Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 2018 թ. ՀՀ պետական մրցանակի դափնեկրին

Նոյեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2018 թ. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանացած «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ դոկտոր Ջեյմս Թրուշարդին:

Հանդիպմանը «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը Նորին Սրբությանը ներկայացրեց հյուրին՝ տեղեկություններ փոխանցելով նաև պրն. Թրուշարդի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի վերաբերյալ:

Վեհափառ Հայրապետը, շնորհավորելով Ջեյմս Թրուշարդին ՀՀ պետական մրացանակին արժանանալու առիթով, մաղթեց նրան նորանոր ձեռքբերումներ և արդյունավետ գործունեություն ի նպաստ մարդկության բարօր ու ապահով կյանքի կերտման:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մասնավոր գնահատանքը հայտնեց «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության նախագահին Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնությունների համար, որոնք երիտասարդությանն ընձեռում են նոր հնարավորություններ:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելությանը հայ ժողովրդի կյանքում, մասնավորապես խոսվեց այսօր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հովանու ներքո գործող հանրակրթական դպրոցների և հայորդյաց տների գործունեության, ինչպես նաև նախանշվող նոր կրթական ծրագրերի մասին:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով