Նիկոլն ուր, մենք ուր. թող չանհանգստանա

Մեր զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը

 Պարոն Շարմազանով, դատելով Ֆեյսբուքում ձեր ակտիվությունից՝ կարծես Ձեզ դուր է եկել սոցիալական ցանցում գործունեությունը։ Նաև նկատվում է, որ վատ մեկնաբանությունները հեռացնում եք։ Ինչպես եք գնահատում Նիկոլ Փաշինյանի մեթոդներով, լայվերով հանրության հետ կապ պահելու տարբերակը։

Քաղաքական գործիչները ընտրարշավի ընթացքում, ու ոչ միայն այդ ժամանակ, պետք է առիթներ ստեղծեն, որ իրենց գաղափարներն ու ծրագրերը տեղ հասնեն։ Քանի որ մենք ապրում ենք 21-րդ դարում և գնում ենք ընտրությունների, երբ անհնար է բոլորի հետ հանդիպել, սոցիալական ցանցերը դառնում են միջոցներից մեկը, որ ես իմ գաղափարները, իմ կարծիքը ներկայացնեմ հանրությանը։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի մեթոդին, կարծում եմ, որ սա իր մեթոդը չէ։ Աշխարհում 7 մլրդ մարդ կա, որից մի քանի միլիարդը ֆեյսբուքից օգտվում է, և Նիկոլ Փաշինյանն առաջինը չի եղել, որ նման տեխնոլոգիա է իրականացրել։ Երկրորդ, եթե Նիկոլ Փաշինյանը կամ իր կողմնակիցները մի փոքր ծանր են տանում, որ ես կամ Արփինե Հովհաննիսյանը նման մեթոդով կապվում ենք մեր ընտրողների հետ, ապա պետք է ասեմ, որ թող չանհանգստանան՝ ինքը ուր, մենք ուր։ Իմ բանջարը իր հանճարին վնաս չէ, կամ իմ բլուրը իր բարձր սարին վնաս չէ։ Ինչ վերաբերում է նրան, որ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ իրենից ենք սովորել ֆեյսբուք օգտագործել, ես էլ կարող եմ ասել, որ ինքը սովորել է Արմեն Աշոտյանից, որովհետև Հայաստանի քաղաքական գործիչներից առաջինը հենց Արմեն Աշոտյանն էր, որ ակտիվորեն գրանցվեց Ֆեյսբուքում և սկսեց ակտիվ գործունեություն ծավալել։ Երբ Արմեն Աշոտյանը ԿԳ նախարար էր, Նիկոլ Փաշինյանը նրան մեղադրում էր քիչ աշխատելու և ֆեյսբուքում շատ լինելու մեջ։ Այդ իմաստով, եթե ինչ-որ մեկն ինչ-որ մեկից ընդօրինակել է, ապա ոչ թե Շարմազանովը Փաշինյանից, այլ Փաշինյանը՝ Աշոտյանից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դուք իրավացի չեք, որ վատ մեկնաբանությունները ջնջում եմ, իսկ լավերը՝ թողնում։ Ջնջում եմ  միայն հայհոյանքը, և այդպես էլ պետք է լինի։ Կարող եք նայել, որ լիքը քննադատություն կա, որն ինձ համար շատ կարևոր է։ Ես երբեք այն գործիչը չեմ եղել, որ քննադատությունից վախեցել է։ Հայհոյանքը, քֆուրն ու անեծքը պետք է զանազանել քննադատությունից։ Եթե ոմանք ուզում են հայհոյել, կարող են դա անել այլ վայրերում, իմ ֆեյբուքյան էջը զուգարանի պատ չի, որ ով ինչ ուզի գրի։ Այնպես որ, հենց հիմա առաջարկում եմ մտնել ֆեյսբուքի իմ պաշտոնական էջ, և այնտեղ կտեսնեք բազմաթիվ քննադատություններ։ Ոչ միայն Շարմազանովի, այլև բոլոր քաղաքական գործիչների էջերից պետք է հանվի հայհոյանքը, նաև լրատվական կայքերի մեկնաբանություններից, որովհետև հայհոյող մարդն անելիք չունի ոչ հասարակության մեջ, ոչ էլ քաղաքականության մեջ։ Եթե քո նպատակը մարդուն անիծելն ու վիրավորելն է, գնա քո շրջապատում ինչ ուզում ես արա, իմ ֆեյսբուքյան էջը նրա համար չէ, որ ինչ-որ մեկը իր սեռահոգեբանական չբավարարվածությունը բավարարի։

Դուք հայտարարեցիք, որ Նիկոլ Փաշինյանը վարչական ռեսուրս է չարաշահում։ Սակայն շատերը նշում են, որ զարմանալի է, որ ՀՀԿ-ն է խոսում դրա մասին, որը տասնյակ տարիներ չարաշահել է բոլոր տեսակի վարչական ռեսուրսները։

Եթե մենք պետք է գնանք այդ ճանապարհով և ասենք՝ ով է խոսում, ուրեմն ՀՀՇ-ն պետք է կոմունիստներին մեղադրեր և թույլ չտար, որ 1998 թվականին Կարեն Դեմիրճյանը վերադառնար քաղաքականություն, մենք պետք է մեղադրենք ՀՀՇ-ին, որը շատ մեղքեր է գործել և թույլ չտայինք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը վերադառնար քաղաքականություն։ Վաղը Փաշինյանից հետո մեկը կգա, կմեղադրի Փաշինյանին, որ սխալներ է գործել։ Կա՞ էս աշխարհում իշխանություն, որը թերություններից զերծ է։ Աշխարհում չի եղել իդեալական իշխանություն, Պլատոնի ներկայացրած իդեալական պետությունը ընդամենը նրա աշխատություններում է գրված։ Չկա աշխարհում մի իշխանություն, որն անթերի է։ Եթե մենք պետք է առաջնորդվենք այդ տրամաբանությամբ, որ դուք սխալ եք եղել, մեղքեր եք գործել և իրավունք չունեք այսօր խոսելու, ես իրենց կասեմ՝ բարև ձեզ։ Ով այս աշխարհում սխալներ ու թերություններ չի ունեցել, Փաշինյա՞նը։ Սիրելի ժողովուրդ, սրբեր մի փնտրեք, բոլոր սրբերն ու հրեշտակները երկնքում են։ Ես խոսում եմ փաստերով։ Որևէ մեկը չի կարող սահմանափակել իմ կարծիք արտահայտելու իրավունքը, լինի պարոն Փաշինյանը, իր կողմնակիցները, մեկ այլ պետության ներկայացուցիչ կամ լրատվամիջոցի ներկայացուցիչ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ես ասել ու ասելու եմ այն, ինչ մտածում եմ, որովհետև ապրում եմ մի երկրում, որի Սահմանադրության մեջ գրված է  բազմակարծություն և խոսքի ազատություն։ Ոչ մեկի մտքով չանցնի իմ խոսքի ազատության իրավունքը ոտնահարել ու սահմանափակել։ Եթե ես տեսնում եմ, որ վարչական ռեսուրս է օգտագործվել, պետք է ասեմ, և այս ընտրությունները ոչ թե պետք է լինեն անցյալի մասին, այլ ներկայի ու ապագայի մասին։ ՀՀԿ-ն լավն ա եղել, թե վատը, ինքն այլևս իշխանություն չէ։ Մայիսի 8-ից սկսած երկրում իրականացվող ներքին ու արտաքին քաղաքականության, տնտեսական ու սոցիալական քաղաքականության համար պատասխանատու է բացառապես Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը։ Լավը կանի՝ լավը կասենք, վատը կանի՝ վատը կասենք։ Մենք հավակնում ենք լինել երկրորդ բևեռը, միակ իրական ընդդիմությունը, որպեսզի մատնանշենք այն խնդիրները, որոնք կան։

Այո, կա վարչական ռեսուրսի օգտագործում։ Ես Լոռու մարզում եմ և օդում կախված լուրեր կան, որ ով ուզում է մեզ համար աշխատի, կամ ազդեցիկ զանգահարող է լինում, կամ կողքից «չերեզով» ասում են՝ դե ձեր ինչի՞ն է պետք, մի խառնվեք, եթե չպիտի մեզ ընտրեք, գնացեք տունը նստեք, մի ակտիվացեք։ Անկախ նրանից, թե ՀՀԿ-ն 5 տոկոս կհավաքի, 10 տոկոս կհավաքի, թե 20-25 տոկոս, ես գաղափարի մարտիկ եմ, պայքարող տեսակ եմ, ու չի ծնվել այդպիսի մարդ, որ թույլ չտա ինձ իմ կարծիքն արտահայտել։ Եվ ֆեյսբուքն էլ ցույց տվեց, որ ի հեճուկս Փաշինյանի ու իր կողմնակիցների, ես որևէ մեկին չեմ ասել լայք տուր։ Այո, ֆեյսբուքում դրական արձագանքները, թե բացասականը գիտեինք, ևս մեկ անգամ ոգևորեց ու համոզեց, որ ես պետք է շարունակեմ իմ քաղաքական գիծը։ Ով չի ուզում, թող գնա Փաշինյանի էջում լայք տա, ես ոչ մեկին չեմ պարտադրում, որ ինձ սիրեն։

Դուք պատրաստվում եք քարոզարշավը հիմնականում սոցիալական ցանցերո՞ւմ անել։

Եվ սոցիալական ցանցերով եմ անելու, և զուռնա-դհոլով եմ անելու, և ժողովրդի հետ հանդիպումներով եմ անելու, և երգուպարով եմ անելու, և հարցազրույցներով ու լայվերով եմ անելու։ Այսօր չկա որևէ քարոզչական միջոց, որը ես այս պահին մերժեմ։ Եթե պետք է անմիջական հանդիպում, կգնամ գյուղացիների կողքը կնստեմ, կխոսեմ, դա ինձ համար խորթ չի։ Ես կյանքում ոչ ախռանայով եմ շրջել, ոչ էլ ամաչելու բան ունեմ։ Իմ ճակատը բաց է ժողովրդի առջև։ Որևէ մեկը չի կարող ասել, որ Շարմազանովը ինչ-որ բան թալանել է։ Գնացեք Ալավերդի ու հարցրեք, բացի հայրական տնից, որևէ այլ բան չունեմ։ Չի եղել մի մարդ, որին ականջալուր չեմ եղել։ Ես Մանթաշովը կամ այսօրվա մեծահարուստներից չեմ, բայց օրենքով սահմանված կարգով մարդկանց կողքին կանգնած եմ եղել ու էլի կանգնելու եմ։ Ես այս կյանքում ինչի հասել եմ, ինձնով եմ հասել։ Ոչ ազդեցիկ զանգահարող եմ ունեցել, ոչ քեռի եմ ունեցել ազդեցիկ, ոչ փող եմ ունեցել։ Եթե նույնիսկ սխալվել եմ, դա միտումնավոր չի եղել, ամեն ինչի հիմքում ունեցել եմ իմ գաղափարը՝ դա ազգային քրիստոնեական արժեքներն են, ուժեղ պետությունն է, Արցախի ու Հայաստանի անվտանգությունն է։ Ես ինչ արել եմ, արել եմ անկեղծ ու ազնիվ։ Իհարկե, ես բազմաթիվ սխալներ ունեմ, որի համար նաև ներողություն եմ խնդրել ԱԺ ամբիոնից, ու դա PR-ի համար չի արվել, բայց այսօրվա իշխանությունը չէ իմ սխալների խոստովանահայրը։ Ամեն մեկը քննադատելուց առաջ թող իրենց աչքի գերանը տեսնեն։ Երբ ինձ նման 11 տարի պատգամավոր կլինեն ու ոչ մի տենդերի, ոչ մի անօրինականության, ոչ մի զոռբայության մեջ չեն լինի, այն ժամանակ կասեմ՝ այո։

Հիմա էլ ՀՀԿ-ն է քաղաքական դաշտը տանում սևերի ու սպիտակների դաշտ՝ հայտարարելով, որ ինքն է միակ ընդդիմությունը, և քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն Փաշինյանի թիմի և ՀՀԿ-ի միջև, մնացածը գրպանային ընդդիմություն են։ Սրանով ՀՀԿ-ն չի՞ փորձում փակել մյուս քաղաքական ուժերի ճանապարհը։

Այդ քաղաքական ուժերն են իրենց դրել այդ իրավիճակում՝ իրար հերթ չտալով քարկոծելով ՀՀԿ-ին։ Բայց իրենց կասեմ՝ տղերք, անօգուտ գործով եք զբաղված, դուք Նիկոլի վկաները չեք, որ փետը ձեռներիդ ընկել քննադատում եք նախկին իշխանություններին։ Այո, կա երկու բևեռ՝ նիկոլասերներ, նիկոլաքծնողներ, նիկոլապաշտներ, Նիկոլից վախեցողներ, և մյուս բևեռը, որոնք քննադատում են Նիկոլի քաղաքականությունը։ Այդ իմաստով, այո, Հայաստանում կա երկու անհավասար բևեռ։ Մի բևեռը Նիկոլն է և իր կամպանիան, դրանք այն կուսակցություններն են, որոնք ողջունել են, այսպես ասած, թավշյա հեղափոխությունը, և միակ ուժը, որ չի ողջունել թավշյա հեղափոխությունը և պարբերաբար քննադատել է այս վեցամսյա քաղաքական ու տնտեսական կուրսը, ՀՀԿ-ն է։ Ընդդիմությունը այն ուժն է, որը քննադատում է օրվա իշխանությունների գործունեությունը։

Բացի ՀՀԿ-ից կա՞ մեկ այլ կուսակցություն, որ ծրագրային քննադատում է Նիկոլ Փաշինյանին։ Չկա։ Ես էլ ասում եմ՝ ժողովուրդ ջան. ընտրեք կամ իրական իշխանություն Նիկոլին, կամ իրական ընդդիմություն Շարմազանովին։ Եթե Նիկոլից այդքան պաշտպանում էիք, գնայիք նրա հետ կոալիցիա կազմեիք։ Մարդիկ նախարարական պաշտոններից մեկ օր առաջ հրաժարական են տվել, հայտարարում են, թե ընդդիմություն են։ Դուք ի՞նչ ընդդիմություն։ ԱԱԾ-ով վախեցնել է եղել, ասֆալտին փռել է եղել, դատարանների վրա հոխորտանք է եղել, շինծու քրեական գործեր են եղել, ի վերջո, հոկտեմբերի 2-ին ԱԺ-ի պաշարում է եղել, ծպտուն չեք հանել։ Որտե՞ղ էիք, երբ խաթարվում էր երկրի օրենսդիր մարմնի աշխատանքը, բա խոսեիք։ Դուք ընդդիմություն չեք, դուք Նիկոլի վկաներն եք։

lragir.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով