Փոխվարչապետի ՍՊԸ-ն 35 հազար ԱՄՆ դոլար գրանտ է ստացել չրի արտադրությունը զարգացնելու համար

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հիմնադրած «Իրիգեյթ» ՍՊԸ-ն չրի արտադրությունը զարգացնելու համար այս տարի մոտ 35 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ է ստացել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից: Նախորդ շաբաթ «Հետք»-ը գրավոր հարցում էր ուղարկել հիմնադրամ, որը մեզ է տրամադրել «Իրիգեյթ» ՍՊԸ-ի հայտադիմումը, կնքված համաձայնագիրը:

«Իրիգեյթ» ՍՊԸի հետ փոխվարչապետի կապը

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փոխվարչապետների` կառավարության կայքում տեղադրված կենսագրություններից տեղեկանում ենք, որ Տիգրան Ավինյանը 2010-2011 թվականներին հիմնադրել է «Իրիգեյթ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է ոռոգման համակարգերի տեղադրմամբ և լանդշաֆտային դիզայնով։ Իրավաբանական անձանց ռեգիստրի գրանցամատյանում ընկերության հիմնադիրների մասը փակ է, և միայն համապատասխան վճարում կատարելուց հետո կարողացանք տեսնել ընկերության կանոնադրությունն ու մասնակիցների մասին տեղեկությունները: Ըստ այդմ՝ ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականի ապրիլի 30-ին: «Իրիգեյթ» ՍՊԸ-ի տնօրենը Արմեն Մարտիրոսի Ավինյանն է, որը փոխվարչապետի հայրն է: ՍՊԸ-ն գրանցված է այն հասցեում, որտեղ հաշվառված է Տիգրան Ավինյանը: Փոխվարչապետը ընկերության մասնակիցների ցանկից դուրս է եկել 2018թ. հունիսի 5-ին: Այժմ «Իրիգեյթ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Դավիթ Արմենի Ավինյանին, որը փոխվարչապետի եղբայրն է: Դավիթ Ավինյանը պլաստիկ վիրաբույժ է:

«Իրիգեյթ» ՍՊԸ-ն հաղթող է ճանաչվել, երբ Ավինյանն արդեն փոխվարչապետ էր

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դրամաշնորհի համար Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամին ուղղված «Իրիգեյթ» ՍՊԸ-ի տնօրենի դիմումը ստորագրված է 2018 թվականի փետրվարի 14-ով: Այդ ժամանակ Տիգրան Ավինյանը Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցության անդամ էր և հիշյալ ՍՊԸ-ի տնօրեն: Դիմում-հայտը ստորագրել է անձամբ Տիգրան Ավինյանը: Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ «Իրիգեյթ» ՍՊԸ-ի հետ կնքված փաստաթղթերը պարունակում են առևտրային գաղտնիք, սակայն հիմնադրամի բանավոր հարցմանն ի պատասխան՝ ընկերությունից համաձայնել են, որպեսզի փաստաթուղթը մեզ տրամադրվի:

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գեորգի Խաչատրյանը մեզ հայտնել է, որ 2018թ. մարտի 15-ին «Իրիգեյթ» ՍՊԸ-ն  և այլ ընկերություններ հիմնադրամ են ներկայացրել թվով 49 բիզնես-հայտեր: Դրանից 16-ը մերժվել է: Մայիս 25-ին տեղի է ունեցել «Արժեշղթային զարգացման» հանձնաժողովի նիստը, որի արդյունքում թվով 33 բիզնես-հայտերից հաղթող է ճանաչվել է 29-ը: Սակայն վերջնարդյունքում համաձայնագրեր են կնքվել 26 ընկերությունների հետ, այդ թվում` «Իրիգեյթ» ՍՊԸ-ի: Ընկերության հետ պայմանագիր է կնքվել օգոստոսի 1-ին:

Արձանագրենք, որ Տիգրան Ավինյանը 2018թ. մայիսի 25-ին փոխվարչապետ էր, իսկ «Իրիգեյթ» ՍՊԸ-ի մասնակիցների ցանկից դուրս է եկել դրամաշնորհի մրցույթում հաղթող ճանաչվելուց հետո՝ 2018 թվականի հունիսի 5-ին:

 

 

Փոխվարչապետը՝ չրերի բիզնեսում

«Նպատակային ֆինանսավորման համաձայնագիր»-ը կնքվել է Միջազգային զարգացման ընկերակցության, Վերակառուցման և զարգացման բանկի և Հայաստանի Հանրապետության միջև կնքված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակներում:

Մեր ձեռքի տակ եղած համաձայնագիրը կնքվել է «Իրիգեյթ» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Ավինյանի, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի տնօրեն Գեղամ Գևորգյանի և «Արտասահմանյան ֆինասնական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի տնօրեն Էդգար Ավետյանի միջև:

Դրամաշնորհի բյուջեն կազում է 37 մլն դրամ, որից 16 մլն-ն է անհատույց տրամադրվել «Իրիգեյթ» ՍՊԸ-ին, մնացած գումարը ընկերության սեփական ներդրումն է: Ծրագրի իրականցման համար պետք է ձեռք բերվեն էլեկտրոնային չորանոց, չժանգոտվող մետաղից դարակաշարեր, մրգի և բանջարեղենի լվացման սարքավորում, արևային պանելներ, բարձրարժեք տնկիներ, սառնարանային հանգույցի սարքավորումներ և հումք:

Ծրագրի համառոտ նկարագրության մեջ գրված է, որ «Իրիգեյթ» ՍՊԸ-ն զբաղվել է ինտենսիվ այգիների հիմնմամբ, կաթիլային ոռոգման համակարգերի, հակակարկտային ցանցերի տեղադրմամբ և չրի արտադրությամբ: «Ներկա դրությամբ ընկերության տնօրինության տակ է գտնվում 11 հեկտարի վրա տեղակայված 2000 ծիրանենու այգի: Այգին հիմնվել է 2002թ. Կոտայքի մարզի Քանաքեռ-Ավանում: Տարեկան բերքատվությունը կազմում է 50-70 տոննա: 2016թ.-ից ընկերությունը զբաղվում է չրարտադրությամբ»,- այս նկարագրությունը ներկայացված է համաձայնագրում: Դրամաշնորհի գումարով «Իրիգեյթ» ընկերությունը պետք է սարքավորումներ գնի, որպեսզի զարգացնի չրի արտադրությունը և կրկնապատկի արտադրության ծավալը՝ 5 տոննայից հասցնելով 10 տոննայի:

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի տնօրենը՝ նախարար

Փոխվարչապետի ընկերության հետ համաձայնագիր կնքած Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի նախկին տնօրեն Գեղամ Գևորգյանը հոկտեմբերի 16-ին նշանակվել է գյուղատնտեսության նախարար: Մեզ մոտ հարց էր առաջացել՝ արդյո՞ք գյուղատնտեսության նախարարի պաշտոնում Գեղամ Գևորգյանին տեսել է հենց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նախորդ շաբաթ գրավոր հարցում էինք ուղարկել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որին պատասխանել է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը:

«Գեղամ Գևորգյանի թեկնածության առաջադրման որոշումը կայացվել է կառավարության թիմի խորհրդակցությունների արդյունքների հիման վրա»,- ասված է Արմեն Խաչատրյանի պատասխանում: Այսօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանին խնդրեցինք հարցազրույց կազմակերպել փոխվարչապետի հետ: Մեր առաջարկը քննարկելուց հետո Վահան Հունանյանն առաջարկեց հարցերը գրավոր ուղարկել եւ խոստացավ պատասխանել ողջամիտ ժամկետում: Մենք առաջարկեցինք, որ հարցերին բանավոր գոնե խոսնակը պատասխանի, սակայն վերջինս այդ առաջարկն էլ մերժեց: Մենք ուղարկել ենք գրավոր հարցում, որը այո կամ ոչ պատասխանն է ենթադրում: Փոխվարչապետին հարցրել ենք՝ արդյո՞ք ինքն է առաջարկել Նիկոլ Փաշինյանին Գեղամ Գևորգյանին նշանակել գյուղատնտեսության նախարար:

Նյութի աղբյուրը՝ hetq.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով