Կոկորդիլոսաբուծարանի ստեղծման աշխատանքները սկսվել են. Մաքսայինում որոշում են՝ թռչնի՞ ձու է, կաթնասունի՞, թե՞ կոկորդիլոսի  168.am

Տարածաշրջանում առաջին կոկորդիլոսաբուծարանի ստեղծման աշխատանքներն Արարատի մարզի Դաշտավան համայնքում արդեն սկսվել են։ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ծրագիրը լիովին իրատեսական է համարում։ 168.am-ի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ այս պահին ներդրողը հողն է ձեռք բերել, ծառառունկ է իրականացնում, իսկ գարնանն ավելի ակտիվ աշխատանքները կիրականացվեն։

«Տարածքը, որտեղ կոկորդիլոսներն են բուծվելու, լինելու է զբոսայգու պես, ընտանիքներով կարող են գնալ, երեխաները կոկորդիլոսներին տեսնեն, նույնիսկ, ինչպես ներդրողն է ներկայացրել, այդ մսից կարող են համտեսել, լինելու են արագ սննդի կետեր, ռեստորաններ, ատրակցիոններ»,- ասաց մարզպետը։

Նա նշեց, որ հստակ տեղեկություն չունի, թե կոկորդիլոսի ձվերը երբ են բերվելու։ Նրա խոսքով՝ դրանց հետ կապված մաքսայինում խնդիր կար, որ պետք է պարզվեր՝ դա թռչնի՞ ձու է, կաթնասունի՞, թե՞ ինչ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գ.Սարգսյանը նկատեց, որ կոկորդիլոսներն ինկուբատորում պետք է բուծեն, և շենքային պայմանները պետք է պատրաստ լինեն. «Հստակ ժամանկացույց այս պահին չունենք, թե երբ է առաջին կոկորդիլոսը ձվից դուրս գալու, երբ է արդեն պատրաստ լինելու սպանդանոց ուղարկելու համար»։

«Ներդրողը կաշվի մշակությամբ է զբաղվելու։ Այս կոկորդիլոսը բուծվում է, հասնում ինչ-որ տարիքի և մորթվում է կաշվի համար։ Կարևոր է, որ ոչ թե բնությունից ենք կոկորդիլոսին վերցնում, միսը կամ կաշին օգտագործում, այլ ներդրողը ձվերը դրսից է բերում ու այստեղ ինկուբատորում աճեցնում։ Ինչպես մեր թռչնաբուծարաններն են, կամ մեր խոզաբուծարաններն են, նման ձևով էլ կոկորդիլոսաբուծարան է լինելու»,- հավելեց Գ.Սարգսյանը։

Հիշեցնենք, որ ներդրողը Տանզանիայից է։ Ծրագրի ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են 2017թ. վերջին, հիմնվել է «Արմոն» ՍՊԸ-ն։ Վարձակալության է վերցվել 15 հա տարածք։ Առաջիկա 1 տարում 1.5 մլն դոլարի ներդրում կարվի, իսկ հետագա 5 տարում ներդրումների ծավալները կհասնեն 10 մլն դոլարի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կոկորդիլոսի բուծման համար ներկրվելու է նեղոսյան կոկորդիլոսի 100 ձու, նախատեսվում է դրանց թիվը հասցնել 1000-ի։ Կոկորդիլոսաբուծարանի արտադրանքը արտերկրում է սպառվելու։ Միսն ամբողջությամբ կարտահանվի հիմնականում Արևելյան Ասիայի երկրներ, իսկ կաշին՝ Եվրոպա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով