Ծառուկյան, ՀՅԴ, Մարուքյան… ստի ընդդիմությանը ձայն մի տվեք. Շարմազանով. Lragir.am

Lragir.am-ի զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

– Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ չի առաջադրվելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունը։

– Ես հարգանքով եմ վերաբերվում Կարեն Կարապետյանի հայտարարությանը։ Կարեն Կարապետյանն ու Կարապետյանների ընտանիքը շատ մեծ ներդրում են ունեցել Հայաստանի տնտեսական, սոցիալական, բարեգործական ծրագրերի իրականացմանը։ Նրանք իրական բարեգործ ընտանիք են, և մեկ անգամ չէ, որ ես արտահայտել եմ իմ դրական կարծիքը նրանց մասին։ Իմ քաղաքական գործունեությունն սկսելիս Կարեն Կարապետյանը եղել է խմբակցության ղեկավար, և մենք շատ արդյունավետ աշխատել ենք։ Անկախ ամեն ինչից ես իրեն հաջողություն եմ մաղթում բոլոր ծրագրերում։ Հարգանքով եմ վերաբերվում պարոն Կարապետյանի որոշմանը։ Սա իր որոշումն է, և ինչպես ընդունել հարգել եմ, այնպես էլ շարունակելու եմ հարգել, իմ հարաբերությունները պահպանել ու զարգացնել իմ գործընկեր Կարեն Կարապետյանի հետ։ Ինչ վերաբերում է Լոռու մարզում նրա ազդեցությանը, ապա Կարապետյանների ընտանիքը շատ լուրջ հեղինակություն ունի ողջ Հայաստանում և Արցախում, բայց դա պարոն Կարապետյանի որոշումն է։ Ասեմ նաև, որ դա ինձ համար անակնկալ չէր։ Պատահական չէ, որ ես ասում էի, որ այսօր ՀՀԿ-ն չի գնում բարձր տոկոսի, չի գնում բացարձակ հաղթանակի, այսօր ՀՀԿ-ն գնում է դառնալու երկրորդ ուժը խորհրդարանում։

– ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուների մեծ մասը հեռացել է կուսակցությունից։ Ինչպե՞ս եք դա գնահատում։

– Մենք յուրաքանչյուրին մաղթում ենք հաջողություն, յուրաքանչյուրն ինքն է որոշում իր քաղաքական ճանապարհը։ Պարոն Կարապետյանի մասով կարող եմ ասել, որ նա 1995 թվականից խորհրդարանում է, եղել է խմբակցության ղեկավար, եղել է «Կայունություն» խմբի ղեկավար, հետո եղել է ՀՀԿ խմբակցության ղեկավար, եղել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար։ Հետևաբար, պետք չի այսօր նրան չափել որևէ մարզում ունեցած իր ազդեցությամբ։ Կարեն Կարապետյանն իր հայտարարության մեջ ամեն ինչ ասել է։ Նա նաև մեծ ներդրում է ունեցել մեր պետության տնտեսական, սոցիալական բազմաթիվ ծրագրերի իրականացման գործում, և համոզված եմ, որ Կարապետյանների ընտանիքը կշարունակի իր բարեգործական ծրագրերը թե Լոռիում, թե Արցախում, թե ողջ Հայաստանում։

– Դուք պնդում եք, որ իրական ընդդիմությունը խորհրդարանում դո՞ւք եք լինելու։

– Դա իմ պնդելով չի, դա այդպես է։ Ես իրականությունն եմ ասում։ Եթե հիմա ես ասեմ, որ այլ ընդդիմություն կա, դե բացի ՀՀԿ-ից մեկ այլ ընդդիմություն մատնանշեք։ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագիր է բերել, 3-4 անգամ վարչապետի թեկնածու է առաջադրվել, ո՞վ է նրան քննադատել բացի ՀՀԿ-ից։ Դե գնացեք Էդմոն Մարուքյանից ու Գագիկ Ծառուկյանից հարցազրույց վերցրեք, որտեղ կքննադատեն վարչապետին։ Նաիրա Զոհրաբյանից ու Արամ Սարգսյանից հարցազրույց վերցրեք, թող քննադատեն Նիկոլ Փաշինյանին։ Դե թող մեկն ասի, որ նրանք ընդդիմություն են։ Մարդիկ մինչև վերջին պահը կառավարության անդամ էին, 1,5 օր ընդդիմություն եղան, հետո սկսեցին հայտարարել, թե մենք Նիկոլի հետ ենք, ջուր ենք տարել հեղափոխությանը։ Ասում են՝ պարոն վարչապետ ջան, մենք քո հետ ենք։ Բա որ նրա հետ ես, ո՞նց ես ընդդիմություն, այդպես չի լինում։

Երբ մենք ասում ենք, որ մենք ընդդիմություն ենք, դա չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանի թշնամին ենք։ Քաղաքական առումով «Ծառուկյան» դաշինքը կամ գլոբալ առումով ՀՅԴ-ն ե՞րբ են քննադատել Փաշինյանի հեղափոխությունը։ Այն ուժերը, որոնք եղել են հեղափոխության ջատագովներ, այն ուժերը, որոնք հեղափոխությունից հետո պաշտպանել են Փաշինյանի քաղաքական կուրսը, չեն կարող լինել ընդդիմություն։ Նրանք կարող են լինել ձևական ընդդիմություն, ֆեյք ընդդիմություն, ստի ընդդիմություն, Փաշինյանի կողմից նշանակված ընդդիմություն։ Մեր երկիրը կարիք ունի իրական ընդդիմության և իրական իշխանության։ Ընտրությունը պետք է գնա Փաշինյանի և նրա կողմնակիցների՝ մի կողմից, և քննադատողների, այսինքն ՀՀԿ-ի, Շարմազանովի, Աշոտյանի, Վիգեն Սարգսյանի, Արփինե Հովհաննիսյանի, մյուս կողմից։ Եթե դուք դեմ եք ՀՀԿ-ին, ձայն տվեք Փաշինյանին, ինչո՞ւ եք տալիս Մարուքյանին կամ Նաիրա Զոհրաբյանին։ Եթե դուք դեմ եք Փաշինյանին, ապա ո՞վ է նրան քննադատում՝ ՀՀԿ-ն։ Թե չէ քաղաքական ուժեր կան առավոտյան գովաբանում են Փաշինյանին, ընդմիջումից հետո քննադատում են նրան։ Այդպես ընդդիմությու՞ն է լինում։

Այսինքն ես չեմ ասում, որ մենք պարտադրում ենք, բայց իրավիճակն է այդպիսին, որ միակ ընդդիմությունը ՀՀԿ-ն է։ Եթե Ռոբերտ Քոչարյանը որոշեր մասնակցել ընտրություններին, այլ խնդիր, բայց այսօր մասնակցող ուժերի մեջ բոլորը ողջունել են հեղափոխությունը, նաև պաշտպանել են գլոբալ առումով Փաշինյանի քաղաքականությունը։ Բացի ՀՀԿ-ից որևէ քաղաքական միավոր, որ այս 6 ամիսների ընթացքում քննադատում է Փաշինյանի քաղաքական կուրսը, այլ անուն կարո՞ղ եք տալ։ Խնդրում եմ անուն տվեք, չկա այդպիսի ուժ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով