«Պետությունը միշտ կեղծ դեղեր է տրամադրել բնակչությանը»․ՀՀԿ-ական պատգամավորի սկանդալային հայտարարությունը

Այսօր ԱԺ-ում առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը՝ Թունելի Հակոբը, հերթական ուշագրավ հայտարարությունն արեց: Նա փաստացիորեն հայտարարեց, որ պետությունը միշտ կեղծ դեղեր է գնել ու առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանից ճշտեց՝ այս տարի գնելու են, թե՞ ոչ:

Հակոբ Հակոբյանի խոսքով՝ «Մենք միշտ նման քննարկումների ժամանակ կեղծ եւ ժամկետանց դեղերի հատկացումների հարցն ենք քննարկել, դա վերացե՞լ է, թե՞ չի վերացել»:

Արսեն Թորոսյանը պատասխանեց, որ այդ հարցը օրակարգում է, բայց կեղծ դեղերի հարցով պետք է զբաղվեն մի շարք այլ գերատեսչություններ՝ սկսած մաքսայինից, մինչեւ դեղերի փորձագիտական կենտրոնը, օպերատիվ ինֆորմացիայի վրա ընթացիկ ստուգումներով զբաղվող առողջապահության պետական տեսչությունը.

«Մենք այս պահին սպառնացող, ահագնացող վիճակ չունենք: Դեղերի մեծ մասը, ՀՀ ներկրվող, պատշաճ փորձաքննություն է անցնում եւ ներկրվում»: Հակոբ Հակոբյանն արձագանքեց. «Էդ որ բողոքներ չունեք կեղծ դեղերի հետ կապված դա լավ է, բայց որ կեղծ դեղերի համար ՀՀ պետական բյուջեից փող է վճարվում, սա հստակ կապ ունի պետբյուջեի հետ»:

Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Պետական փողերով կեղծ դեղեր գնելը ուղիղ մեղադրանք է մեզ ու եթե նման տեղեկություն ունեք՝ հայտնեք: Պետության կողմից գնվող դեղերի մեջ կեղծ չկա ու չի կարող լինել: Պետությունը կեղծ դեղ չի գնում ու չի տալիս ոչ մեկին, ինչքան էլ որ դուք դրա մասին ասեք»: Հակոբ Հակոբյանն էլ վերահաստատեց իր ասածը.

«Պետությունը միշտ գումարներ է տրամադրել դեղերով սպասարկելու հասարակությանը, որոնց մեջ եղել են կեղծ դեղեր: Դուք մնացեք ձեր կարծիքին»: Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանը ՀՀԿ-ի իշխանության ժամանակ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահն է եղել՝ սկսած 2008-ից, իսկ ԱԺ-ն վերահսկող մարմին է գործադիրի աշխատանքի:

arm-life.ru

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով