Դուք վիկինգների նման շարունակեք «դըմփ-դըմփ-հու»-ն, բայց նրանց նման մի՛ վախեցեք հրաբխի ձայներից, ձեզ զգացեք լիարժեք իշխանություն, միայն թե «տեսարաններից» դուրս տեսեք իրականությունը, քանի որ անշեղորեն, բացվող ամեն օրվա հետ դուք դրան ավելի ու ավելի եք առերեսվելու

ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Farmanyan Samvel

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չի կարողանում ինքն իրեն լիարժեք իշխանություն զգալ։ Զոռով չէ՝ Նիկոլը չի կարողանում իրեն Հայաստանի բոլոր քաղաքացիների առաջնորդը զգալ։ Վստահ եմ, որ այդպես չի զգալու անգամ առաջիկա ընտրություններում հյուսիսկորեական չափումներով համոզիչ հաղթանակ տանելուց հետո։ Այդպես չի զգալու, անգամ եթե Հայաստանում ապրեին միայն ինքն ու իր ընտանիքը։ Դա խառնվածքի հարց է։ Դա պատասխանատվության զգացումի կամ դրա բացակայության հարց է։ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը պետք են «թշնամիներ»։ Իր ընկալմամբ՝ չկա «թշնամի», չի լինի նաև իր իշխանությունը, որին այդքան ձգտել է։ Այսօր ու երեկ դա ՀՀԿ-ն էր ու իր երեկվա դաշնակիցները, վաղը կլինեն իր այսօրվա դաշնակիցներն ու վաղվա թիմակիցները և այդպես շարունակ։

Վարչապետ Փաշինյանը վաղուց հասկացել է՝ չի կարողանալու մեր հանրությանը ապահովել «հացով», ժանրի անտիկ կանոններով մնում է կերակրել «տեսարաններով»։ Քաղաքականության ու պետական իշխանության մասին իր իմացածը դա է՝ տեսարաններ, զգացմունքներ, հույզեր, մանիպուլյացիա, մի խոսքով, ամեն ինչ, բացի այն ամենից, որտեղ կա միտք, որտեղ կա ռացիոնալիզմ, որտեղ կա պատասխանավություն։

Այսօր, արձակուրդ մեկնած վարչապետի «չիմացությամբ» կայծակնային արագությամբ երկու լուր տարածվեց՝ Սուրբ Աթոռում ՀՀ-ի դեսպան Միքայել Մինասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ նրա հոր՝ առողջապահական գործի փորձառու կազմակերպիչ, պրոֆեսոր Արա Մինասյանին առաջադրվել է մեղադրանք, հայտարարվել է հետախուզում, կայացվել է կալանավորման միջնորդությամբ դատարան դիմելու որոշում։ Մնում է այս երկու լուրերը դնել մի փաթեթում, ավելացնել ավանդական «դըմփ-դըմփ-հու»-ն ու հերթական, արդեն՝ նախընտրական վառ տեսարանը պատրաստ է հանրային մատուցման։ Կասկածու՞մ եք, որ վարչապետ Փաշինյանը այս ամենից տեղյակ չէ։ Չէ՞, որ նա արձակուրդում է։

Տեսարաններից դուրս, սակայն, իրականությունն է, իրական կյանքն է՝ իր համառ, բնական ու օրինաչափ ընթացքով, որտեղ պետական իշխանությունից հանրության սպասելիքը պատասխանատվությունն է, գործն ու արդյունքն են։ Որքա՞ն անմեղսունակ, որքա՞ն անպատասխանատու կարող է գտնվել իշխանությունը, որ չհասկանա, որ առանց շնորհակալություն հայտնելու ՀՀ-ի անկախության պատմության ամենաարդյունավետ դեսպաններից մեկին աշխատանքից ազատելը, ինչի հիմնավորումը անգամ անհրաժեշտություն չունի, չի կարող ստվերել կամ չեղարկել արտաքին քաղաքականության ճակատում թափ հավաքող կատարյալ ձախողումների մահաբեր ձնագնդին, ինչն, էլի քաղաքականության ու կյանքի բնական օրենքներով, մի օր իր ողջ հասակով ու պերճանքով դեմ առ դեմ կանգնելու է այդ նույն իշխանությանը և հաշիվ է պահանջելու։ Հաշիվ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ո՛չ վճարելու հնարավորություն է ունենալու ու ո՛չ էլ քաջություն՝ ստանձնելու պատասխանատվություն, էլի փորձելով փախչել իրականությունից, բայց արդեն առանց տեսարանների, որովհետև արտաքին աշխարհին այդ տեսարանները բան չեն ասելու։

Պրոֆեսոր Արա Մինասյանին, առողջապահական գործի վաստակավոր կազմակերպչին, ևս կարելի է առանց շնորհակալություն հայտնելու ազատել աշխատանքից, մեղադրանք առաջադրել, հետախուզում հայտարարել, կալանավորել, անգամ հին աշխարհի օրենքներով օստրակիզմի ենթարկել, բայց այդ ամենից դուրս էլի իրականությունն է, որտեղ առողջապահական համակարգում կատարյալ քաոս է, բարձիթողի իրավիճակ, որտեղ մի ողջ համակարգ, իր հարյուրավոր երախտավորներով, հազարավոր սպասավորներով ու հարյուրհազարավոր սպառողներով, «գրավադրված» են իր արարքներով ու վարքագծով ֆոնվիզինյան անմեղսունակի կատարյալ կերպարը հիշեցնող նախարարացուի հիվանդագին մտասևեռումներին։

Վերջում, պարոնա՛յք, տեսարաններ կազմակերպեք, որքան ուզում եք։ Արեք այն, ինչ ուզում եք։ Չմոռանաք ամեն մի տեսարանը համեմել ավանդական «դըմփ-դըմփ-հու»-ի հետ։ Բայց նաև իմացեք, քանի որ դուք իմացության պակաս ունեք, որ իսլանդացիների նախահայր վիկինգների մոտ այդ վանկարկությունը առաջացել է պայթող հրաբուխների արձակած ձայներից ունեցած բնական վախից՝ վիկինգների նախնիները այդ կերպ փորձում էին կոտրել սեփական անհատական ու խմբակային վախը։ Դուք վիկինգների նման շարունակեք «դըմփ-դըմփ-հու»-ն, բայց նրանց նման մի՛ վախեցեք հրաբխի ձայներից, ձեզ զգացեք լիարժեք իշխանություն, միայն թե «տեսարաններից» դուրս տեսեք իրականությունը, քանի որ անշեղորեն, բացվող ամեն օրվա հետ դուք դրան ավելի ու ավելի եք առերեսվելու։

Հ․Գ․ Հետաքրքիր է, հանրապետական ու ոչ այդքան հանրապետական որոշ գործընկերներ, արդեն հասցրե՞լ են պատերի տակ ապրիլյան իշխանափոխության նոր «կազմակերպիչներ» ու «դավադիրներ» նշանակել, որ ֆեյսբուքյան ասեկոսեներից սարսափող իշխանությունը հիմա էլ իր ողջ ուժերով հարձակման անցնի ու նոր զոհին հոշոտի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով