«Կա ԼՂ հակամարտությունը կարգավորելու արտաքին պահանջ, ինչը լուրջ պայմանավորվածությունների տպավորություն է ստեղծում». Տարասով

«Իրականությունն այն է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում էական առաջընթաց տեղի չի կարող ունենալ, քանի դեռ հայաստանյան ներքաղաքական զարգացումներն ակտիվ փուլում են»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդադառնալով նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մեկնաբանություններին:

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 2-ին նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում Ստեփանակերտին ընդգրկելու համար անհրաժեշտ է Բաքվի և Երևանի համաձայնությունը, ինչը դեռևս չկա: «Ներկայիս երկկողմ ձևաչափը փոփոխելու համար պահանջվում է երկու կողմերի համաձայնությունը: Որքան մենք գիտենք, այդպիսի համաձայնություն չկա, և ես, անկեղծ ասած, նախապայմաններ չէի դնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման էական հարցերի քննարկումը սկսելու համար»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը: Լավրովը նաև ընդգծել էր, որ Լեռնային Ղարաբաղը բանակցություններից դուրս է մնացել Հայաստանի նախկին իշխանությունների առաջարկով:

«Ժամանակին Ղարաբաղի ներկայացուցիչները մասնակցում էին բանակցություններին: Հայաստանի ղեկավարության առաջարկով այդ գործելաոճը փոխվեց, ու արդեն շատ տարիներ բանակցություններն ուղիղ ընթանում են միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ նշելով, որ՝ «բնականաբար, մենք ելնում ենք այն բանից, որ Երևանը բանակցային իր դիրքորոշումներում հաշվի է առնում Ղարաբաղի մոտեցումները»: Ըստ նրա, Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգավորման շուրջ բանակցությունների վերաբերյալ լուրջ պայմանավորվածություն ձեռք բերել դժվար թե ստացվի, քանի դեռ Հայաստանի քաղաքական իրավիճակը չի կայունացել: «Մենք հասկանում ենք, որ մինչև բուռն ներքաղաքական գործընթացները չավարտվեն, որոնց մենք հետևում ենք, հազիվ թե դիտարկվեն հստակ տարբերակներ ճգնաժամից դուրս գալու և Լեռնային Ղարաբաղի խնդրի լիարժեք կարգավորման համար»,- ասել է Ս.Լավրովը:

Ստանիսլավ Տարասովի խոսքով՝ առաջին հայացքից Ռուսաստանը հայտնում է բանակցային գործընթացի ապագայի վերաբերյալ այնպիսի դիրքորոշում, ինչպիսին Միացյալ Նահանգներն էր հայտնել օրեր առաջ տարածաշրջանում՝ նշելով, որ քաղաքական ակտիվ գործընթացների փուլում մինչ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարգավորման հեռանկարներ չկան: Սակայն, ըստ նրա, ՌԴ ԱԳ նախարարը թեմային անդրադառնում է շատ ավելի լայն կոնտեքստով՝ ըստ էության փորձելով հակադրվել Միացյալ Նահանգների դիրքորոշմանը, որն առաջարկում է ապագայում լուրջ որոշումներ կայացնել:

«Նախարարի տողատակերում այս անգամ ևս նկատելի էր խնդիր հայ-ռուսական հարաբերություններում: Բայց խնդիր կա ոչ միայն հայ-ռուսական հարաբերություններում: Սրանով ՌԴ ԱԳ նախարարը շեշտում է, որ այս տարածաշրջանում ՌԴ-ն ևս ասելիք ունի և իրավիճակին ծանոթ է ավելի լավ, քան Միացյալ Նահանգները: Բաքվի համաձայնության կարևորությունը շեշտելով՝ Լավրովը հավասարակշռություն է մտցնում իր խոսքում՝ ակնարկելով, որ միջնորդները պաշտպանելու են հակամարտող երկու կողմերի դիրքորոշումները: Ուշագրավ էին նաև ՌԴ ԱԳ նախարարի մեկնաբանությունները բանակցություններին Արցախի մասնակցության մասին:

Դրանք պայմանավորված են առաջին հերթին այն հանգամանքով, որ դեռ ՀՀ իշխանությունների համար ևս կարծես հստակ չէ, թե իրենք ինչ են ցանկանում և ինչպես, քանի որ խոսում են Արցախի մասնակցության կարևորության մասին, բայց նախկին կազմով բանակցություններ են վարում, ավելին, համաձայնություն ձեռք բերում օպերատիվ կապ ստեղծելու մասին: Պետք է և՛ կողմերի, և՛ միջնորդների համար հստակ լինի, թե ինչպիսի պահանջ է սա, եթե պահանջ է բանակցությունները հետաձգելու համար, ապա անընդունելի է, եթե հայկական կողմն իսկապես համարում է Արցախի մասնակցությունն անհետաձգելի հարց, ապա կարելի է դրան հասնել: Նման մեկնաբանությունների առիթ տալիս են ՀՀ իշխանությունների քայլերը, որոնք այնքան էլ հստակ ու հասկանալի չեն շատերի համար»,- ասաց Տարասովը:

Սակայն, նրա խոսքով, պարզ չէ, թե ինչ համաձայնություն ունեն կողմերը շփումները ակտիվացնելու վերաբերյալ, և, եթե ակտիվացնում են, ինչի շուրջ են երկխոսելու, եթե ոչ՝ կարգավորման, քանի որ օպերատիվ կապ արդեն իսկ ստեղծվել է:

«Ստեղծվել է մի իրավիճակ, երբ յուրաքանչյուրը ԼՂ հակամարտության գոտում առկա իրերի դրությունը մեկնաբանում է իր տեսանկյունից՝ առանց հաշվի առնելու իրականությունը: Ըստ իս, իրականությունն այն է, որ լուրջ որոշումներ չեն կարող լինել, քանի որ ակտիվ ներքաղաքական զարգացումներ են տեղի ունենում Հայաստանում, բայց կա հակամարտությունը կարգավորելու արտաքին պահանջ, ինչը տպավորություն է ստեղծում, թե կան լուրջ պայմանավորվածություններ»,- ասաց Տարասովը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով