Ավազակային հարձակում Երևանում. «Բոնուս» մթերային խանութի 22-ամյա հացթուխը թալանել է նույն խանութի 49-ամյա մենեջերին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ նոյեմբերի 2-ին, ավազակային հարձակման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 55 խումբը «ԳՈՒՏ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Թումանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժնի քննիչները։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 49-ամյա Արմեն Դավթյանն է, ով բժիշկներին հայտնել է. որ այդ ժամին անծանոթ անձը իրենց շենքի մուտքի մոտ անակնկալ հարձակվել է իր վրա, ծեծի նթարկել և այդ ամենը եղել է աստիճանահարթակի վրա, որից հետո անծանոթը հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար և բջջային հեռախոսը։

Մինչ բժիշկները բժշկական օգնություն կցուցաբերեին վիրավորին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները ժամեր անց ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկել Երևան քաղաքի Գյուլիքևխյան փողոցի բնակիչ՝ 22-ամյա Ալեքսանդր Շավեշյանին, ով արդեն քննիչի մոտ խոստովանել է, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստի առթիվ քննչական բաժնի ավագ քննիչ Համբարձումյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 175 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ա. Շավեշյանը ձերբակալվել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժած Ա. Դավթյանն ու կասկածյալ Ա. Շավեշյանն աշխատում են «Բոնուս» մթերային խանութում՝ Ա. Դավթյանը՝ որպես մենեջեր, Ա. Շավեշյանը՝ որպես հացթուխ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով