Hayeli.am. Փաշինյանն ընդդիմություն կնշանակի իր «Լուսավոր Հայաստանին», «Հանրապետությանը» կամ ինչ-որ մի նորահայտ ուժի

Աղասի Ենոքյանի հրապարակումը.

Նիկոլ Փաշինյանը որոշել է ամեն գնով Ազգային Ժողովը շուտափույթ լուծարել և անցկացնել արտահերթ ընտրությունները դեկտեմբերին։ Դրա համար նա ձեռնարկել էր բանակցություններ քաղաքական ուժերի հետ, սակայն միաժամանակ ենթադրում էր հրապարակը լցնել ԱԺ նիստերի դահլիճ և խոչընդոտել նիստերը և դրանով հասնել լուծարման։

ԱԺ երեք կուսակցություններն այդ սցենարը կանխելու համար ընդունեցին հայտնի օրինագիծը, որը նրանց կապահովագրեր ամբոխին զոհ դառնալուց և կերաշխավորեր բանակցությունների ընթացքը։ Այս քայլերը մակածեցին քաղաքական ճգնաժամ, որի պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանը դնում է ԱԺ ընդունած որոշման վրա։ Այս տրամաբանությամբ ստացվում է, որ խորհրդարանը չուներ իր գոյությունը պաշտպանելու և նախօրոք համաձայնեցված գրաֆիկով մահանալու իրավունք, պահանջվում էր, որ նա հենց տեղում մահանա և, ըստ այդմ, էլ մեղավոր էր, որ չգնաց հանկարծամահության սցենարով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ազգային ժողովի շուտափույթ լուծարման իրական պատճառները դեռևս անհայտ են։ Բացի արդեն ներդրումների վերաբերյալ չեղարկված պատճառից, կարելի է ենթադրել նաև անվտանգության հետ կապված առիթներ, որոնք վարչապետը, Հայաստանի անվտանգության նկատառումներից ելնելով, չի ցանկանում բացահայտել։

Սակայն դեկտեմբերին արտահերթ ընտրություն անցկացնելու որոշումն էապես վտանգելու է հակակշիռների մեխանիզմը Հայաստանում և դրանով իսկ սպառնալիք է դառնում քաղաքական անվտանգությանը։ Առանց այն էլ թույլ կուսակցական համակարգ ունեցող երկրում այն ամբողջապես կվերացնի բազմակուսակցական համակարգը և կհաստատի ՔՊ մենաշնորհը։

Քաղաքական ուժերը պատրաստվում էին մայիսին հայտարարված ընտրություններին և հիմա բացարձակ անպատրաստ են դեկտեմբերյանին։ Բացի խորհրդարանական ուժերից, որոնք հանրահավաքներով և մեդիայի ջանքերով ծայրահեղ վարկաբեկվեցին և այժմ չեն էլ կարող մտածել ընտրություններում որևէ հաջողության մասին, կային նաև բազմաթիվ արտախորհրդարանական ուժեր, որոնք, մայիսը որպես նշանակետ ունենալով, մանրամասն նախընտրական քայլեր էին մշակում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիմա սրանք բոլորը հայտնվում են լուսանցքում։ Դեկտեմբերին ընտրություններ անցկացնելու դեպքում ձայների անհամեմատ ճնշող մեծամասնությունը կանցնի ՔՊ-ին, սակայն քանի որ Սահմանադրությունը պահանջում է, որ լինի նաև ընդդիմություն, ապա Նիկոլ Փաշինյանը ընդդիմություն կնշանակի իր «Լուսավոր Հայաստանին», «Հանրապետությանը» կամ ինչ-որ մի նորահայտ ուժի, ասենք «Առաքելություն» կուսակցությանը, որը հանկարծ քաղաքական երկնակամարում հայտնվեց Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, և ոչ ոք հնարավորություն չունեցավ հասկանալու, թե ինչու այն հայտնվեց, ով էր և ինչ ֆունկցիա էր կատարելու։

Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն անընդհատ մի գործոն են ներկայացնում՝ հիմա ՔՊ-ն ունի շատ բարձր վարկանիշ, ամենալայն ժողովրդական աջակցություն, ուրեմն պետք է ընտրությունն անցկացնել հենց հիմա։ Այսինքն, պետք է օգտվել տվյալ պահին ունեցած բարձր ժողովրդականությունից։

Այստեղից հասկանալի է դառնում, որ նրանք վստահ չեն՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մայիսին կունենա այդքան բարձր ժողովրդականություն, և պետք է օգտագործել ներկա բարենպաստ պահը։ Ավելի պարզ ասած՝ Փաշինյանի այս պաշտպանները վստահ չեն նրա կառավարության աշխատունակության և արդյունավետության վրա։ Իրականում սա շատ վտանգավոր պնդում է։ Դուրս է գալիս, որ մեր կառավարությունը, ապագայի ռեալ հեռանկար չտեսնելով, ցանկանում է օգտագործել էյֆորիան, մոնոպոլիզացնել իշխանության բոլոր ճյուղերը, որպեսզի հետագա անարդյունավետ աշխատանքի դեպքում չլինի այնպիսի մարմին, որը նրանից հաշվետվություն կպահանջի։

Բազմիցս է ասվել, որ ներկայիս խորհրդարանը չի կարող խոչընդոտ լինել տնտեսական զարգացման համար, և պատգամավորները բազմիցս են նշել, որ մինչ այժմ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի բերել տնտեսական բարեփոխման որևէ օրինագիծ, որպեսզի այն մերժեն։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն անգամ փորձ էլ չի արել ստուգել՝ արդյոք այս ԱԺ-ն խանգարում է տնտեսական զարգացմանը, թեև պնդում է, որ տնտեսական հրաշքին հենց ԱԺ-ն է խանգարում։

Իրավիճակն ավելի է բարդանալու ձմռանը, երբ և՛ սննդամթերքն է թանկանում, և՛ կտրուկ աճում են կոմունալ ծախսերը։ Ավելին, զուտ եղանակային պատճառով ձմռանն ավելի դժվար է լինելու հանրահավաքներ և այլ զանգվածային քաղաքական և ժամանցային միջոցառումներ կազմակերպելը։ Նոր տարվա նախօրեին՝ դեկտեմբերին, ավանդական տոնական ծախսերի ժամանակ կտրուկ աճելու է քաղաքացիների դժգոհությունը տիրող վիճակից։ Մինչդեռ հենց դեկտեմբերին անցկացվող ընտրությունները, Ամանորի նախօրեին կազմվող կառավարությունը, մարդկանց համար կտա լիքը քննարկման նյութ, որը կփոխարինի սեղանների առատությանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով