Թուրքիան ռազմական կադրեր է պատրաստում Ղարաբաղի դեմ պատերազմի համար

Նախիջևանի տարածքում գտնվող Լեռնային ուսումնամարզական կենտրոնում հետախույզների, փրկարարների և հատուկջոկատայինների մասնակցությամբ տեղի են ունեցել լեռնային տարածքում գործելու համար նախատեսված հետախույզների պատրաստման կուրսեր:

Միջոցառմանը մասնակցել են Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչները, ովքեր մարզել են ադրբեջանցի հատուկջոկատայիններին և հետախույզներին:

Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ Նախիջևանը միշտ էլ դիտարկվել է որպես ՀՀ-ի ու Իրանական Ադրբեջանի դեմ գործելու «գործիք» ու պլացդարմ` Սյունիքին սպառնալու ու հետագայում Ադրբեջանի հետ պանթուրքիստական ռազմավարության շրջանակներում միանալու համար։ Անկարան ու Բաքուն վերջերս զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թուրքիան ցանկանում է «կլանել» Նախիջևանն, այդ թվում՝ Իրանի ազդեցությունն այնտեղ զսպելու համար։ Տնտեսական, տրանսպորտային և այլ նախագծեր իրականացնելով՝ նրանք ցանկանում են Նախիջևանը դարձնել Հարավային Կովկասում սուբյեկտ, գործոն, որը կարող է այնտեղ տեղակայված զգալի ռազմական ներուժի միջոցով անընդհատ լարվածության մեջ պահել ու կենտրոնացնել ՀՀ-Նախիջևան սահմանին զգալի հայկական ուժեր, որոնք չեն կարող անհրաժեշտ պահին օգնության հասնել Արցախին, ինչպես նաև Նախիջևանի գործոնի միջոցով ժամանակ առ ժամանակ ապակայունացնել Իրանի հյուսիսը․ Թեհրանն ու Անկարան տնտեսական գործընկերներն են, սակայն հավերժ աշխարհաքաղաքական հակառակորդներ։

Ինչ վերաբերում է լեռնային պայմաններում գործելու համար նախատեսված հետախույզների և հատուկջոկատայինների մարզմանը, ապա Ադրբեջանն, օգտագործելով թուրքական, ՆԱՏՕ-ական մարզման մեթոդներն ու փորձը, պատրաստում է կադրեր, ովքեր պատերազմի դեպքում գործելու են նախիջևանյան լեռնային պայմաններում` ապակայունացնելով Սյունիքի հետ սահմանը, ինչպես նաև կենտրոնանալու են ամենակարևոր ռազմաճակատում` Արցախի ճակատում, որտեղ ռելիեֆը լեռնային է: Հնարավոր է՝ հետախույզներն ու հատուկջոկատայինները մասնակցեն ՀՀ-ն Արցախին կապող ճանապարհը «կտրելու» ու ապակայունացնելու, դիվերսիոն և այլ հատուկ գործողություններին:

ՀՀ-ն ու Արցախը պետք է հետևեն այսպիսի լուրերին ու դրանից հետևություններ անեն` ուժեղացնելով սեփական հետախուզական և հատուկջոկատային կադրերն` հնարավորության դեպքում օգտագործելով ՌԴ-ի ուսումնամարզական կենտրոնները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռուսական հատուկջոկատայինները լավագույններից են համարվում աշխարհում, ու նրանց փորձը շատ կարևոր կլինի նաև հայ զինվորականների համար:

Աղբյուր՝ henaran.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով