Մարդկանց չպետք է բաժանել հեղափոխականների և հակահեղափոխականների. իսկ ու՞ր մնաց պրոֆեսիոնալիզմը. Ռուբեն Բաբայան

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Հովհ․ Թումանյանի անվան Երեւանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն է: Մենք զրուցել ենք մշակույթի նախարարության գործառույթների, մշակույթի եւ քաղաքականության միջով անցնող նուրբ սահմանագծի, հայաստանյան ներքաղաքական կյանքի եւ այլ թեմաների շուրջ:

-Պարո՛ն Բաբայան, ըստ Ձեզ` մշակույթի նախարարության հիմնական անելիքն այսօր ո՞րը պետք է լինի: Ինչի՞ վրա պետք է առաջնային ուշադրություն դարձնի նախարար Լիլիթ Մակունցը:

-Մշակույթի նախարարության գործունեության մեջ համակարգային փոփոխություններ են պետք: Կուզեի` մշակույթի նախարարությունը իր գործունեությունը կենտրոնացներ օերնսդրական դաշտի վրա, մակույթի զարգացմանը միտված օրենքներ մշակեր, որպեսզի մշակույթը կախված չլինի չինովնիկների կամայականություններից: Տարբեր միջոցառումներ կազմակերպելը մշակույթի նախարարության ֆունկցիան չէ, դա տարբեր կազմակերպությունների անելիքն է, իսկ նախարարությունը կարող է լինել աջակցողի դերում: Հարկավոր է նախաձեռնել օրենքներ` կապված մեկենասության, հովանավորչության հետ: Առանց դրա հնարավոր չէ պատկերացնել արվեստի զարգացումը: Ընդ որում, մեկենասը միայն փող տվողը չէ, այլեւ բիզնեսը մշակույթի հետ կապող անձնավորությունը: Մշակույթը չի կարող լինել ինքնաբավ, այն կոչված է բոլորիս իր գործառույթներում ներքաշելու համար: Քաղաքացին որքան մասնակցի մշակույթի ստեղծմանը, այդքան պատասխանատու կզգա ինքն իրեն դրա համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

-Ինչպե՞ս սահմանել քաղաքականության եւ մշակույթի միջեւ անցնող սահմանագիծը: Սեւերի եւ սպիտակների բաժանումը նկատելի է նաեւ արվեստի ոլորտում: Այս պարագայում ի՞նչ վտանգներ եք տեսնում:

-Նման երեւույթները մեր կյանքից հարկավոր է իսպառ բացառել: Հեղափոխությունն առաջին հերթին ազատագրում էր, այլ ոչ թե իշխանափոխություն եւ նոր սահմանագծերի կիրառում: Եթե արվեստագետին պետք է իր քաղաքական հայացքներով որակեն, որեւէ բանի մասին խոսելն արդեն իմաստ չունի: Մենք սկսել ենք մարդկանց բաժանել «հեղափոխականների» եւ «հակահեղափոխականների», փոխարենը պետք է ասեինք` սա լավ ռեժիսոր է, նա վատ բժիշկ է: Իսկ ու՞ր մնաց պրոֆեսիոնալիզմը: Օրինակ` ինձ ամենեւին չեն հետաքրքրում մեր թատրոնի աշխատակիցների քաղաքական հայացքները: Կադրերի դեպքում միակ չափանիշն ինձ համար որակն է եւ պրոֆեսիոնալիզմը: Մի առիթով գրող Մարիետա Շահինյանի ամուսինը հանդիպում է Ավետիք Իսահակյանին, ով այն ժամանակ Գրողների միության նախագահն էր, եւ ծանոթանալիս ասում է․ «Ես Մարիետա Շահինյանի ամուսինն եմ»: Իսահակյանն էլ ասում է․ «Շատ ուրախ եմ, իսկ ցերեկնե՞րն ինչով եք զբաղվում»: Հիմա նույնը կարելի է ասել մեր քաղաքականացված կյանքի դեպքում` իսկ ինչո՞վ եք դուք զբաղվում․ դա է էականը:

-Ի՞նչ սպասել առաջիկա խորհրդարանական ընտրություններից: Ի՞նչ պետք է անեն կուսակցությունները, եւ ի՞նչ պետք է անի ժողովուրդը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

-Առաջին հերթին քաղաքական ուժերը պետք է բանակցեն ընտրողի հետ, որպեսզի հասկանանք, որ տվյալ ուժը ներկայացնում է ընտրողների տվյալ զանգվածը: Քաղաքական կուսակցությունների մեծ մասը նման է կենդանաբանական այգում ապրած գիշատիչի, որին օրական մի կտոր միս տալով` պահել են, իսկ հիմա ասում են` դուրս եկաք, դուք ազատ եք: Նրանցից շատերը պատրաստ չեն դուրս գալու, պայքարի մեջ մտնելու, յուրաքանչյուր բակ մտնելու, ամեն քաղաքացու հետ լեզու գտնելու: Ինչ վերաբերում է ժողովրդին, վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ մենք միասնական ենք, բայց զարգացած հասարակություն դառնալու համար երկար ճանապարհ ունենք անցնելու: Որեւէ պետություն առանց դրա չի կայանում:

Աննա Բաբաջանյան

armlur.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով