«Հիմա եթե վաղը հողեր հանձնեք, պետք է ասեք՝ ժողովու՞րդն է ասել». Իսագուլյան

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այն հայտարարությանը, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Արցախի հիմնահարցի կարգավորումը կարագացվի, փաստեց, որ 1998 թվականին, երբ օրակարգ էր բերվել Արցախի հիմնախնդրի լուծման մի տարբերակ, որը բոլորովին հայանպաստ չէր, Հայաստանի որևէ բարձրաստիճան պաշտոնյա, որն իրավասու էր եղել այդ հարցն օրակարգ բերել և լուծել, որևէ բացասական բան Արցախի հարցում չարեց։

«Ե՛վ Ռոբերտ Քոչարյանը և՛ Սերժ Սարգսյանն Արցախի հարցում տարել են հրաշալի քաղաքական գիծ՝ անկախ այն հանգամանքից, թե բանակցությունների սեղանին ինչ թղթեր են եղել։ Նրանց երկուսի ժամանակ էլ աշխատել եմ, աշխատել եմ նաև Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, Արցախի հարցի հետ կապված շատ լավ գիտեմ երեք նախագահների դիրքորոշումը, չնայած Տեր-Պետրոսյանին չեմ ուզում անդրադառնալ։

Եթե այսօր որևէ մեկը փորձում է մեղադրել նախկին իշխանություններին՝ ի դեմս երկրորդ և երրորդ նախագահների, որ նրանք Արցախի հարցում որևէ սխալ բան են արել, նշանակում է՝ չգիտեն, թե ինչ բան է բանակցությունն և բանակցելը»,- նշեց Գ. Իսագուլյանը և նկատեց, որ այսօր լավ կլինի, եթե ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարողանա Արցախի հարցում եղած նախկին քաղաքական գիծը շարունակել և իր իշխանության տարիներին ոչինչ չկորցնի, ինչպես չեն կորցրել նախկինները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ Գ. Իսագուլյանի, պետք չէ ինչ-որ բաներ անել, հետո ասել, թե ժողովուրդն է պահանջել. «Հիմա եթե վաղը հողեր հանձնեք, պետք է ասեք՝ ժողովուրդն է ասել»,- նկատեց Գ. Իսագուլյանը։

Նրա կարծիքով՝ Ռուսաստանի և Իրանի հետ կապված ԱՄՆ-ը ինչ-ինչ հարցեր ունի, այդ պատճառով էլ Ջոն Բոլթոնին անհրաժեշտ է, որպեսզի խորհրդարանական ընտրություններում հաղթի Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը։

«Ամերիկացի փորձագետներն այնքան տխմար չեն՝ չհասկանալու համար, որ Արցախի հարցը մոտակա 20 տարիների ընթացքում չի լուծվելու, պետք է մնա կոնսենսուսը, սա հասկանում են ռուսները, ադրբեջանցիները, հայերը, բոլորը։ Որովհետև Արցախի թնջուկի լուծումը տարածաշրջանում կփոխի ամեն ինչ, թե որ ուղղությամբ, այսօր որևէ մեկը չի կարող ասել։ Կարծում եմ՝ Բոլթոնի կողմից Արցախի հարցի արծարծումը հանրությանն ապակողմնորոշելու խնդիր ուներ։ Այս պարագայում Նիկոլ Փաշինյանը պետք է ասի՝ համաձա՞յն է, թե՞ ոչ Բոլթոնի հայտարությունների հետ»,- շեշտեց Գառնիկ Իսագուլյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասները՝168.am-ի տեսանյութում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով