Սամվել Մայրապետյանի առողջական վիճակը կալանավայրում կարող է վատթարանալ

Գործարար Սամվել Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանը Անկախ-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալի գործով առայժմ նորություն հայտնել չի կարող, քանի որ նախաքննությունը գաղտնի է ընթանում: «Ոչ թե տեղեկություն ունեմ ու չեմ հայտնում, այլ չեմ տիրապետում որևէ ինֆորմացիայի, մենք նույնպես սպասում ենք նախաքննական մարմնի գործողություններին»,-նշեց նա:

Փաստաբանը իր պաշտպանյալի հետ շաբաթական 1-2 անգամ հանդիպում է, պաշտպանական որոշակի գործողություններ են ընթանում, որոնց մասին, սակայն, ասել չի կարող: Նրա խոսքով՝ իրենց հետագա գործողությունները կախված են լինելու նախաքննական մարմնի գործողություններից ու որոշումներից: «Այս պահին իրավիճակը նույնն է՝ իմ պաշտպանյալն ամբողջությամբ չի ընդունում մեղադրանքը, բացի այդ, նա ունի առողջության հետ կապված լուրջ խնդիրներ, մենք կալանքի հետ առողջական վիճակի համատեղելիության հարցը բազմիցս բարձրացրել ենք, ներկայացրել ենք կոնկրետ փաստաթղթեր, այդ թվում և արտասահմանյան բժիշկների կողմից բազմաթիվ հիմքեր, որ նրա առողջական վիճակը ծանր է, այնպես որ վարույթ իրականացնող մարմինը տիրապետում է այդ բոլոր տեղեկություններին»:

Հարցին, թե ինչպես է Սամվել Մայրապետյանը հոգում առողջական խնդիրները կալանավայրում, փաստաբանն ասաց. «Մեծ դժվարությամբ: Նրա հիվանդությունը ծանր հիվանդություն է (պանկրեատիտ), նա Դրեզդենում երկարատև բուժում էր ստացել և վերադարձել Հայաստան: Այս պահին արտասահմանյան բժշկի նշանակած բուժումներն է ընդունում՝ դեղորայք, խիստ դիետա և այլն, բայց ես ինքս, կարդալով նրա վիճակի բժշկական եզրակացությունը, հասկանում եմ, որ անհնար է կալանքի պայմաններում համապատասխան բուժում ստանալ, և մտավախություն ունեմ, որ նրա վիճակը կբարդանա»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ գործարար Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը)։ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, որ գործարարի անվան հետ կապված քրեական գործը վերաբերում է 2008 թվականին: Գործարարի պաշտպան Կարեն Բատիկյանը հայտարարում է՝ քրեական գործը մարտի 1-ի գործի հետ որևէ կապ չունի:

Ankakh.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով