«Որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել». Շարմազանովը՝ Փաշինյանի հետ բանակցությունների մասին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը 168.am-ի հետ զրույցում ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների մանրամասները.

«Դա այդքան էլ բանակցություն չէր, որքան վարչապետը եկել էր իրազեկելու իր կարծիքի մասին, որովհետև բանակցությունները սովորաբար լինում են, երբ լինում է փոխզիջում, երբ լինում է մեկը մյուսին լսելու ցանկություն, երկխոսություն: Հանդիպմանը ներկա էին շատ պատգամավորներ՝ չորս խմբակցություններից, Կառավարության որոշ ներկայացուցիչներ են եղել:

Գլոբալ առումով որևէ պայմանավորվածություն ձեռք չենք բերել, հախուռն բոլորն էլ խոսել են, միմյանց լսել են, զրուցել են: Որևէ բան չենք որոշել: Իր առաջարկությունները պարզ են մեզ բոլորիս, մեր դիրքորոշումն էլ է պարզ: Մեկ պայմանավորվածություն ենք միայն ձեռք բերել, որ պետք է քննարկումներ լինեն: Բոլորս էլ մտահոգված ենք իրավիճակով և մեր թիմի նպատակն է՝ մեր երկիրը ցնցումների չենթարկվի»:

Էդուարդ Շարմազանովը անդրադարձավ նաև ԱԺ-ի կողմից ընդունված ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխությունների վիճահարույց նախագծին.

«Մենք ասել ենք, որ այս օրենքը կապ չունի արտահերթ ընտրությունների սահմանափակման հետ: Իհարկե, արտահերթ ընտրություններին ես դեմ եմ քվեարկել և ՀՀԿա-ական շատ պատգամավորներ, բայց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունը հնարավորություն է տվել և օժանդակել է, որ կառավարության ծրագիրն ընդունվի, և կառավարության ծրագրում հստակ նշված է՝ մինչև մեկ տարի ժամանակ: Ավելին, Նիկոլ Փաշինյանն իր եթերներից մեկում նույնիսկ նշել էր մայիս, հունիս ամիսները: Մի բան կարող եմ հստակ նշել, որ այս օրենքի ընդունումը միտված չի եղել խոչընդոտել երկրում արտահերթ ընտրությունների անցկացումը: Այս օրենքի ընդունումը միտված է եղել Ազգային ժողովի բնականոն աշխատանքը ապահովելուն»:

Է.Շարմազանովը անդրադարձավ նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցին, նշելով.

«Դեկտեմբեր ամսվա մասին պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Սա է քաղաքական ուժերի հիմնական տարաձայնությունը եղել: Եվ տարբեր քաղաքական ուժեր տարբեր բան են առաջարկել: Ուժերից մեկն առաջարկել է, որ անցնցում լինի ամեն ինչ, որ չլինի արհեստական, հրատապ զարգացում: Ուժերից մեկն էլ ասել է, որ պետք է պահպանվի Ազգային ժողովի և Կառավարության՝ իշխանությունների տարանջատման սկզբունքը և այս տարրական հարգանքը, Սահմանադրությունը պետք է պահպանվի:

Հիմա ես չեմ ուզում որևէ որակում տալ, որպեսզի կրակի վրա յուղ չլցնեմ: Միգուցե, վաղը կրկին հանդիպենք, որովհետև չի եղել տետ ա տետ հանդիպում: Քննարկում է եղել, մենք մեր կարծիքն ենք ասել, իրենք իրենց կարծիքն են ասել: Մենք բոլորս պետության քաղաքացիներ ենք և պետական մտածողությունը պետք է գերակշռի և մենք իրավունք չունենք պետությունը տանել ցնցումների:

Հիմա ամեն մեկը ցնցումը մի կերպ է հասկանում, ամեն մեկը պետական գաղափարախոսությունը և պետականը շահը մի կերպ է հասկանում: Չեմ ուզում կտրուկ բաներ ասել, բայց երբ դու գալիս ես բանակցությունների, դու չպետք է գաս ուլտիմատումով:
Հիմա նստենք՝ քննարկենք: Վերջում կոնկրետ որևէ պայանավորվածության չեկանք, բացառապես մի պայմանավորվածությունից, որ կարիք կա քննարկելու: Որովհետև եղավ հիմնական քննարկում, հետո տարբեր քաղաքական ուժեր առանձին քննարկեցին, այնուհետև մեկը փոխվարչապետի հետ էր քննարկում, մյուսը՝ վարչապետի, որոշները՝ նախարարների:

Այսինքն, հստակ մեկ հոգի չի խոսել և բոլորի անունից չի խոսել: Տարբեր առաջարկներ են եղել, ես նույնիսկ հիմա դժվարանում եմ բոլոր առաջարկները վերհիշել, բայց փաստ է, որ վերջնական պայմանավորվածություն ձեռք չի բերվել, ես մնացել եմ իմ կարծիքին, վարչապետը մնացել է իր կարծիքին, տարբեր քաղաքական ուժեր իրենց կարծիքն են առաջարկել, բայց հիմնական կարծիքն այն է, որ չի կարելի երկիրը տանել ցնցումների և պետք է հարգել Սահմանադրությունը և պետք է հարգել իշխանությունների տարանջատման սկզբունքը, ինչպես նաև պետք է հարգել մեր ժողովրդի կարծիքը: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Այնպես որ, որևէ կողմ չփոխեց իր դիրքորոշումը»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով