Փայլանի պատասխանը Թուրքիայի փոխնախագահին՝ «Թուրքական թեզերը ռասիստական են»

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության»  (HDP-ԺԴԿ) պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանը մեկնաբանել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի փոխնախագահ Ֆուհաթ Օքթայի հակահայկական հայտարարությունը:

«Bianet» լրատվական կայքին տված մեկնաբանության մեջ Փայլանը նշել է, որ Թուրքիայի նոր դիրքորոշումը հիմնված է ոչ թե առերեսման, այլ ժխտողականության ու ձուլման վրա և այս տեսանկյունից  նոր թշնամիների կարիք կա:

Ըստ Փայլանի՝ Թուրքիայում բնակվող հազարավոր հայերի ցավի նկատմամբ ոչ մի կարեկցանք չպարունակող հայտարարություններն այնտեղ ապրող ժողովուրդներին ոչ մի օգուտ չեն տալու։ Փայլանը, նշելով, որ նման արտահայտությունները «թուրքական ազգայնական մտածելակերպի» արդյունքն են, հավելել է. «Նրանք, ում դուք թշնամի եք դարձրել, մեր ազգականներն են, մեր քաղաքացիներն են»:

Փայլանն Օքթայի հայտարարությանն արձագանքել է նաև «Twitter»-ում կատարած գրառմամբ.

«Հայկական սփյուռքը կայսերիցին, մալաթիացին, ստամբուլցին, բուրսացին, թեքիրդաղցին, դիարբեքիրցին է։ Նրանք, ում դուք թշնամի եք դարձրել մեր բարեկամներն ու մեր քաղաքացիներն են։ Թուրքական թեզերը ռասիստական են և ցեղասպան։ Մեր ցավի օջախը Թուրքիայում է և միայն Թուրքիայում է հնարավոր այն բուժել»։

Հիշեցնենք, որ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, ելույթ ունենալով Թուրքիայի պատմագիտական ընկերության կողմից կազմակերպված «Թուրքական պատմության համաժողովի» բացմանը, անդրադարձել էր Հայոց ցեղասպանությանը: Օքթայը, նշելով, որ իրենք Հայկական սփյուռքի ճնշմամբ թուրքական թեզերն արգելող խորհրդարանների որոշումները չենք հարգում, ասել էր .

«Նրանք, ովքեր ցանկանում էին 1915-ի դեպքերն օգտագործելով մեր պատմությունը սևացվել,  չնայած իրենց ջանքերին, չեն հասել իրենց նպատակներին՝ բացառությամբ մեր երկրի նկատմամբ բացահայտ թշնամանք ունեցող պետությունների: Հատկապես 2015թ-ից առաջ ակտիվացած զրպարտող արշավներն արդյունք չտվեցին՝ շնորհիվ մեր երկրի կեցվածքի, Թուրքիայի պատմագիտական ընկերության նման պետական հաստատությունների ջանքերի և մեր դիվանագետների աշխատանքի»:

 

 

Ermenihaber

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով