«Հայկական երկու պետությունների հատվածների միջև այս տոնայնությունը պետք է շտապ իջեցնել». Քաղտեխնոլոգ

Օրերս Ալավերդիում նախընտրական քարոզարշավի ժամանակ «Իմ քայլը» դաշինքի ղեկավար, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ինքը  ՀՀ-ի միակ ղեկավարն է, ում որդին ծառայում է Արցախում: Նա նաև ասել էր, որ նույնիսկ ղարաբաղցի ղեկավարների զավակներն Արցախում չեն ծառայել և ընդհանրապես բանակում չեն ծառայել։

Ի պատասխան Ն. Փաշինյանի, Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարել էր, որ Արցախի գրեթե բոլոր ղեկավարի որդիները բանակում ծառայել են, ուստի պահանջում է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը պարզաբանի, թե կոնկրետ Արցախի որ ղեկավարի մասին է խոսքը։

Պատասխանելով Դավիթ Բաբայանին, Նիկոլ Փաշինյանը Ճամբարակում նախընտրական հանրահավաքի ժամանակ տարակուսանք էր հայտնել, որ Արցախից մեկնաբանում են իր հայտարարությունները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ընդհանրապես, վերջին օրերին լավ չեմ հասկանում ԼՂՀ իշխանությունների ներկայացուցիչների ակտիվությունը։ Այդ ինչո՞ւ են ակտիվացել, ինչո՞ւ են տարբեր մեկնաբանություններ անում, և ինչո՞ւ են փորձում որևէ ձևով խառնվել և իրենց ներկայությունը ցույց տալ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում: Ասեմ, որ շատ հարցեր ունեմ և այդ հարցերն անպայման կքննարկեմ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ: Իսկ մինչ այդ ես պարոն Սահակյանին հորդորում եմ կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին և իրենց ուղարկի իրենց աշխատանքով զբաղվելու»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

168.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կոշտ հայտարարությանը՝ նշելով, որ կան որոշակի համաձայնություններ քաղաքական գործընթացներին չխառնվելու վերաբերյալ։

«Այնուամենայնիվ, չեմ կարծում, որ Արցախի ղեկավարությունը կամ որոշ զինվորականներ, երբ հակադարձեցին, դա կոշտ էր, նրանք պարզապես հակադարձեցին կոնկրետ երևույթին։ Նրանք հակադարձեցին նաև Սասուն Միքայելյանի հայտարարությանը, ես նույնպես ուզում եմ հավատալ, որ Ս. Միքայելյանի ասածը վրիպակ էր, ինչպես այս կամ այն ձևով փորձում են բացատրել։ Չեմ կարծում, որ հետո այստեղից նման կոշտ արձագանք պետք է լիներ»,- նշեց Վ. Հակոբյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրա խոսքով՝ Արցախում բավականին ցավագին են ընդունում այն ամենը, ինչ կապված է այնտեղի տղաների ծառայության հետ, քանի որ բոլոր պաշտոնատար անձանց որդիները ծառայում են։

«Չգիտեմ մի դեպք, որ Արցախում որևէ ղեկավարի երեխա բանակում ծառայած չլինի, նրանք ոչ միայն ծառայել են, այլև եղել են առաջնագծում, օրինակ, Բակո Սահակյանի, Աշոտ Ղուլյանի որդիները և շատերի։ Արցախը բավականին փոքր է, և այնտեղ որևէ մեկը գլուխ չի գովում, թե՝ իմ որդին բանակում ծառայել է, Արցախում սա բարոյական նորմ է։ Միայն Հայաստանում կարող են նման բաներ ասել»,- ասաց քաղտեխնոլոգը։

Նրա կարծիքով՝ հայկական երկու պետությունների հատվածների միջև այս  տոնայնությունը պետք է շտապ իջեցնել, քանի որ այն անիմաստ է, և խոսակցությունը հիմքեր չունի, իսկ եթե ունի, ապա ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պետք է կոնկրետ անուններ տա, այլ ոչ թե վերածի երկու պետությունների միջև լեզվակռվի կամ բանավեճի։

Զվարթ Խաչատրյան

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով