Անթիլիասում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հանդիպումը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր Անթիլիասում հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ:

Հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանը Արամ Ա Կաթողիկոսի ուղեկցությամբ այցելել է Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարի հարևանությամբ կառուցված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող մատուռ, ծաղիկներ դրել և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի և Արամ Ա Կաթողիկոսի առանձնազրույցը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր ողջույնի խոսքում նշել է. «Սիրելի պարոն վարչապետ, մեկ անգամ անհուն ուրախությամբ ողջունում եմ Ձեր ներկայությունը Ձեր տանը: Եկեղեցին մեր ժողովրդին է պատկանում. մենք ժողովրդից ենք գալիս, ժողովրդին ենք պատկանում և կոչված ենք մեր ժողովրդին ծառայել: Սա մեր ժողովրդի, հայրենիքի տունն է, մենք այս հասկացողությամբ ենք կազմավորվել և մեր ուսումն ենք առել այստեղ:

Երբ Կիլիկիան կորցրեցինք որպես թագավորություն և որպես հող, մենք հոգևոր Կիլիկիան ստեղծեցինք: Այս գործոնը հոգևոր Կիլիկիայի ծագմանը, զարգացմանը մեծապես նպաստեց, ինչպես առավոտյան Ձեր խոսքի մեջ ակնարկեցիք, և այս աթոռի առաքելությունն է` մեր ժողովրդի կյանքում կենսագործել մեր հոգևոր, առօրեական, մշակութային, ազգային արժեքները:

Մենք Հայաստանը երազեցինք, Հայաստանն ուզեցինք մեր երազի պատկերով տեսնել, ազատ, անկախ Հայաստան երազեցինք և ունեցանք: Հետևաբար, այս աթոռի հիմնական մասը ներկայացնում է Հայաստանի հզորությունը, և ես ուրախ եմ անձնապես, որ ինչպես եկեղեցու մեջ ասեցի, մեր հայրենիքի ժամանակակից պատմության մեջ մի նոր էջ բացվեց` հույսի և սիրո,

միասնության և տեսլականի, Հայաստանի ապագային առնչվող նոր էջ: Եվ ես առաջին իսկ օրվանից կոչ ուղղեցի մեր ժողովրդին` ոչ միայն հեռվից հպարտանալու, ուրախանալու, այլև մասնակից դառնալու Հայաստանի վերակերտման, հզորացման աշխատանքներին:

Հետևաբար, այս առիթոց մեկ անգամ ևս Ձեզ հայտնում եմ, որ այս աթոռն իր թևերով, և ես անձնապես ամբողջական իմաստով նեցուկ եմ Ձեզ, որովհետև Ձեր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է: Հետևաբար, մենք բոլորս ցանկանում ենք, որ հայրենիքը` Ձեր իմաստուն ղեկավարությամբ, ավելի հզորանա: Մեկ անգամ ևս այս մտածումներով և սպասումներով ողջունում եմ Ձեզ»:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է. «Շնորհակալ եմ, Վեհափառ տեր: Անկեղծ ասած, շատ տպավորիչ այցելություն ստացվեց: Ես ուզում եմ նախևառաջ ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ` Ձեր հոգևոր գործունեության 50-ամյակի կապակցությամբ: Ես իմ գնահատանքի խոսքերն արտահայտեցի առավոտյան տեղի ունեցած միջոցառման ժամանակ:

Ցանկանում եմ վերահաստատել իմ մեծ հարգանքով պատկառանքը և գնահատանքը Ձեզ և Ձեր գործունեությանը և շնորհակալություն հայտնել հրավերի համար, որովհետև այս հրավերը հնարավորություն տվեց, որ լիբանանահայության բոլոր շերտերի հետ շփվելու, ծանոթանալու առիթ ունենամ: Իհարկե, մեծապես հաճելի էր արձանագրել, որ Հայաստանի կառավարությունն ունի մեր հայրենակիցների լիակատար աջակցությունը: Հավատացեք, դա մեզ մեծ ուժ է տալիս, և առավել ևս Ձեր խոսքը, Ձեր դիրքորոշումը, որ Դուք արտահայտել եք հենց թավշյա հեղափոխության, փոփոխությունների օրերին, ինչի համար ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել:

Ցանկանում եմ ասել, որ այդ փոփոխությունները չէին կարող տեղի ունենալ առանց Սփյուռքի միանշանակ աջակցության, և նաև Սփյուռքի և հայության միանշանակ աջակցությունն էր այն գործոններից մեկը, որ հնարավորություն տվեց քաղաքական գործընթացներն իրականացնել բացառապես խաղաղ, սիրո և համերաշխության մթնոլորտում, որովհետև այնքան ակնհայտ էր հայության դիրքորոշումը ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում, որ պարզապես որևէ դիմադրություն անիմաստ էր դառնում:

Իհարկե, շատ կարևոր է ապագայի մասին խոսելը, և գտնվելով հայության այսպիսի հոգևոր կենտրոնում` ես ցանկանում եմ ապագայի մասին խոսելիս շեշտել հավատի գործոնը: Մենք պետք է հավատանք մեզ, մեր ժողովրդի ապագային, մեր ուժերին, և դա թերևս ամենակարևորն է: Եթե կա հավատ, համոզմունք և նպատակ, այդ նպատակը հասանելի է, որովհետև, ինչպես Աստվածաշնչում` Նոր կտակարանում է ասվում, եթե մանանեխի չափ հավատ ունենաս, լեռներ կարելի է շարժել:

Հայաստանում տեղի ունեցածը ևս մեկ անգամ ապացուցեց հետևողականության սկզբունքի, հավատքի ուժը, որովհետև ժողովուրդն, ի վերջո, հավատաց ինքն իրեն, և այդ հավատն էր, որ առաջ մղեց մեզ և բերեց հաղթանակի: Ես հույս ունեմ և համոզված եմ նաև, որ մեր ժողովուրդը հավատն իր ուժերի նկատմամբ չի կորցնի, որովհետև շատ կարևոր է արձանագրել` ինչն է

էական: Էականն այն չէ, որ այս անձի փոխարեն մյուս անձը դարձավ վարչապետ կամ նախարար կամ որևէ այլ պաշտոնյա: Էական փոփոխությունն այն է, որ ժողորդի ձայնը դարձավ վճռական իշխանության ձևավորման գործում, ինչպես և նախատեսված է մեր երկրի Սահմանադրությամբ, և որևէ կասկած չկա, որ այդպես էլ պետք է շարունակվի: Պետք է հուսանք, որ մեր գործերով, մեր գործունեությամբ ոչ միայն չենք հիասթափեցնի մեր ժողովրդին, այլև նրան նոր շունչ, նոր հավատ կներշնչենք սեփական ուժերի նկատմամբ: Իհարկե, այս գործում շատ կարևոր է Ձեր աջակցությունը և շնորհակալ եմ Ձեր պատրաստակամության համար»:

 

Նմանատիպ նորություններ

Վարչապետը պետք է հայտարարի, որ Արցախում ստացել է ի... Արցախին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու իշխանություների դիրքորոշումը  կեղծ օրակարգ է, քանի որ բանակցային գործընթաց երբևէ տեղի չի ունե...
Հանրային ելույթ եմ ունենալու, երբ անհրաժեշտ գտնեմ.... Հրաժարականից հետո առաջին անգամ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է լրատվամիջոցի հարցերին։ Հանրային հեռուստաընկերության լրագրողին հաջո...
«Ծերուկն իսկապես անտանելի է դառնում».Արամ Հարությ... «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Կալանավայրի անէությունից կրկին «հառնած» Վահան Շ...
Միայն թե հաջորդ զեկույցում Հայաստանը չներառվի ԱՊՀ ... Ըստ ՄԱԿ-ի «Երջանկության համաշխարային զեկույցի» Հայաստանը 13 կետով բարելավել է դիրքերը` նախորդ տարվա 129-րդ հորիզոնականից հայտնվելով 116-րդ հորիզոն...
ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փ... Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է հայրենակիցներին Նովրուզի տոնի առթիվ: Նա հերթական անգամ նշել է, որ Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է ...
Մոսկվայի բնակարաններից մեկում 11–ամյա ՀՀ քաղաքացու... Մոսկվայի բնակարաններից մեկում տղա երեխայի դի է հայտնաբերվել, ով ունեցել է մանկական ուղեղային կաթված։ Այս մասին հաղորդում է mskagency.ru–ն` հղու...
Նորմալ երկրում նորմալ ղեկավարի օրոք Դավիթ Անանյանն... ՊԵԿ նախագահ Դավիթ ԱՆանյանի և իր թիմի ֆանտաստիկ պարգևավճարները ոչ այլ ինչ են, քան պետական միջոցների թալան: Նույնը վերաբերում է միլիոններով պարգևավճ...
«Քաղաքը արդեն քարուքանդ է լինում, իսկ դուք թիթեռ ե... Ես հասկանում եմ,որ այսօրվա քաղաքային իշխանությունները ձախողել են բոլոր աշխատանքները և դրա համար փորձում են հասարակության ուշադրությունը շեղել ինչ-...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով