«Սրիկայություն և անբարոյականություն»․ Քոչարյանն այսպես էր արձագանքել հոկտեմբերի 27-ին իրեն արված առաջարկին

19 տարի առաջ՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողով ներխուժեցին զինված անձինք և իրականացրին ոճրագործություն, որին զոհ գնացին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի փոխնախագահներ Ռուբեն Միրոյանը, Յուրի Բախշյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը: «Հոկտեմբերի 27-ի» գործով դատավճիռը հրապարակվեց 2003 թվականի դեկտեմբերի 2-ին: Նաիրի և Կարեն Հունանյանները, նրանց քեռին՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման, Համլետ Ստեփանյանը՝ 14 տարվա:

Այս տարվա օգոստոսի 16-ին «168 ժամ» թերթը հրապարակեց հուշագրավ մի փաստաթուղթ, որի մասին բազմիցս խոսվել և գրվել է ԶԼՄ-ներում, սակայն այն մինչ այդ չէր հրապարակվել։

Այն 1999թ. հոկտեմբերի 27-ին Պաշտպանության փոխնախարար Աստվածատուր Պետրոսյանն ԱԺ-ում փոխանցել էր նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Թերթը գրում է․ «Ժամանակին լրատվամիջոցները բազմիցս անդրադարձել են այդ ցուցակին՝ գրելով, որ ըստ տարածված լուրերի` մի խումբ զինվորականներ ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար (1999-2000թթ.) Վահան Շիրխանյանի գլխավորությամբ անմիջապես փորձել էին ստանալ Քոչարյանի համաձայնությունը՝ իրենց հանձնելու կառավարության ղեկը և որոշ մարդկանց միջև պաշտոններ բաշխելու: Ցուցակի մասին փորձեցինք ճշտել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից: Մեզ պատասխանեցին, որ դա այն նույն ցուցակն է, որի օրիգինալն իրենց մոտ է պահպանվում, և որը Քոչարյանին առաջարկվել է՝ որպես գործարք. Քոչարյանը նշանակում է ցուցակում ներկայացված անձանց՝ ըստ նշված պաշտոնների, իսկ վերջիններս չեն շահարկում Քոչարյանի անունն այդ օրը տեղի ունեցած սարսափելի ոճրագործության իբր կազմակերպիչների, կամ գոնե`շահագրգիռ անձանց շարքում:

Ըստ մամուլի հրապարակումների՝ Ռոբերտ Քոչարյանին խիստ զայրացրել է գործարքի այդ առաջարկը, որով նրան շանտաժ էր արվում` իրականության հետ կապ չունեցող մեղադրանքով: Ըստ նույն աղբյուրների` Քոչարյանը ՊՆ պատվիրակներին դուրս է հանել` «սրիկայություն և անբարոյականություն» որակելով նրանց այդ շանտաժային քայլը, այն էլ այն պահին, երբ Վազգեն Սարգսյանի դիակը դեռ գտնվում էր խորհրդարանում:

Ի դեպ, հոկտեմբերի 27-ի ԱԺ այդ նիստից, որին ներկա էր ողջ կառավարությունը, զարմանալիորեն բացակայում էր ՀՀ Արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Վահան Շիրխանյանը, ով, ըստ Քոչարյանին ներկայացված ցուցակի, պետք է նշանակվեր ՀՀ վարչապետի պաշտոնում:

Ցուցակը, ըստ ամենայնի, գրվել է հենց Շիրխանյանի ձեռամբ: Ցուցակում նշված է եղել. ՀՀ վարչապետ` Վահան Շիրխանյան, ՀՀ Գլխավոր դատախազ` Գագիկ Ջհանգիրյան, Ազգային անվտանգության նախարար` Վյաչեսլավ Հարությունյան, Ներքին գործերի նախարար` գնդապետ Մուրադ Կիրակոսյան, Համակարգող նախարար` Անդրանիկ Քոչարյան (այն ժամանակ` ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի խորհրդական, հետո՝ 2008թ. մարտի 1-ի և 2-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամ):

Հիշեցնենք, որ 1999թ. նոյեմբերի 17-ին «Առավոտ» թերթին տված հարցազրույցում Վահան Շիրխանյանը հաստատել է այդ ցուցակի գոյությունը՝ ասելով, որ Ռոբերտ Քոչարյանը «զայրացել» էր այդ ցուցակը տեսնելով:

Պատասխանելով «Առավոտի» հարցին՝ «Ձե՞ր նախաձեռնությունն էր։ Ես նաև այսպիսի մի վարկած եմ լսել, թե նախագահի առաջարկով է ներկայացվել այդ ցուցակը», Վահան Շիրխանյանը պատասխանել է. «Ո՛չ։ Դա պատահական հնչեց։ Այդ աղմուկ-աղաղակի, հրամանատարների շարժման մեջ մեկը (հիմա չեմ հիշում, թե ով էր) ասաց, թե՝ եկեք մի այսպիսի քայլ անենք։ Ես ասացի, որ, եթե համաձայն են սպասել այդ ցուցակի պատասխանին՝ ուղարկենք։ Համաձայնեցին, և ցուցակն ուղարկվեց նախագահին»։ Դիտարկմանը, որ ինչպես այդ ցուցակում ԱԱՆ նախարարի թեկնածու նշված Վյաչեսլավ Հարությունյանը, այնպես էլ մյուսները նախագահի առջև արդարացել էին, թե իրենք բացարձակապես տեղյակ չեն եղել, որ իրենց անունները ներառվել են այնտեղ, նա պատասխանել էր.

«Այդ պահին որևէ մտադրություն չի եղել, որ ցուցակում նշված մարդիկ պետք է զբաղեցնեն այդ պաշտոնները։ Եղել է մի խնդիր, այնպես անել, ինչպես ցանկանում են հրամանատարները, որ նրանք հանգստանան։ Վյաչեսլավ Հարությունյանը խիստ բարձրակարգ մասնագետ է, և նրան ընդգրկելը հրամանատարների առաջարկն էր»։ Հարցին էլ, թե ցուցակն Անդրանիկ Քոչարյա՞նն է ներկայացրել, Վ. Շիրխանյանը պատասխանել է. «Նա մենակ չէր՝ 3-4 հոգու հետ էր։ Պատգամավոր է եղել հետները, զինվորական (այլ աղբյուրներից պարզեցինք, որ խոսքը Մյասնիկ Մալխասյանի և Աստվածատուր Պետրոսյանի մասին է.- «Առավոտ»), մնացածներին չեմ հիշում։

Գագիկ Հարությունյանը Պաշտպանության նախարարությունում էր և տեսնում էր առկա վիճակը։ Ո՛չ նախագահը, ո՛չ էլ որևէ մեկը չէր պատկերացնում, թե ինչ էր այնտեղ կատարվում, բացի այդ պահին այնտեղ գտնվողներից։ Տեղեկություն էին հասցրել, թե ՊՆ-ում 3-4 խռովարարներ աղմուկ են բարձրացնում, որը նույնպես հասավ հրամանատարներին։ Գագիկ Հարությունյանը վերադարձավ և ասաց, թե նախագահը զայրացած է, որ այս ինչ է՝ դիակները դեռևս տաք, պաշտոննե՞ր եք բաժանում»:

yerevan.today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով