Սերժ Սարգսյանն այլևս չի բնակվելու կառավարական ամառանոցում․ Գրասենյակի ղեկավար

Հայաստանի պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը օրենքով նախատեսված կեցավայրի տրամադրման շուրջ կառավարության աշխատակազմի ղեկավարի հետ քննարկումների ամբողջ ընթացքում երբեք պահանջներով հանդես չի եկել: Այդ մասին Aysor.am-ի հարցին ի պատասխան՝ ասել է Սերժ Սարգսյանի գրասենյակի  Նաիրի Պետրոսյանը։ Նա նշել է, որ գրասենյակը որևէ բազմամիլիոնանոց առանձնատուն առավել ևս չի պահանջել:

«Սերժ Սարգսյանի գրասենյակը քննարկումների ամբողջ ընթացքում որևէ պահանջ չի ներկայացրել։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ պայմանավորվել էինք, որ նախագահ Սարգսյանի համար կեցավայր ընտրելու հարցում որպես չափանիշ ընդունվելու են ՀՀ առաջին և երկրորդ նախագահների համար արդեն գտնված լուծումները: Լուծումը պետք է լիներ տրամաբանական՝ համապատասխանելով նման կեցավայրի անվտանգության պահանջներին», — ասել է Նաիրի Պետրոսյանը։

Նա նշել է, որ այս ընթացքում Սերժ Սարգսյանը նպատակահարմար չի գտել ընդունել կառավարության կողմից առաջարկված կեցավայրի տարբերակը` մի շարք դրդապատճառներից ելնելով: «Նախագահ Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել, որ այլևս չի բնակվելու կառավարական ամառանոցում և ողջամիտ ժամկետում դուրս կգա այդ տարածքից՝ տեղափոխվելով այլ առանձնատուն»,- տեղեկացրել է Նաիրի Պետրոսյանը:

Aysor.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով