Բալային համակարգի ներդրման արդյունքում վարորդը կարող է զրկվել նաև վարորդական իրավունքից.«Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վարորդի ընկեր» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանի կարծիքով, նախատեսվող բալային համակարգի ներդրումը թույլ կտա ավելի շատ կարգապահ վարորդներ ունենալ:

Նշենք, որ բալային համակարգի ներդրման արդյունքում վարորդը կարող է զրկվել նաև վարորդական իրավունքից: Խոսելով նախատեսվող համակարգի, ինչպես նաև երթևեկության մեջ առկա ներկայիս խնդիրների մասին՝ Տ. Քեյանը «Փաստի» հետ զրույցում ընդգծեց նախագծի կարևորության մասին:

«Քաղաքացիների շրջանում շատ դժգոհողներ կան, թե վարորդական իրավունքներից զրկվելու հոսք է լինելու: Բայց անպայման ուզում եմ ընդգծել, որ կարգապահ վարորդները դժվար թե ինչ-որ խնդիրների առաջ կանգնեն բալային համակարգի ներդրմամբ: Շատ կարևոր է, որ բոլորն իրազեկված լինեն, երթևեկեն ըստ օրենքի և հետագայում այլ բարդությունների առաջ չկանգնեն: Նախագծի հիմքում մարդկանց վարորդական իրավունքից զրկելու միտում դրված չէ, սա սթափեցնող նախագիծ է», – ասաց նա՝ հավելելով, որ բացի այդ, վարորդներին հնարավորություն է տրվելու քննություն հանձնել և վերականգնել բալերը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Բացի բալային համակարգի վերաբերյալ արված առաջարկներից, որոնք, ի դեպ, ընդունվել են, հ/կ-ն նաև այլ առաջարկներ է արել, որոնք վերաբերում են թե՛ ճանապարհների անհրաժեշտ վերանորոգումներին, թե՛ ճանապարհային գծանշումներին, թե՛ լուսացույցների արդիականացմանը.
«Ներկայում բոլոր համապատասխան օղակների հետ քննարկումներ են իրականացվում, որ դրանք ներառվեն նաև հաջորդ տարվա բյուջեում, և հնարավորինս ավելի բարենպաստ պայմաններ ստեղծվեն երթևեկության համար, որովհետև ասել, թե միայն բալային համակարգով երթևեկությունն անվտանգ կդառնա, սխալ կլինի: Հիմնական ուղղվածությունը ճանապարհների որակի բարելավումն է: Բալային համակարգն ինչ-որ չափով կզգոնացնի վարորդներին, բայց մենք գիտենք, որ մեքենան կարող է շարքից դուրս գալ անորակ ճանապարհների հետևանքով:

Մենք նաև մի շարք առաջարկներ ենք արել Երևանի քաղաքապետարանին՝ կապված դիտահորերի՝ դրանց բացակայության կամ սխալ տեղադրված լինելու հանգամանքի հետ: Դիտահորերը ևս վթարածին են: Այսինքն՝ մեր կողմից բարձրաձայնվում են բոլոր խնդիրները, որ մեր երկրում երթևեկությունը հնարավորինս անվտանգ կազմակերպվի»:

Տ. Քեյանը նաև շեշտեց՝ որպեսզի հասկանանք, թե ինչի դեմ ենք ուզում պայքարել, պետք է հասկանանք, թե վթարներն ինչի հետևանքով են առաջացել. «Ներկայում ունենք միայն վիճակագրական տվյալներ, որ, օրինակ, մահվան ելքով վթարների մեծ մասն արագության գերազանցման և խմածության դեպքերն են: Բայց չունենք վերլուծություն, թե արդյո՞ք դա է հանդիսացել վթարի պատճառը: Կարող է պատճառը ճանապարհի անբարենպաստ վիաճա՞կն է եղել: Փորձ է արվում նաև այդ ուղղություններով վերլուծություններ անել, որ սկսեն պայքարել այն խնդրի դեմ, որը վթար է ստեղծում»:

Անդրադառնալով նաև ՃՈ մեքենաների սակավության խնդրին՝ մեր զրուցակիցն ընդգծեց, որ այժմ ուսումնասիրվում է մի շարք երկրների փորձը՝ պարետային համակարգի ներդրման համար. «Ըստ իս՝ առաջիկայում կլինի նաև այդ համակարգի ներդրումը, ըստ որի՝ փողոցում կտեսնենք շրջիկ մեքենաների և ոստիկանների, որոնք ոչ միայն երթևեկության, այլև քաղաքացիների անվտանգությունը կապահովեն: Արդյունավետության առումով մենք ուսումնասիրություն չունենք, բայց ՃՈ-ի կողմից վստահեցնում են, որ Վրաստանի փորձն այդ առումով շատ դրական է»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով