«ՀՀԿ-ն ապագա խորհրդարանում միանշանակ կունենա ներկայություն՝ իշխանական, թե ընդդիմադիր, թող ժողովուրդը որոշի». Էդուարդ Շարմազանով

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

— Պարո՛ն Շարմազանով, խորհրդարանը նախօրեին իրավունքի ուժով արձակվեց։ Ի՞նչ տպավորություններ ունեք, կա՞ ափսոսանք, թե՞ ոչ։

— Թե ես ի՛նչ տպավորություններ ունեմ, կարծում եմ՝ Ազգային ժողովում 10 րոպեանոց իմ ելույթում հնարավորինս ձևակերպեցի և՛ վարչապետ Փաշինյանի կառավարության գործունեության վերաբերյալ, և՛ իմ քննադատությունը հնչեցրի արտաքին ու ներքին քաղաքականության վերաբերյալ, թե տնտեսական քաղաքականության հետ կապված։

Ավելին, եզրափակիչ ելույթում Նիկոլ Փաշինյանի պարզաբանումները, գնահատականներն ու պատասխանները չբավարարեցին, որովհետև հիմնազուրկ էին, և որևէ հարցի Փաշինյանը ամբողջական գնահատական չտվեց՝ սկսած անվտանգության հետ կապված, արդյոք ՀԱՊԿ-ում Հայաստանը շարունակելո՞ւ է զբաղեցնել գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչև ժամկետի ավարտը, թե՞ ոչ։ Երկրորդ՝ Ալավերդու գործարանի հետ կապված, երրորդ՝ խոշոր և մանր եղջերավորների հետ կապված:

Սա Նիկոլ Փաշինյանի՝ որպես քաղաքական գործչի մանիպուլյատիվ հմտություններից մեկն է. այն հարցերին, որոնց պատասխանը նա չունի, որոնց դեպքում շահեկան վիճակում չէ, ձեռքի հետ կիսահումորային շրջանցում է։ Այն հանգամանքը, որ նա իմ որևէ հարցի հստակ և ամբողջական չպատասխանեց, նշանակում է, որ իմ հարցադրումները ավելի քան օբյեկտիվ էին, և քննադատությունն էլ միգուցե լուռ, բայց, այնուամենայնիվ, վարչապետի համար, հուսով եմ՝ ընկալելի և ընդունելի էր։

— Իսկ ափսոսանք չկա՞ր, որ այսքան կարճ կյանք ունեցավ խորհրդարանը։

— Չէ, ի՞նչ ափսոսանք։ Ես մինչև վերջին օրն աշխատելու եմ հանուն Հայաստանի Հանրապետության։ Կարելի է 20 տարում ոչինչ չանել և կարելի է 6 ամսում ամեն ինչ անել։ Համենայնդեպս, այն օրից, երբ ստացել եմ պատգամավորի, ապա նաև՝ ԱԺ նախագահի մանդատը, չի եղել ոչ մի օր, որ ես կարող եմ ասել՝ ոչ արդյունավետ եմ օգտագործել։ Ես ասացի, որ հայը միշտ պետք է հաղթի, և խոսքս ներքին հակառակորդների մասին չէր։ Խոսքը տեսակի, հայի տեսակի, քրիստոնյա տեսակի մասին է։

Բնականաբար, ոչ մի իշխանություն միայնակ, առանց ընդդիմության աջակցության և առանց մեր պայքարի չի կարող արդյունք ունենալ։ Ինչ վերաբերում է ափսոսանքին, ապա նախ՝ ես որևէ տեղ չեմ հեռանում, որ ափսոսամ։ Ես կարծում եմ, որ մենք պետք է լինենք հաջորդ գումարման Ազգային ժողովում։

Իմ ելույթը երախտիքի խոսք էր թե՛ իմ քաղաքական կողմնակիցներին, թե՛ քաղաքական ընդդիմախոսներին, որ հնարավորինս աշխատել են։ Դա պետք է լինի ոչ միայն զուտ կոռեկտության դրսևորում, այլ քաղաքական մշակույթ, երբ այս կամ այն պաշտոնյան ավարտում է իր այս կամ այն ժամանակաշրջանի փուլը և հրապարակավ իր գործընկերներին, այդ թվում՝ նրանց, որոնց հետ ունի քաղաքական լուրջ տարաձայնություններ, շնորհակալություն հայտնի։

Այնպես չէ, որ եթե շնորհակալություն ենք հայտնում Փաշինյանին, ուրեմն նույն կարծիքին ենք։ Ես ունեմ հունական ծագում, իսկ հին հույներն ասում էին՝ ճշմարտությունը երևում է բանավեճի մեջ։ Ես կոռեկտ քաղաքական բանավեճի կողմնակից եմ և որևէ մի տեղ նահանջելու, հեռանալու մտադրություն չունեմ։

Չգիտեմ՝ ով՝ ոնց, բայց ես շարունակելու եմ մնալ քաղաքականության մեջ, շարունակելու եմ պայքարել իմ սկզբունքների ու գաղափարների համար։ Ես ուզում եմ, որ իմ երեխաները, մեր ազգի բոլոր երեխաներն ապրեն ավելի ապահով, ավելի անվտանգ, ավելի ժողովրդավար, ավելի ազգային ու քրիստոնյա Հայաստանում։ Իսկ դրա համար ամեն մեկս պետք է մեր բեռը ուրիշի վզին չդնի։ Մենք պետք է մեր գործը նորմալ, պատշաճ ձևով իրականացնենք։

— Երբ ասում եք՝ չեք հեռանում, ակնկալում եք, որ ՀՀԿ-ն կունենա՞ ներկայություն հաջորդ խորհրդարանում որպես ընդդիմադիր։

— Միանգամից պետք չի ասել՝ իշխանական, թե ընդդիմադիր, թող դա ժողովուրդը որոշի։ Իսկ այն, որ ՀՀԿ-ն միանշանակ կունենա խորհրդարանում ներկայություն, ես այստեղ չեմ կասկածում։ Ինչ-որ մեկը կասկածո՞ւմ է։ Եթե կասկածող կա, ուրեմն քաղաքականությունից շատ բան չի հասկանում։

Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ն ունի և՛ թիմ, և՛ գաղափարախոսություն, և՛ ասելիք, հատկապես այսօրվա քաղաքական թիմը։ Նրանք և՛ պրոֆեսիոնալ են, և՛ սկզբունքային, և՛, ամենակարևորը՝ ազնիվ են։ Նրանց համար ամենակարևորը պետության շահն է, և նրանք շատ լուրջ անելիք ունեն թե՛ խորհրդարանում, թե՛ դրանից դուրս։ Իսկ մարտահրավերները գնալով շատանալու են։ Միայնակ ոչինչ անել չես կարող, պետք է բոլորս իրար քննադատելով, իրար պաշտպանելով, իրար օժանդակելով մեր երկիրն առաջ տանենք։

Մենք քաղաքական գործիչների այն երջանիկ սերունդն ենք, ում բախտ է վիճակվել ապրել անկախ Հայաստանում, ծառայել անկախ Հայաստանին, և այդպես էլ պետք է գնանք։ Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, մեր կուսակցությունն անկախ Հայաստանի ժամանակակիցն է։ ՀՀԿ-ն ստեղծվել է անկախության բանակով, արցախյան հիմնահարցով, անկախության համար պայքարով, և ես կարծում եմ՝ որքան կա երրորդ հանրապետությունը, իսկ դա լինելու է հավերժ, այդքան էլ այդ երրորդ հանրապետության քաղաքական դաշտում այս կամ այն դերակատարմամբ, մի օր՝ իշխանություն, մի օր՝ ընդդիմություն, մի օր՝ ավելի շատ ազդեցությամբ, մի օր՝ ավելի քիչ, բայց ՀՀԿ-ն շարունակելու է ոչ թե իր գոյությունը, այլ շարունակելու է իր կյանքը ի փառս Հայաստանի Հանրապետության և ՀՀ քաղաքացու։

— Պարո՛ն Շարմազանով, համամի՞տ եք այն տեսակետին, որ ՀՀԿ-ն էր մեղավոր, որ Նիկոլ Փաշինյանը հաղթեց։

— Նախ՝ հաղթողներ և պարտվողներ սեփական երկրում ես չեմ տեսնում։ Եթե հաղթում ենք, բոլորս ենք հաղթում, եթե պարտվում ենք, բոլորս ենք պարտվում։ Ես սեփական երկրում երբեք հաղթողներ և պարտվողներ, յուրայիններ և օտարներ չեմ ունեցել։

Սեփական երկրում ինձ համար բոլորը յուրային են՝ անկախ քաղաքական տարաձայնություններից։ Իսկ թե ո՛վ էր մեղավոր, ով՝ ոչ, պատմությունը ցույց կտա։ Հիմա պետք չէ այդքան հետ նայել, պետք է առաջ նայել, իսկ առջևում Հայաստանին լուրջ քարոզարշավ է սպասում, իսկ դրանից հետո էլ՝ 2019 թվականին, շատ լուրջ մարտահրավերներ կան թե՛ տնտեսական, թե՛ արտաքին քաղաքական, թե՛ անվտանգության, որոնք ծառացած են մեր երկրի առջև։

Մանե Հարությունյան

MediaLab.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով