«Իրենց սեփական աշխատանքային թերությունները թող չփաթաթեն ՀՀԿ-ի վզին». Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանին

ԱԺ-ն այսօր 56 կողմ, 3 դեմ ձայներով չընդունեց «Ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Օրինագծի տապալումից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հերթական ուղիղ եթերով՝ հայտարարելով, որ կառավարության կողմից Ընտրական օրենսգրքում առաջարկված փոփոխություններն ԸՕ-ն ավելի ժողովրդավարական դարձնելու նպատակ ուներ։ Նրա գնահատմամբ՝ խորհրդարանն այս քննարկմամբ ի ցույց դրեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անխուսափելի են։

Ըստ Ն. Փաշինյանի, ԱԺ մեծամասնությունն ու նրա «կողմնակիցներն» ամեն ինչ անում են սաբոտաժի քաղաքականություն վարելու համար, և վերջին 20 օրերի ընթացքում այդ ամենը մի քանի անգամ ակնհայտ երևացել է. «Նրանք այս ամենով ցանկանում են արտահերթ խորհրդարանական ընտրությունները վերածել ռևանշի գործիքի»,- ասաց Ն. Փաշինյանը։

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը, նշեց, որ ՀՀԿ-ն միշտ ասել է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը պետք է լինի համապատասխան ընթացակարգերի լուրջ պահպանմամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Սա ֆունդամենտալ օրենսդրական փոփոխություն է, որի համար պետք է իրականացնեն լսումներ, լուրջ քննարկումներ, պետք է լուրջ քննարկումներ իրականացնեն Վենետիկի հանձնաժողովի, միջազգային փորձագետների, ԵԱՀԿ ԺՄԿ-ի, ինչո՞ւ չէ՝ նաև մեր քաղաքացիական հասարակության հետ։ Չեմ կարծում, որ քաղաքացիական հասարակությունը մեկ կամ երկու կազմակերպություն է։

Մինչև հոկտեմբերի կեսը ՀՀ կառավարությունը մատը մատին չէր տվել, ԱԺ չէր բերել այս Ընտրական օրենսգիրքը, հենց իմացան, որ դեկտեմբերին պետք է գնան խորհրդարանական արտահերթ ընտրությունների, նրանք ափալ-թափալ բերեցին և փորձեցին սղացնել։ Նման պայմաններում հնարավոր չէ հասնել կոնսենսուսի, սա աշխատաոճ չէ։ ՀՀԿ-ն իր կարծիքը շատ լավ ասել է։ Ավելի քան համոզված եմ, որ, եթե նախկին իշխանությունը նման ֆունդամենտալ օրենք բերեր և նույն այսօրվա ոճով փորձեր սղացնել և դակել խորհրդարանում, ապա նույն Փաշինյանը և նրա խմբակիցներն առաջինը կլինեին, որ կքննադատեին մեզ։

Բազմաթիվ առիթներ եղել են, երբ քիչ պակաս կարևոր օրենքների հետ կապված, այսօրվա վարչապետի պաշտոնակատարը պատգամավոր եղած ժամանակ նստած մեզ քննադատում էր։ Հիմա ի՞նչ, կարգավիճակի փոփոխությունից կարծի՞ք է փոխվում»,- շեշտեց Է. Շարմազանովը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրա խոսքով՝ 1,5 տարի առաջ ընդունել են Ընտրական օրենսգիրք և պահպանել բոլոր ընթացակարգերը և բանավեճերի միջոցով հասել են կոնսենսուսի։ Իսկ այսօր ՀՀԿ-ն և՛ խորհրդարանում, և՛ պաշտոնական հայտարարության մեջ հստակ նշել է, թե ինչու այս հարցում կոնսենսուս չկա։

«Եթե պարոն Փաշինյանն այս քաղաքական գնահատականը համարում է ռևանշ և սաբոտաժ, ապա կարող եմ մեկ բան նշել՝ իշխանության իմ հարգելի գործընկերներ, ի՞նչ ռևանշ, ի՞նչ սաբոտաժ, ինչի՞ մասին է խոսքը, այդ ե՞րբ է ՀՀԿ-ն ռևանշով հանդես եկել։

Կարծում եմ՝ մեր կառավարության ղեկավարը կառավարության և իր աշխատանքի սեփական թերությունները փորձում է բարդել ընդդիմության վրա։ Ի վերջո, յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է ունենա հստակա քաղաքական դիրքորոշում և քաղաքական բազմակարծություն։ Եթե այս ձևով ԸՕ-ն չի ընդունվում, կանգնել ու ասել, թե սա ժողովրդին դեմ է, սաբոտաժ կամ ռևանշ է, ապա, կարծում եմ, սա ժողովրդավարությանը դեմ է։

Յուրաքանչյուր քաղաքական կարծիք պետք է ընկալվի քաղաքական ընդդիմախոսների համար։ Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ խորհրդարանը չի քվեարկում օրենքին կողմ, ինչը դառնում է կառավարության դժգոհության պատճառը, որն էլ ասում է, թե սա ռևանշ է կամ սաբոտաժ»,- նկատեց Է. Շարմազանովը։

Ըստ նրա, ի վերջո, Հայաստանում պե՞տք է լինի քաղաքական բազմակարծություն, այլակարծություն, թե՞ ոչ և, ի վերջո, որքա՞ն կարելի է սեփական կարծիքը նույնացնել ժողովրդի կարծիքի հետ և սեփական կարծիքը փորձել ճնշումով «փաթաթել մյուս քաղաքական ուժերի վզին»։

«Ի՞նչ է նշանակում՝ հակահեղափոխականություն, սաբոտաժ. ո՛չ սաբոտաժ կա, ո՛չ ռևանշ։ Իրենց սեփական աշխատանքային թերությունները թող չփաթաթեն ՀՀԿ-ի վզին։ Մեր կարծիքը եղել է բացառապես քաղաքական»,- ասաց ԱԺ փոխնախագահը։

Դիտարկմանը, թե այս անգա՞մ էլ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ոտքի կհանի, որպեսզի ԸՕ-ի փոփոխված տարբերակն ընդունվի, քանի որ իր ուղիղ եթերի ժամանակ նման ակնարկ արեց, Էդուարդ Շարմազանովը նկատեց, թե չգիտի՝ Փաշինյանն ինչ կանի։

«Ես գիտեմ, որ ԱԺ-ի նկատմամբ ցանկացած ճնշում, սպառնալիք անթույլատրելի է։ ԱԺ-ն օրենսդիր մարմին է, և յուրաքանչյուր պատգամավոր՝ ըստ սահմանադրության, ազատ է իր կարծիքն արտահայտելու և քվեարկելու։ Փաշինյանը մի քանի անգամ ցույց է տվել, որ ինքը կարողանում է շատ սիրուն շրջանցել իշխանությունների տարանջատման սկզբունքը և ճնշումների ենթարկել ԱԺ-ին։ Դա տեսել ենք, հիմա ՀՀԿ-ն արտահայտել է իր քաղաքական կարծիքը, և ուզում եմ, որ այն բոլորն ընդունեն ի գիտություն, ինչպես ի գիտություն ենք ընդունում մնացած քաղաքական ուժերի կարծիքը, սա է խնդիրը»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։

Զվարթ Խաչատրյան

Նյութի աղբյուրը՝168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով