Ինչպես է Իրանի արտգործնախարարը ստամբուլյան եռակողմ հանդիպմանը ձևակերպել Արցախի վերաբերյալ պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը. 168.am

Հոկտեմբերի 30-ին Ստամբուլում անցկացվել է Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների 6-րդ եռակողմ հանդիպումը: Նախորդը տեղի էր ունեցել Բաքվում, իսկ հաջորդ հանդիպումը կայանալու է հաջորդ տարի՝ Իրանում:

Իրանի արտգործնախարարի մասնակցությամբ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ, երբ անդրադարձ է կատարվում նաև արցախյան հակամարտությանը, ադրբեջանական և թուրքական ԶԼՄ-ները սովորաբար Լեռնային Ղարաբաղին առնչվող դրույթները ձևակերպում են այնպես, ինչպես բխում է այդ երկրների շահերից: Շատ հաճախ փորձ է կատարվում ենթատեքստից կտրված ձևակերպումներն ուղղակիորեն կապել ԼՂ հակամարտության հետ: Նման մի մոտեցում էլ դրսևորվել է ստամբուլյան հանդիպման ժամանակ:

Ի՞նչ ձևակերպում է իրականանում տվել արտգործնախարար Զարիֆը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ստամբուլում կայացած Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը մի դեպքում անդրադարձ է կատարվել նախարարների տարածած համատեղ հայտարարության մեջ, իսկ մյուս դեպքում՝ մամուլի ասուլի ժամանակ խնդրին անդրադարձել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

Եվ այսպես՝ Իրանի ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարակված տեսանյութում արտգործնախարար Զարիֆը, անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, մասնավորապես նշել է. «Իրանը, Թուրքիան և Ադրբեջանն հաստատակամ են բարեկեցիկ դարձնելու իրենց ժողովուրդների կյանքը, նպաստելու երեք երկրների առաջընթացին, տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և հաղթահարելու առկա մարտահրավերները և երեք երկրներներն այդ մարտահրավերների նկատմամբ ունեն ընդհանուր դիրքորոշում:

Մենք հուսով ենք, որ տարածաշրջանային խնդիրները, ինչպիսիք Պաղեստինի, Եմենի և Սիրիայի ժողովուրդների խնդիրներն են, ինչպես նաև տարածաշրջանի մյուս խնդիրները խաղաղ հանգուցալուծում կստանան»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այնուհետև շարունակելով խոսքը՝ Զարիֆը հավելել է. «Միևնույն ժամանակ մենք մշտապես ընդգծել ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի և նորմերի հիման վրա, իրականում, այդ մասին անդրադարձ է կատարվել նաև նախարարների տարածած համատեղ հայտարարության մեջ»:

Ինչ վերաբերում է համատեղ հայտարարությանը, ապա այնտեղ արցախյան հակամարտությանն առնչվող դրույթը հանդիպում ենք հետևյալ ձևակերպման համատեքստում.

* Կողմերը վերահաստատում են, որ հարգում են երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները, միևնույն ժամանակ վերահաստատում՝ հակամարտությունների խաղաղ կարգավորման և երկրների ներքին գործերին չմիջամտելու վերաբերյալ ստանձնած պարտավորությունները»:

* Այդ առնչությամբ կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում առկա տարաձայնությունների շուտափույթ լուծումը՝ համաձայն վերոնշյալ սկզբունքների:

Եթե համեմատենք Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումների ժամանակ հրապարակված նախորդ համատեղ հայտարարությունները, ապա հիմնականում նմանատիպ ձևակերպումներ են տրված: Բացի այդ՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին էլ հիմնականում հակամարտությունների վերաբերյալ նման ձևակերպումներ է տալիս:

Սովորաբար համատեղ հայտարարություններում նշվում են այնպիսի ձևակերպումներ, որոնք կբավարարեն բոլոր կողմերին, միևնույն ժամանակ կողմերից յուրաքանչյուրը հնարավորություն է ստանում յուրովի մեկնաբանել այնտեղ առկա դրույթները:

Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականության վերաբերյալ ձևակերպմանը, ապա իրանական կողմը մշտապես կարևորել է այդ սկզբունքը՝ հաշվի առնելով երկրում անջատողական վտանգը:

Թերևս ստամբուլյան հանդիպման ժամանակ հրապարակված համատեղ հայտարարության մեջ նորույթը «երկրների ներքին գործերին չմիջամտելու» մասին դրույթն էր, որն ամենայն հավանականությամբ ընդգրկվել է իրանական կողմի նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներն ու Իսրայելի և Ադրբեջանի միջև առկա ռազմական սերտ համագործակցությունը:

 

168.am

Արմեն Իսրայելան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով