​Մենք, որպես մարդ, ավելի լավն ենք, քան այն, ինչ կատարվում է հիմա

Մեզ ի՞նչ է պատահել: Մենք՝ հայերս, սիրում ենք խոսել, թե ինչ խորն են մեր արմատները, բայց հաճախ ցուցաբերում ենք ապշեցուցիչ անհեռատեսություն:

Հպարտանում ենք կարծելով, թե ազնվականությունը հատուկ է մեզ, որ արտահայտվում է հյուրընկալությամբ, հանդուրժողությամբ ու մեծահոգությամբ, մինչդեռ հաճախ գործում ենք` այդ արժեքները ոտնատակ տալով, ելնելով ագահությունից և ես-ի խղճուկ պահանջներից: Եվ սիրում ենք ամբողջ ուժով ճչալ, թե ոչինչ չի կարող ճնշել մեր ստեղծագործ միտքը, նույնիսկ համատարած դժվարությունների ժամանակ, բայց շատ հաճախ անտեսում ենք, վանում կամ ոչնչացնում մեր բանիմաց, խոստումնալից արվեստագետներին:

Ահա վերջին շաբաթների ընթացքում բացահայտ և ենթադրվող սպառնալիքներով մի անախորժ արշավ է սկսվել Երևանում՝ ակնհայտ նպատակ ունենալով կործանել հենց այդպիսի մի արվեստագետի: Այս պատմությունը կարող է մեզանում շատ սովորական դարձած, նույնիսկ ձանձրալի թվալ: Ինչ-որ պետական պաշտոնյա մտքին դրել է խոշոր մշակութային հաստատության տնօրենին հեռացնել պաշտոնից, ուստի կեղծ մեղադրանքների մի շարան է ներկայացնում նրա հասցեին՝ հիմնված միայն բամբասանքների և մատնությունների վրա: Սա դավադիր մեքենայության մի օրինակ է, որ պատահում է ամեն օր աշխարհի ցանկացած վայրում, թե՛ կառավարությունում, թե՛ հանրային հաստատություններում, թե՛ բիզնեսում: Իրականում սա այնքան գերիշխող է, որ գուցե արդեն կորցրել ենք զգայունությունը դրա նկատմամբ: Սակայն այս դեպքը եզակի է դարձնում այն, որ քննարկվող պաշտոնյան Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այո՛, հենց այն հանրապետության, որն ընդամենը ամիսներ առաջ ունեցավ թավշյա, անարյուն հեղափոխություն, այն նույն հանրապետության, որի նոր կառավարությունն իր արդարության ու բազմակարծության խանդավառ հեռանկարով, թափանցիկությամբ, հաշվետվողականությամբ և, ամենակարևորը, ազնվությամբ ոգևորեց ոչ միայն հայրենիքի, այլև աշխարհասփյուռ հայ համայնքին: Այս դեպքը նույնքան եզակի է դարձնում այն իրողությունը, որ նախարարի թիրախ դարձած անձը մեր կողքին ապրող առավել բանիմաց ու նվիրյալ արվեստագետներից մեկն է, որ գրեթե առանց որևէ մեկի օգնության վերածնեց ազգային հարստությունը:

Այդ արվեստագետը Կոնստանտին Օրբելյանն է՝ Օպերայի ազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Նախարար Մակունցն այդ անմաքուր քարոզարշավն սկսել է նախարարության ֆեյսբուքյան էջի «ցնցող» հրապարակմամբ: Նա մեղադրում է Երևանի օպերային թատրոնի գործադիր աշխատակազմին թատրոնի շենքում կազմակերպվող քաղաքական քննարկումների մեջ և զգուշացնում է, որ օրենքով արգելվում է զրուցել կամ քննարկել որևէ քաղաքականություն և այդ օրենքի խախտումը ենթադրում է վարչական պատասխանատվություն: Այդ հրապարակման մեջ նա նախազգուշացնում է ոչ միայն Օպերային թատրոնին, այլև նախարարության ենթակայության տակ եղած յուրաքանչյուր թատրոնի կամ պետական հաստատության: Հիմա Լիլիթ Մակունցը ՀՀ մշակույթի՞, թե՞ վաղուց փլուզված Խորհրդային Միության պրոպագանդայի և ագիտացիայի նախարարն է:

Կարծում եմ՝ նախարարի անհիմն մեղադրանքները և սպառնալիքներն անհանգստացնող են բոլոր մակարդակներում, ոչ միայն մաեստրո Օրբելյանի և նրա աշխատակիցների առնչությամբ: Նրա «բովանդակալից» հաղորդագրությունն առավել քան հստակ է և ստալինիզմին խոնարհվելու աղաղակող օրինակ, որ բոլորին հորդորում է սուսուփուս զերծ մնալ որևէ քաղաքական տեսակետ հայտնելուց: Նա փաստացի ժողովրդավարական գործընթացներին և գաղափարներին է ձեռնոց նետում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թավշյա հեղափոխությունից հետո բարձրաստիճան պաշտոնյայի այսպիսի վարքագիծը շահագրգիռ քաղաքացուն դրդում է մտածել՝ մի՞թե խոսքի ազատությունն արդեն չեղյալ է հայտարարվել, մի՞թե վտանգի տակ է ազատ միտքը, ինչպե՞ս կարող է քաղաքականության կամ քաղաքական գործչի մասին քննարկումը «քարողչություն» որակվել: Եվ, ի վերջո, ո՞վ է ժողովրդավարության պայմաններում որոշում, թե ինչն է կարելի, ինչը՝ ոչ: Ես չգիտեմ, թե մարդ ինչքան նեղմիտ և ուղղակի անգետ պետք է լիներ (այն էլ ոչ ավելի, ոչ պակաս մշակույթի նախարարը), որ վերջին շաբաթների ընթացքում պալատական ինտրիգների այսպիսի ճղճիմ օրինակ մատուցեր: Բայց մի բան հաստատ գիտեմ՝ մշակութի համայնքը խորապես հիասթափված է նրանից: Սա վտանգավոր հետընթաց է Հայաստանում ժողովրդավարության առումով: Սա նշանակում է, որ մենք իրականում բնավ էլ բաց, ազնիվ և բազմակարծիք հասարակություն չենք:

Սա նշանակում է՝ մեզ համար կարևոր չէ, թե Օրբելյանի նման աշխարհահռչակ արվեստագետն ինչ նպաստ է բերել Երևանի օպերային թատրոնին, ինչ ջանքեր է գործադրել, որպեսզի նոր ուշագրավ բեմադրություններ ներկայացվեն Հայաստանի և համաշխարհային բեմերում, ինչքան անձնական ներդրումներ է արել, քանի որ նրան ոչինչ ավելի չի հետաքրքրում, որքան այն, որ Երևանի օպերային թատրոնը, որպես կատարողական արվեստի կենտրոն, ներկա լինի և փայլի համաշխարհային ասպարեզում: Եվ սա նշանակում է նաև, որ մենք՝ հայերս՝ բոլորս, այնքան էլ շահագրգռված չենք մեր մշակութային հաստատությունների զարգացմամբ, քանի որ, ինչպես տեսնում ենք, իշխանությունում հայտնված ցանկացած ոք իր քմահաճույքով կարող է պաշտոնից հեռացնել ինչ-որ մեկին և դա անել կառավարության լուռ համաձայնությամբ ու շարունակելով տոտալիտար անցյալի ավանդույթները, ինչից ձերբազատվելու համար մեր հայրենիքն այնքան մեծ ճիգեր գործադրեց: Ուրեմն ի՞նչ է մեզ հետ կատարվում: Հուսով եմ՝ ոչինչ: Իմ և անկասկած աշխարհով մեկ սփռված հարյուրհազարավոր հայերի անկեղծ ցանկությունն է, որոնք գնահատում են մաեստրո Օրբելյանի տաղանդն ու աշխատանքը, որ նրա դեմ, ինչպես նաև մեր խոսքի և մտքի ազատության դեմ սկսված քարոզարշավն ինչպես հարկն է մերկացվի, որպեսզի մենք՝ որպես մարդ, ևս մի առիթ ունենանք ասելու, որ մենք ավելի լավն ենք, քան այն, ինչ կատարվում է հիմա: Սոնա Համալյան

Ankakh.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով