Տրապիզոնի միակ կանգուն հայկական վանքը անմխիթար վիճակում է

Թուրքիայի Տրապիզոն նահանգի Օրթահիսար շրջանի Բոզթեփե գավառում է գտնվում  «Քայմաքլը» կամ Սուրբ Ամենափրկիչ պատմական հայկական վանական համալիրը  անմխիթար վիճակում է հայտնվել: Այն Տրապիզոնի ողջ տարածքում մինչև մեր օրեր հասած միակ հայկական վանքն է:

Ենթադրվում է, որ համալիրը կառուցվել է 15-րդ դարում։ Որոշ աղբյուրներ վկայում են 1424թ․ կամ 1421թ․ կառուցված լինելու մասին։ Վանքի «Քայմաքլը» անվան հետ կապված երկու ավադազրույց կա։ Առաջինի համաձայն՝ վանքի բակում «կաթնաղբյուր» կոչվող մի աղբյուր է եղել, որից կաթ է հոսել, այստեղից էլ համալիրը կոչվել է «քայմաքլը» (թուրքերեն «kaymak»՝ «կաթի սեր, սերուցք» բառից- խմբ․)։ Մեկ այլ ավանդազրույցի համաձայն՝ վանքի տարածքում նաև կաթնամթերք է արտադրվել, որը վաճառվել է նաև բնակչությանը և «քայմաքլը» անունը այդտեղից է սկիզբ առել։ Ավելի վաղ վանքը հայտնի է եղել նաև «Կանաչ վանք» անունով։

Իսկ վանական համալիրի «Սուրբ Ամենափրկիչ» անվան հետ կապված կա մի պատմություն, համաձայն որի՝ վերանորոգման աշխատանքների ժամանակ գմբեթից մի բանվոր է ընկել, սակայն ոչ մի վնասվածք չի ստացել, այդ պատճառով էլ վանքը կոչել են «Ամենափրկիչ»։

Մինչև 1915թ. Սուրբ Ամենափրկիչը եղել է Տրապիզոնի եպիսկոպոսարանը, իսկ 1914-1918 ժամանակահատվածում տեղի ունեցած հրդեհից հետո  թողնվել բախտի քմահաճույքին:

Մեր օրերում համալիրից կանգուն է մնացել միայն եկեղեցին, որտեղ պատարագներ են մատուցել։ Այսօր այն տեղի բնակիչներից մեկի մասնավոր սեփականության մասն է կազմում։ Եկեղեցու պատերին այսօր էլ պահպանվել են աստվածաշնչյան թեմաներով որմնանկարներ, այդ թվում՝ նաև «Վերջին դատաստանի տեսարանը»։ Դրանք ենթադրաբար արվել են 1500-1600-ական թվականներին։ Համալիրի տարածքում նաև  բազմաթիվ խաչքարեր կան։

Թուրքիայի Սևծովյան տեխնիկական համալսարանի դասախոս Իսմաjիլ Քյոսեն վկայում է, որ այս տարածաշրջանում 100- 200 հայկական եկեղեցիներ ու վանական համալիրներ են եղել, որոնցից մեծ մասին տարածքները այսօր բնակչության մասնավոր սեփականությունն են դարձել։ Նրա կարծիքով՝ այս բոլոր վանքապատկան տարածքները պետականացնելու և եկեղեցիների վերակառուցելու կարիք կա, ինչի համար լուրջ և լայնածավալ աշխատանքներ են անհրաժեշտ։

 

Աղբյուր`    milliyet.com.tr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով