ՌԴ-ն համագործակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի և մյուս կողմերի հետ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում. Կարասին

Ռուսաստանը շարունակում է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում սերտորեն համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրներ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ: Այդ մասին «Известия» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:

«Գոյություն ունի միայն մեկ իրատեսական հեռանկար՝ բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորում: Անվտանգության, կայունության և զարգացման հարցում ադրբեջանցի և հայ ժողովուրդների կենսական շահագրգռվածությունը բանակցային գործընթացի հիմքն ու քաղաքական շարժիչն են, որին Ռուսաստանն ամեն կերպ աջակցում է»,- հայտարարել է Կարասինը:Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, սերտորեն համագործակցում է եռյակի մյուս անդամների հետ: Նրա խոսքով՝ Ռուսաստանը ձգտում է անել հնարավոր ամեն բան ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ընդհանուր գծի համաձայն և ԼՂ հակամարտության վերաբերյալ ընդունված որոշումների շրջանակում խաղաղ պայմանավորվածությունների մշակման հարցում հակամարտության կողմերին աջակցելու համար:

«Մեր այդ դիրքորոշումն անփոփոխ է: Այն արձանագրված է Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության հայեցակարգում և հաստատվել է երկու երկրների ղեկավարների հետ Վլադիմիր Պուտինի վերջին հանդիպումների ժամանակ»,- ասել է Կարասինը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

tert.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով