Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին Արթուր Դավթյանի ներկայությունը պատահական չէր. ուշագրավ դրվագները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում երեկ տեղի ունեցավ մարտի 1-ի գործի շրջանակներում սահմանադրական կարգը 2008թ. տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերցնելու բողոքի քննությունը։ Երեկ այս կապակցությամբ դատարանը որեւէ որոշում չկայացրեց, այլ դատական նիստը երեկ ընդմիջվեց եւ կշարունակվի արդեն այսօր:

Այս դատաքննությունը բավական ուշագրավ պայմաններում է անցնում. դատարանում որպես մեղադրող կողմ ներկա է գտնվել անձամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Ընդ որում, նա բավական ակտիվ է եղել՝ ներկայացնելով Քոչարյանին կրկին կալանավորելու որոշման օգտին փաստարկներ:

Թերթի հետ զրույցում իրավապահ համակարգի հնաբնակները դժվարացան հիշել մի դեպք, երբ գլխավոր դատախազն անձամբ մասնակցի որեւէ մեղադրյալի խափանման միջոցի վերաբերյալ դատաքննությանը. անգամ հոկտեմբերի 27-ի գործով մեղադրյալների դեպքում այդպես չի եղել:

Արթուր Դավթյանի ներկայությունը պատահական չէ. ի վերջո, Քոչարյանի գործը նաեւ քաղաքական ենթատեքստ ունի. գործ ունենք ՀՀ երկրորդ նախագահին կալանավորելու հարցի հետ, ընդ որում՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքի շրջանակներում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Եվ հիմա իրավապահ ողջ համակարգը լծվել է գործին, իշխանությունները լրացուցիչ զգոնություն են դրսեւորում, որպեսզի որոշման հիմքերն առավել քան հիմնավորված լինեն, այլապես դա հնարավորություն կտա Քոչարյանի փաստաբաններին ՄԻԵԴ-ում բողոքարկելու` կատարվածը ներկայացնելով որպես քաղաքական հետապնդում:

Մեկ փաստ էլ. այս գործով դատավորը Ռուբեն Մխիթարյանն է: Նա դատավոր է նշանակվել 2013թ. սկզբին` պաշտոնավարելով Արարատի եւ Վայոց ձորի մարզերում, ասել է թե` Քոչարյանի իշխանավարման օրոք չի պաշտոնավարել: Այնպես որ, Մխիթարյանը որպես դատավոր մասնակցություն չի ունեցել 2008թ. մարտի 1-ի քաղբանտարկյալների գործերին:

Մինչդեռ նախորդ անգամ վերաքննիչ դատարանում, երբ կալանքից ազատ արձակվեց Քոչարյանը, այդ գործը քննող դատավոր Ալեքսանդր Ազարյանը եղել է քաղբանտարկյալների դեմ անարդարացի դատավճիռներ արձակողներից մեկը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով