Որպեսզի ակնարկս չընկալվի որպես անդրադարձ Արսեն Խառատյանին, ասեմ հետևյալը. պարոնա՛յք նոր իշանության ներկայացուցիչներ, լրջանալու պահն է, դուք այլևս հասարակական ակտիվիստներ չեք:

ԱԺ նախկին պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը Facebook-յան իր էջում գրառում է կատարել.

«Մինչև կգա արդյունքների ամփոփման իրական ժամանակը

Ասում են, որ տաղանդավոր դիլետանտներից վատ միայն անտաղանդ պրոֆեսիոնալներն են: Այսօր մեր քաղաքական դաշտում այս ասույթը սկսել է աչք ծակել, և ամենայն հավանականությամբ, դեռ որոշ ժամանակ տաղանդավոր դիլետանտներն ու անտաղանդ պրոֆեսիոնալները գործ անելու փոխարեն կշարունակեն ժխտել, մերժել, քննադատել, նախկինը սևացնել ու ինքնագոհ առաջ շարժվել, մինչև կգա արդյունքների ամփոփման իրական ժամանակը:

Դատելով արձագանքներից, արտաքին քաղաքականության և մի շարք այլ հարցերի շուրջ Վիգեն Սարգսյանի հրապարակային դիտարկումները կարծես ցավոտ մտրակ էր: Այն որակվեց իբրև ռևիզիոնիզմ, ինչը նշանակում է, որ ո՛չ միայն չի հասկացվել հրապարակային խոսքի իմաստը, այլ նաև թե ի՞նչ է նշանակում ռևիզիոնիզմ:

Արտաքին հարաբերությունների հարցերով հյուրախաղերի ժամանած և Հայաստանի Հանրապետության վարչապետի կարճատև խորհրդականը հանդիսացած մարդը, ով Հայաստանի արտաքին քաղաքականության հետ գրեթե կապ չունի, որոշել էր իր «պրոֆեսիոնալ» խոսքը ասել, ավելի շատ արդարացնելով ԱՄՆ-ին ու նրա շահերը: Պարոնա՛յք, ԱՄՆ-ը առանց ձեզ էլ հստակ պատկերացնում է, թե ի՞նչ և ինչպե՞ս է ցանկանում իրականացնել: Դուք մեր երկրի շահերի համար մտածեք, մեր երկրի անվտանգության ու նրա արտաքին բաղադրիչի մասին մտածեք:

Առնվազն վերջին տասը տարիներին Հայաստանի արտաքին հարաբերություններն այն ոլորտներից մեկն է եղել, որտեղ իրականացված քաղաքականությունը ոչ միայն հարցեր չի առաջացրել, այլ իր տեսակով ու սպեցիֆիկայով ապահովել է Հայաստանի համար լավագույն լուծումներն ու հեռանկարները:

Նախկին խորհրդականը մոռացել է, որ իշխանափոխությունից հետո, ոչ թե նախորդ իշխանությունների արտաքին քաղաքականությունը փոխվեց, այլ հակառակը՝ նոր իշխանություններն իրենց նախկինում հռչակած արտաքին քաղաքական մոտեցումները փոխեցին, այն հարմարեցնելով նախկին իշխանությունների վարած արտաքին քաղաքականության կուրսին: Որովհետև վարչապետ Փաշինյանը շատ արագ հասկացավ, որ պետության արտաքին քաղաքականությունը պոպուլիզմ չի սիրում, և Հայաստանի շահերն էլ պահանջում են անել այն, ինչ արել են նախկին իշխանությունները: Եվ հիմա բոլոր գործընկերներին պետք է կարողանան ապացուցել, որ դրանում անկեղծ են ու հաստատակամ:

Խառատյանն իր պարզունակ դիլետանտական տաղանդով ու «պրոֆեսիոնալի» մուշտակով այնպես է մեկնաբանում եղելությունները, կարծես թե ԱՄՆ-ն արդեն հայտարարել է, որ պատրաստ է ճանաչել Արցախի անկախության փաստն ու Հայոց ցեղասպանությունը, կամ Ռուսաստանի Դաշնությունը ռազմատեխնիկական հերթական մեծ պայմանագիրն է առաջարկել Հայաստանին, կամ էլ Հնդկաստանն ու Չինաստանը, ոգևորվելով Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության վեհ գաղափարներից, սպառազինության ու տեխնիկայի մարդասիրական ակցիա են իրականացնելու հատուկ Հայաստանի նոր իշխանությունների համար: Իմիջայլոց, նշեմ, որ և՛ Չինաստանի, և՛ Հնդկաստանի (և՛ ոչ միայն) հետ նախորդ իշխանություններն են հիմքեր դրել ռազմատեխնիկական համագործակցության համար:

Բոլթոնի այցով և մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով պայմանավորված, մենք զգուշացնում ենք, որ առաջիկա զարգացումներում պետք է խիստ հաշվենկատ լինել, և չներքաշվել մեծ հակասությունների դաշտ: Որպես պատասխան ասում եք, թե ինչ է խոսվել 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների մասին: Խոսում եք Հազարամյակի մարտահրավերների կորպորացիայի ծրագրից դուրս գալու մասին, Մելլաթ բանկի փակման մասին և այլն:

Որպեսզի ակնարկս չընկալվի որպես անդրադարձ Արսեն Խառատյանին, ասեմ հետևյալը. պարոնա՛յք նոր իշանության ներկայացուցիչներ, լրջանալու պահն է, դուք այլևս հասարակական ակտիվիստներ չեք: Մենք մեր սխալներն ու թերությունները ձեզանից լավ գիտենք: Իսկ ձեզ քննադատում ենք, որ դրանից հետևություններ անեք, որ չսխալվեք այնտեղ, որտեղ մենք հաջողել ենք, որ ձեր անփորձությունն ու անպատասխանատվությունը գոնե արտաքին քաղաքականության ու անվտանգության ոլորտում չբերի մեծ պրոբլեմների:

Խոսում եք Հայաստան-Թուրքիա արձանագրությունների մասին, առանց գիտակցելու, որ այդ գործընթացն առավելագույնս ծառայեցվեց տարբեր հարցերում Հայաստանի շահերն առաջ տանելու համար՝ և՛ արցախյան հարցում, և՛ ցեղասպանության ճանաչման հարցում, և միջազգային հեղինակության ու գործընկերության նոր մակարդակների ապահովման հարցերում:

Տարօրինակ է նաև այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, իսկ իր նախկին խորհրդականը քննադատում է ԵԱՏՄ մտնելու ՀՀ որոշումը՝ նշելով որ իբրև թե դրա արդյունքում կրճատվել է ամերիկյան ֆինանսական աջակցությունը, ազատ առևտրի պայմանագիր ունենալը և պետական դրամաշնորհները:

Պարոնա՛յք, ԵԱՏՄ մտնելու Հայաստանի որոշումը, սկզբնական շրջանում մեր արտաքին մի շարք գործընկերների համար իհարկե անցանկալի է երևացել, մեկնաբանվել որպես կամ պարադիգմում կատարված ընտրություն, բայց Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովն ապացուցեց բոլորովին այլ բան և Հայաստանը վերահաստատեց իր տեղը եվրոպական համագործակցության համակարգում: Եթե Հայաստանի հետ կապված միջազգայնորեն «աննախադեպ» որևէ բան կա, հավատացեք դա կատարված իշխանափոխությունը չէ, այլ «կամ-կամ»-ը «և-և»-ով փոխարինելու բացառիկ կարողությունը: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը նոր իշխանություններին է փոխանցել կնքված, ստորագրված և վավերացված ԵՄ-ՀՀ ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը, որն ըստ շշուկների (հուսամ, որ կառավարության մեր աղբյուրները չափազանցնում են) նոր կառավարության համար կարծես թե «չինական հիորոգրիֆներ» լինի և տղերքը չգիտեն, թե ինչ պետք է անեն (իհարկե խոսքը ԱԳՆ մասին չէ):

Ինչ վերաբերում է 1000 դրամով բանակը պահելու դիտարկմանը, ապա «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» մասին նման կերպ արտահայտվող և զինվորական ծառայություն չտեսած Արսեն Խառատյանին, որպես առաջնագծում ծառայած գումարտակի նախկին հրամանատար ասեմ, որ այդ հարցով դուք լավ կանեք չխոսեք: Իսկ խոսելուց առաջ, գոնե հարցրեք հիմնադրամի շահառու ընտանիքներին ու պաշտպանության նախարարության ներկայիս ղեկավարությանը: Նրանք էլ կարծում եմ, ձեզ կասեն, որ ճիշտը ձեր լռելն է:

Իսկ սպառազինությունների դիվերսիֆիկացման շուրջ ձեր պատկերացումների մասին կարող եք խորհրդակցել զինված ուժերի ցանկացած ստորաբաժանման ցանկացած սերժանտի հետ: Հաստատ ձեզ օգտակար խորհուրդներ կտան, որպեսզի ավելի լավ հասկանաք, թե ի՞նչ է նշանակում Զինված Ուժերը», — գրել է Արտակ Զաքարյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով