ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը Երևանից կտեղափոխվի Մոսկվա. Լեոնիդ Կալաշնիկով

Որոշվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Խորհրդարանական վեհաժողովի նիստը Երևանից տեղափոխել Մոսկվա:

Այդ մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, լրագրողներին ասել է Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:
«Այն կանցկացնենք հոկտեմբերի 29-30-ը Մոսկվայում, այլ ոչ Հայաստանում»,- ասել է Կալաշնիկովը:
Նրա խոսքով՝ այս որոշումը կապված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հրաժարականի հետ:
«Ամենայն հավանականությամբ, Հայաստանի խորհրդարանն այդ ժամանակ կլուծարվի: Եթե իրավիճակը դասավորվի այնպես, ինչպես մենք ենք այն տեսնում, ապա ո՞ւմ հետ անցկացնենք Խորհրդարանական վեհաժողովը: Ժամանակավոր պաշտոնակատարների՞: Դա անտրամաբանական է ու սխալ»,- ասել է պաշտոնյան:
Այդ իսկ պատճառով, ըստ նրա, ՀԱՊԿ ԽՎ-ն կանցկացվի Մոսկվայում:
«Իսկ երբ Հայաստանում ամեն ինչ հունի մեջ ընկնի, մենք կաշխատենք և՛ գործող պատգամավորների, և՛ գործող վարչապետի հետ», – հավելել է նա:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Tert.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով