Նիկոլ Փաշինյանը խորամանկություն է արել. Արմեն Աշոտյան

ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում «ցինիկ» որակեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե երկրում 800 հազար մարդ ապրում է 350 հազար աշխատող մարդկանց հաշվին:

«Իր ամենացինիկ հայտարարությունը վերջին շաբաթների ընթացքում, որն անգամ մոլի երկրպագուներն են քննադատում, այն էր, որ երկրում կա 800 հազար պորտաբույծ: Կամ այդ մարդը նոր է հասկացել, թե ինչ գործի է անցել, այդ դեպքում վատ է, որ վեց ամիս խաբել է բոլորին, մոլորեցրել է: Դու չես կարող հավակնել մի պաշտոնի, եթե տեսականորեն այդ գիտելիքները չունես: Ապրի ինքը, որ կարողացել է մարդկանց մեջ որոշակի հույսեր արթնացնել, բայց ինքը նզովքի կենթարկվի, եթե այս հույսերը գահավիժեն»,- ասաց նա:

Աշոտյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը խորամանկություն է արել, վերջին վեց ամիսներին ոչ մի խնդիր չի լուծվել: «Խեղճ ժողովուրդը հոգնած լինելով և իշխանություններից, և պրոբլեմներից, և ամեն ինչից՝ մտածում էր, որ կա փրկիչ: Փրկիչ չկա, որովհետև փրկիչը մի անգամ եկել է, գնացել է, ով իրեն հավատում է, փրկվում է, ով չէ, չէ: Բայց դա քաղաքականության հետ կապ չունի: Մնացած ամեն ինչը խորամանակություն է»,- նշեց նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ Աշոտյանի՝ եթե վարչապետն իրոք ուզում է լավ ընտրություններ, նա պարտավոր է օր առաջ հղումներ տալ բոլոր այն մարդկանց, ովքեր կարծում են, որ այս ընտրությունները պետք է նմանվեն բռնցքամարտի:

«Մենք բռնցքամարտից չենք վախենում, բայց բռնցքամարտում մեկը մեկի հետ է պայքարում, ոչ թե հազարը մեկի: Եթե հազարը մեկի վրա է, դա արդեն խուժան կռիվ է: Եթե մենք ուզում ենք խուժան կռիվ, ապա խուժան կռվի հիման վրա կունենանք խուժան խորհրդարան, այստեղից բխող բոլոր բացասական հետևանքներով»,- նշեց նա:

Արմեն Աշոտյանը նաև հավելեց, որ չի բացառում, որ ընտրություններից հետո գուցե խորհրդարանում արդեն ունեցած ուժերի բաշխվածության հիման վրա առաջարկեն ստվերային կառավարության օրինակ, այլընտրանքային քաղաքական նախագծեր, օրինակ, այլընտրանքային բյուջե:

«Ընդդիմությունը պետք է ստեղծի պրոդուկտ, այդ պրոդուկտը պետք է հակակշռի իշխանությանը: Այս դահլիճում կառավարությանն աշխատացնող մարդիկ են պետք, որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ ես, Էդիկը, Վիգենը, Արփինեն, Վահրամը այդ մարդկանց աշխատացնելու ենք մեր քննադատությամբ ու գիտելիքով: Կա՞ մեզանից ավելի պատրաստ մարդ»,- հարցադրում արեց նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

lragir.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով