«Ղուկասի Ավետարանը ժեստերի լեզվով» տեսասկավառակների առաջին հասցեատերերը

Երեկ հոկտեմբերի 18-ին Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի սաները նշեցին «Ոսկե աշունը», որին ներկա գտնվեցին նաև Արարատյան Հայրապետական թեմի  խուլերի համայնքի հոգևոր հովիվ Տ. Եսայի քահանա Արթենյանը և Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերի տնօրեն Արշավիր Գաբուջյանը:
Նախքան միջոցառման սկիզբը՝ հյուրերը հերթով մոտեցան բոլոր սեղաններին, համտեսեցին և ծանոթացան այն կերակուրներին, որոնք պատրաստել էին երեխաները՝ իրենց մանկավարժների հետ միասին, ինչից հետո սկսվեց միջոցառումը:
Աշնանային այս տոնին երեխաները պատրաստվել էին մեծ շուքով և ոչինչ չէին խնայել ներկաներին ուրախ տրամադրություն հաղորդելու համար: Աշնանային վառ գույներով հարուստ հագուստները շունչ էին հաղորդել թե՛ երեխաներին, թե՛ ներկաներին:
Հավաքվածներին առաջինը ողջունեց  Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ տերունական աղոթքով և օրհնության խոսքով: Տեր հայրը և Արշավիր Գաբուջյանը կրթահամալիրի սաներին ներկայացրեցին Արարատյան Հայրապետական թեմի և Հայաստանի Աստվածաշնչային ընկերության հետ համատեղ պատրաստված «Ղուկասի Ավետարանը ժեստերի լեզվով» տեսասկավառակը: Միջոցառման ավարտին տեսասկավառակները բաժանվեցին խուլ երեխաներին:
Նշենք, որ տեսասկավառակի շնորհանդեսը տեղի էր ունեցել սեպտեմբերի 27-ին: Նախատեսվում է այցելություններ Հայասատանի մարզեր, որի ընթացքում տեսասկավառակը կբաժանվի նաև մարզերում բնակվող լսողության խանգարումներ ունեցող երեխաներին: Ավանդույթի համաձայն՝ տեսասկավառակների բաշխման առաջին հանգրվանը եղավ Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրը, որի սաներին էլ բաժանվեցին առաջին օրինակները:
Մարիետտա Խաչատրյան
Աղբյուր` Qahana.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով