«Հայտարարությամբ հանդես կգամ այսօր երեկոյան». Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է նոր պատմական շրջափուլ և այս շրջափուլի արդյունքներով պետք է ավարտին հասցնել գարնանը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունն, այսօր կառավարության արտահերթ նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ հայտարարությամբ հանդես կգա այսօր երեկոյան։

«Այսօր կարևոր օր է և Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է նոր մի պատմական շրջափուլ, որի հիմնական իմաստը կարող ենք ձևակերպել հետևյալ կերպ՝ այս շրջափուլի արդյունքներով մենք պետք է ավարտին հասցնենք գարնանը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխությունը, բայց այդ մասին ես ավելի կոնկրետ հայտարարությամբ հանդես կգամ այսօր երեկոյան», – ասաց Փաշինյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երեկ վարչապետի խոսնակ Արման Եղոյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին կհայտարարի իր հրաժարականի մասին:

Օրեր առաջ France24-ի հետ զրույցում վարչապետն ասել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին, 10-ին։

«Ընտրությունները, նախնական կարող եմ ասել, որ մոտավորապես դեկտեմբերի 9-ին, 10-ին, այդ հատվածում, պլյուս-մինուս մի քանի օր, այդ հատվածում տեղի կունենան: Եվ սրա համար, ըստ էության, ես պետք է հրաժարական տամ մինչև հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատված»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ 2015 թվականին ընդունված Սահմանադրության՝ վարչապետի հրաժարականի դեպքում կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ:

Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Վարչապետ չընտրվելու դեպքում, քվեարկությունից յոթ օր հետո, անցկացվում է նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները:

Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա խորհրդարանն արձակվում է իրավունքի ուժով:

 

«Ազատություն» ռ/կ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով