ապրիլյան թավշյա հեղափոխությանը հավատարիմ: Անկեղծ՝ Ձեր Կարեն Օհանջանյան»,- գրել է իրավապաշտպանը:

 

168.ам

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով