Արա Մինասյանի հայցն ընդդեմ Արսեն Թորոսյանի վարույթ է ընդունվել

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի հայցն ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի, որով պահանջվում է անվավեր ճանաչել աշխատանքից ազատելու մասին նախարարի հրամանը, վարույթ է ընդունվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արա Մինասյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը:

«Մենք ազատման հրամանն ապօրինի ենք համարում, և դա ավելի վաղ վիճարկել էինք դատարանում, դատարանը վերադարձրել է մեր հայցը անհիմն պատճառաբանությամբ` պնդելով, որ պետք է նշվեր նաև ծանուցման հասցեն: Մենք համաձայն չենք դատարանի որոշման հետ, բայց խնդիրներից խուսափելու համար նշել ենք ծանուցման հասցեն և հայցը նորից ենք ներկայացրել, և այս դեպքում վարույթ է ընդունվել»,- ասաց նա:

Չնայած դրան՝ փաստաբանը նշեց, որ վերադարձի որոշումը բողոքարկել են Վերաքննիչ դատարանում, և դա սկզբունքային նշանակություն ունի: «Ինձ համար՝ որպես փաստաբան, անընդունելի է, որ դատարանը կարող է այդ պատճառաբանությամբ հայցը վերադարձնել, քանի որ ծանուցման հասցեն նշելը պարտադիր չէ»,- ասաց նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշենք, որ հայցով պահանջվում է, որ անվավեր ճանաչվի Արա Մինասյանին աշխատանքից ազատելու մասին նախարարի հրամանը, և Մինասյանը վերականգնվի նախկին պաշտոնում՝ որպես ԲԿ–ի տնօրեն:

Վահագն Գրիգորյանը, անդրադառնալով ներկայացված մեկ այլ դատական հայցին, որով Արսեն Թորոսյանից պահանջվում է հրապարակայնորեն ներողություն խնդրել և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները, ասաց, որ այդ հայցադիմումը ևս վարույթ է ընդունվել, և դատական նիստի օր է նշանակվել նոյեմբերի 19-ը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով