«Փաշինյան ջան, ախր ի՞նչն ես փոխել, մեր խոխեքին տանեք բանակ, որ սպաների ձեռքով սպանվե՞ն»․ Արցախում զոհված Գևորգի քեռին հրաժարականներ է պահանջում

10 օր առաջ Մարտունիի  վաշտերից  մեկում  զոհված գյումրեցի զինծառայող Գևորգ Հարոյանի քեռին՝ Արմեն Բեգլարյանն ու ընկերներն այսօր հավաքվել էին Գյումրու Անի թաղամասի Հակոբ Մծբնեցի եկեղեցու մոտ, որտեղ մկրտվել էր Գևորգը ու պահանջում էին վերջ դնել բանակում տիրող հանցավոր բարքերին, պաշտոններից հեռացնել միայն «լափելու» մասին մտածող սպաներին ու գեներալներին։ Նրանք պահանջում էին նաև պատասխանատուների՝  Արցախի նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրաժարականը։ «Չի կարող էսպիսի վիճակ լինել, մեր խոխեքը սպաների ձեռքով սպանվում են, ինչպե՞ս ես իրենք քնում անկողինների մեջ, նրանք պարտավոր են զորամասերում քնելու, չպիտի ուտեն, խմեն, պիտի գնան զորամասեր։ Փաշինյա՛ն, այսպիսինները մեզ պետք չեն, ի՞նչ է կատարվում պետության մեջ, արեք բացատրեք, երեք օր է՝ նամակը տվել եմ ձեր կնոջը, ինչի՞ պատասխան չկա»,-վրդովված բացականչում էր Գևորգի քեռին՝ Արմեն Բեգլարյանը։ Նշենք, Գևորգի մայրական կողմն Արցախից է։ Նա ասաց, որ սա միայն իր վիշտը չէ ու պիտի պայքարի, որ իրենց երեխան վերջինը լինի՝ հայերի ձեռքով սպանված։ «Զոհվածն իմ քրոջ տղան է, բայց ես  պայքարում եմ  բոլորի համար։ Իմ քրոջ տղան ծնվել է Գյումրիում, մկրտրվել է այս եկեղեցիում, դարձրել ենք 21 տարեկան, օրենք են հանել, որ ավարտածները պիտի գնան բանակ, գնաց․․․ 21 տարեկան տղան, որ առանց մի կոպեկի ավարտել է, 21 տարեկան տղան, որ մտածել է գնա մագիստրատուրա սովորի, որ գնա հասնի այն աստիճանի, որ մորը վարդի պես պահի, հայրն ու մայրն էլ մտավորականներ են՝ մայրը մանկապարտեզի դաստիարակ, հայրը՝ բժիշկ, այդ մարդկանց երեխուն տանե՞ք բանակ ու սպանե՞ք։ Փաշինյան ջան, ցավդ տանեմ,   պետություն եք սարքում, էդ որտեղի՞ց ես սարքելու բարձրակարգ պետություն, որ մեր կրթված երեխաներին տանում, դահիճի ձեռքն եք տալիս։ Մենք պահում, մեծացնում ենք մեր երեխաներին ու իմանալով ՝ ինչ կատարվում մեր բանակի մեջ, վարի ենք տալիս մեր ձեռքով։

aravot.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով