Ովքե՞ր են Շիրակի մարզի ռեյտինգային թեկնածուները. լարված իրավիճակ է բոլոր կուսակցություններում factor.am

Թիվ 11 ընտրատարածքում՝ Շիրակի մարզում, արդեն հայտնի են ռեյտինգային թեկնածուների անունները: Սակայն, այստեղ կրքերը լարված են, մտահոգված են թե՛ իշխանական, թե՛ ոչ իշխանական թեկնածուները:

Factor.am-ին հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  ռեյտինգային ցուցակով առաջադրվելու են Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, մարզպետի տեղակալներ Արա Մելիքջանյանը եւ Սոֆիա Հովսեփյանը: Factor.am-ը տեղեկացավ, որ լարված են մարզպետի եւ Սոֆիա Հովսեփյանի հարաբերությունները, տպավորություն է, որ նրանք ինչ-որ կիսելու բան ունեն, որի շուրջ համաձայնության չեն կարողանում գալ:

Այս իրավիճակին զուգահեռ էլ մարզպետը ցանկանում է ռեյտինգային ընտրակարգով լուրջ ձայներ ստանալ, որպեսզի Նիկոլ Փաշինյանին ցույց տա, որ արժանի է շարունակել ղեկավարել որպես մարզպետ: ՔՊ-ի ցուցակում լինելու են նաեւ մարզպետի օգնականներ Էմմա Պալյանը եւ Սերգեյ Տոնոյանը, խորհրդականներից՝ Նազելի Բաղդասարյանը: Ի դեպ, վերջինս 2017 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ զբաղված էր ՀՅԴ-ականների փիառով: Ցուցակում լինելու է նաեւ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Նաջարյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Factor.am-ն արդեն տեղեկացրել է, որ Շիրակի մարզից ՔՊ ցուցակով առաջադրվելու է նաեւ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: «Բարգավաճ  Հայաստան» կուսկացութունից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու են պատգամավորներ Վարդեւան Գրիգորյանը եւ Վարդան Ղուկասյանը: Ցուցակում թեեւ կլինեն այլ ԲՀԿ-ականներ եւս, բայց հիմնական քվեներ ապահովողը այս երկուսն են լինելու: Գյումրու անկուսակցական քաղաքապետ, ՀՀԿ-ի օգնությամբ ընտրված Սամվել Բալասանյանն էլ, Factor.am-ի տեղեկություններով, սատարելու է Ֆելիքս Ցոլակյանին: Ի դեպ, նշենք, որ 2017 թվականի ընտրությունների ժամանակ Բալասանյանը փորձում էր Չինաստանում կրթված որդուն՝ Խաչիկ Բալասանյանին առաջադրել ՀՀԿ-ի ցուցակով, սակայն չստացվեց:

Շիրակի մարզում անորոշ է ՀՀԿ-ականների վիճակը: Այս պահի դրությամբ առաջադրվելու միակ ցանկություն հայտնողը մարզային կառույցի ղեկավար, սկանդալների կենտրոնում հայտնված Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանն է: Առաջադրվելու ցանկություն չունի նախկին պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Մարզի ՀՀԿ-ական գյուղապետերն էլ չեն ցանկանում տեղի ռեյտինգային  թեկնածուների համար ձայներ ապահովել: ՀՀԿ-ի ցուցակով ընտրված, բայց մանդատը վերցնելուց հետո ՀՀԿ խմբակցության հետ համագործակցությունը դադարեցրած նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը եւս փաստի առաջ է կանգնած: Նա ցանկանում է առաջադրվել, բայց տարբերակ չկա: Բանն այն է, որ ՔՊ-ից նրան մերժել են, իսկ ՀՀԿ-ի հետ կապված էլ Գրիգորյանը մեծ հույսեր չի կապում: Նախորդ ընտրություններում ՀՀԿ-ի ցուցակով առաջադրված Արման Սահակյանը՝ Միքայել Մինասյանի ընկերը, որոշել է, որ այս ընտրություններին չի առաջադրվելու:

Անկառավարելի իրավիճակ է ստեղծվել Շիրակի ՀՅԴ-ականների մոտ: Թիվ 11 ընտրատարածքից  ցանկանում է առաջադրվել  պատգամավոր Ռոմիկ Մանուկյանը, բայց ՀՅԴ-ականները լեզու չեն գտնում: Մասնավորապես, Factor.am-ը տեղեկացավ, որ նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանի եւ Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանի միջեւ տարաձայնություններ են եղել, Ռոմիկ Մանուկյանին չեն ցանկանում օգնել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայկ Վարդանյան


Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով