Հիասթափեցնեմ Արարատ Միրզոյանին և նրա «շեֆին»․ մենք լինելու ենք խորհրդարանում․ Շարմազանով

«Նիկոլ Փաշինյանը հավանաբար հասկացավ, որ իր մոտ տնտեսություն զարգացնելը, երկիր կառավարելը վատ է ստացվում կամ ընդհանրապես չի ստացվում եւ որոշեց զբաղվել հարազատ գործով՝ քայլերթեր կազմակերպելով», – ԱԺ–ում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, նման կարծիք է հայտնել ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։

«Այս ամիսների ընթացքում ակնհայտ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության անդամների մոտ ավելի լավ ստացվում է քայլել եւ միտինգներ կազմակերպելը, քան տնտեսությունը զարգացնելը եւ աշխատատեղեր ստեղծելն ու ներդրումներ բերելը: Ում մոտ ինչը լավ է ստացվում,  պետք է դրանով զբաղվի։ Հավանաբար պարոն վարչապետն էլ հասկացավ, որ իր մոտ տնտեսություն զարգացնելը, երկիր կառավարելը վատ է ստացվում կամ ընդհանրապես չի ստացվում, եւ որոշեց զբաղվել հարազատ գործով՝ քայլերթեր կազմակերպելով: Հուսով եմ՝ մի օր ինքն ամբողջությամբ կզբաղվի քայլերթեր կազմակերպելով, իսկ կառավարության գործը կտա ավելի պրոֆեսիոնալ գործիչների»,–ասել է Շարմազանովը։ Հարցին՝ իսկ ՀՀԿ-ի մոտ ի՞նչն է լավ ստացվում, Շարմազանովը կարճ է պատասխանել՝ «ժամանակը բոլորի պատասխանը կտա»։

Անդրադառնալով «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հայտարարությանը, ըստ որի՝ Փաշինյանը մարզեր այցելելով վարչական ռեսուրսի չարաշահում է անում, Աժ ՀՀԿ–ական փոխխոսնակը համաձայնել է, որ Փաշինյանը չարաշահում է վարչական ռեսուրսը, խախտում է ԸՕ–ն, ինչի հետ կապված ՀՀԿ–ն հայտարարությամբ է տարածել.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այն, ինչի համար Փաշինյանը եւ նրա կառավարության անդամները քննադատում էին ՀՀԿ կառավարություններին, մենք տեսնում ենք, որ ավելի մեծ թափով՝ եւ ոչ միայն վարչական ռեսուրսի հետ կապված, իրականացնում է ինքը: ԿԸՀ-ն պիտի իրականացնի ճիշտ որոշում, որը բխում է Սահմանադրությունից: Պետք է օրենքով սահմանված կարգով հստակ գործողություններ իրականացվեն»,-ասել է Շարմազանովը։

Աժ փոխխոսնակն անդրադարձել է նաև Արարատ Միրզոյանի՝ Արմեն Աշոտյանին ուղղված հորդորին, ըստ որի՝ առաջարկում էր իր հրաշալի ճարտասանությունը, հռետորաբանությունը հարմարեցնել գրավոր տեքստին՝ նկատի ունենալով, որ վերջինս շուտով զրկվելու է խորհրդարանում ելույթ ունենալու իրավունքից, Շարմազանովն ասել է.

«Պետք է հիասթափեցնեմ Արարատ Միրզոյանին եւ նրա «շեֆին», որոնք ջանում են, որ մենք չլինենք էս պառլամենտում: Ասեմ, որ մենք լինելու ենք խորհրդարանում, որովհետեւ ունենք բազմաթիվ աջակիցներ, դրանում կհամոզվեք դեկտեմբերի 9-ին, երեկոյան, երբ տեսանկարահանեք արդյունքները»,–եզրափակեց նա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

24news.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով