Նիկոլ Փաշինյանին և իր թիմին դեկտեմբերի 9-ի գիշերը մեծ անակնկալ է սպասում. Արմեն Աշոտյան

Այս ընտրություններում Հանրապետական կուսակցությունը ոչ թե զրո ձայն է ստանալու, այլ՝ տասնյակ հազարավոր ձայներ, հակադարձելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ այսօր հայտարարեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

ՀՀԿ փոխնախագահը նշեց՝ Նիկոլ Փաշինյանին և իր թիմին դեկտեմբերի 9-ի գիշերը մեծ անակնկալ է սպասում։

«Դեռևս պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած՝ իշխանական ողջ մեդիադաշտը, իշխանական գործիչները, իշխանությունը սպասարկող քաղաքական ուժերը սկսել են գուժել, որ Հանրապետականը ստանալու է զրո ձայն։ Հիշում եք՝ Փաշինյանն Ազգային ժողովում ասաց՝ «զրո ձայն եք ստանալու», նման ձևակերպումներն անարգանք են Հայաստանի քաղաքացիների հանդեպ։ Ակնհայտ է, որ մենք զրո ձայն չենք ստանալու, ակնհայտ է, որ մենք ստանալու ենք հազարավոր ձայներ՝ տասնյակ հազարավոր ձայներ։ Եթե անգամ դիցուք մենք չանցնենք խորհրդարան, այդ տասնյակ հազարավոր մարդիկ Հայաստանի Հանրապետության անձնագիրը կրող ՀՀ լիարժեք քաղաքացիներ են», – այսօր հրավիրված ասուլիս ժամանակ ասաց Աշոտյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Աշոտյանի խոսքով՝ «կեղծ դեմոկրատական իշխանությունները» իրենց հետ չհամաձայնող մարդկանց դարձրել են «քննադատության թիրախ»։

«Կեղծ դեմոկրատական իշխանություններն ի սկզբանե այդ մարդկանց հանում են իրականությունից, այդ մարդկանց, որոնք համաձայն չեն իրենց հետ, դարձրել են քննադատության թիրախ, մարդիկ սկսել են վախենալ կարծիք հայտնելուց։ Ես ունեմ բազմաթիվ դեպքեր իմ ընտրատարածքում, որտեղ մարդիկ, ում հետ ես խոսում եմ, ասում են՝ «Արմեն ջան, շտաբեր չբացես, չենք գալու, բայց ձայները տալու ենք ձեզ։ Չենք գալու, որովհետև չենք ուզում հայտնվել ուշադրության կենտրոնում, չենք գալու, որովհետև վախենում ենք աշխատանքը կորցնել, չենք գալու, որովհետև չենք ուզում գալուց հետո մեր տուն մարդ այցելի, ասի՝ «ինչո՞ւ ես գնացել Աշոտյանի, կամ Հանրապետականի շտաբ»: Բայց այդ մարդիկ շատ են, ու Նիկոլ Փաշինյանին և անձամբ իր թիմին դեկտեմբերի 9-ի գիշերը սպասում է մեծ անակնկալ», – ասաց Աշոտյանը։

azatutyun.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով