«Խառն եմ, ապե». ով ինչ է սպասում ընտրություններից. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախընտրական Հայաստանի հին ավանդույթներից մեկն է հասարակության բոլոր շերտերի խիստ ներգրավվածությունը, ավելի ճիշտ՝ այդ ներգրավվածության իմիտացիան: Բոլորը «խառն են», բոլորը սպասում են ընտրությունների ավարտին, որ տեսնեն, թե ինչ է սպասվում իրենց:

Եվ եթե թեկնածուների դեպքում այդ սպասումը բնական է, ապա անբնական է, թե ինչի են սպասում մնացածները, մարդիկ, որոնք, օրինակ, որեւէ կերպ ներգրավված չեն քաղաքական ուժերի կազմում, որեւէ կերպ չեն մասնակցում ընտրություններին:

Ընտրությունների ավարտին սպասողներն, ընդ որում, բավական բազմաշերտ են: Մի մասն ունի կոնկրետ ակնկալիքներ արդյունքներից՝ պաշտոնի կամ այլ «բարիքների» տեսքով: Մյուս մասը ունի ընտրական պրոցեսներում ձայներ մոբիլիզացնելու փորձառություն եւ սպասում է, թե ինչպես է իր արհեստի պտուղները քաղելու այս անգամ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց ամենամեծ շերտը հասարակությունն է ընդհանրապես, որի սպասումները ընտրություններից ավելին են, քան բնականը:

Հենց այդ պատճառով է, որ շատերն ինչ-որ բան պայմանավորվելիս հղում են անում ընտրություններին՝ «խառն եմ, ապե», «էսա ընտրություններն անցնեն, նոր…», «մի հատ տենանք՝ էս ընտրություններին ինչ ա լինում» եւ նման կարգի այլ ձեւակերպումներով:

Խնդիրն այն է, որ հասարակության շարքեր են ներարկվում ահռելի սպասելիքներ, ընտրությունները մատուցվում են որպես փրկության դուռ: Հասարակությունն էլ, ըստ այդմ, ամեն հերթական ընտրության վերաբերում է որպես առանձնահատուկ երեւույթի, որպես դրախտի կամ դժոխքի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հասարակության չափազանցված սպասելիքները կառուցողական հուն տեղափոխելու միակ տարբերակը հստակ ծրագրային պայքարն է, երբ ինչ կլինի հետո հարցի պատասխանն ի սկզբանե պարզ է, եւ այդ հարցի պատասխանն ունենալով է քաղաքացին մտնում քվեախցիկ, ոչ թե ենթադրություններով ու իռացիոնալ ակնկալիքներով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով