«Ալիևը համաձայնել է մինչև դեկտեմբերի 9-ը ժամանակ տալ Նիկոլ Փաշինյանին». Արմեն Աշոտյան

«Արարատ» հեռուստաընկերության «Դեմ առ դեմ» հաղորդաշարի ընթացքում անդրադառնալով Արցախի հարցին՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ բանավեճի մասնակից ԱԳ փոխնախարար, «Իմ քայլը» դաշինքի անդամ Ռուբեն Ռուբինյանն ու Նիկոլ Փաշինյանը շատ բարի տոնով են խոսում Ալիևի մասին։

«Վարչապետն Ալիևի մասին ասում էր՝ կիրթ, ղարաբաղցիներին այսօր հաթաթա է տալիս ամբիոնից, Ալիևին ասում է՝ կիրթ, հանրապետականներին թաղել է ուզում։ Դուշանբեն, որ ընդամենը վերելակում ձեռքսեղմոցի էր՝ Ռուսաստանի միջնորդությամբ… Ոչ ինստիտուցիոնալ, ոչ փաստաթղթավորված, ընդամենը աշխարհաքաղաքական որոշակի զարգացումների շրջանակներում մինչև դեկտեմբերի 9-ը Ալիևին համոզել են, որ Նիկոլ Փաշինյանին հանգիստ տա արցախաադրբեջանական շփման գծում։ Ալիևը համաձայնել է տալ ժամանակ Նիկոլ Փաշինյանին՝ այս աբսուրդ արտահերթ ընտրությունները կազմակերպելու համար։ Սա ակնհայտ ճշմարտություն է»,- հայտարարեց Արմեն Աշոտյանը։

Նա ընդգծեց, որ արցախյան հակամարտության կարգավորումը չի կարող արվել արցախցիներին նսեմացնելով. «Քարոզարշավը 4 օր է՝ սկսել է, արդեն երկու օր անընդմեջ վարչապետն ու իր թիմը Արցախի և արցախցիների հանդեպ անհարգալից վերաբերմունք են դրսևորում, արցախատյաց հայտարարություններ են անում, իրենց քաղաքական կնքահայր Լևոն Տեր-Պետրոսյանի «ղարաբաղցի-հայաստանցի» բաժանումն են ուզում վերակենդանացնել։ Ով է ՀՀ վարչապետը, որ իրենց թույլ տա՝ թեկուզ չճանաչված, բայց երկրորդ հայկական պետության նախագահի ու ղեկավարության վրա մատ թափ տա կամ ձայն բարձրացնի։ Այդ կռված տղաների վրա, որոնք այդ հողը պահում են»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի պատասխան՝ ԱԳ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ իրենք երբեք սեպ չեն խրել հայաստանցիների և արցախցիների միջև. «Ինչ վերաբերում է Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև շփումներին, դրանք շատ դրական, գործընկերային շփումներ են, խնդրում եմ, որ դուք չմիջամտեք, դա ձեր գործը չէ»։

Արմեն Աշոտյանն ընդհատեց. «Կոպտագույն սխալ գործեցիք՝ դա բոլոր հայերի գործն է»։

Ռուբինյանը շարունակեց. «Դուք ընդհանրապես գործ չունեք մեր և Արցախի իշխանությունների միջև շփումների հետ։ Ու չփորձեք ինտրիգ մտցնել այս կարևորագույն հարցում։ Դուք մտահոգված եք Հայաստանի հաջողություններով, ձեր կորուսյալ իշխանությամբ։ Ինձ թվում է՝ դուք Ադրբեջանի հանրապետական կուսակցություն եք, կամ Բելառուսի»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀԿ փոխնախագահը կոչ արեց չանցնել կոռեկտության սահմանը և ընդգծեց. «Ադրբեջանական պրոյեկտ կարելի է կոչել ձեր իշխանությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով