Նա նրբանկատ զրուցակից էր. Ռոբերտ Քոչարյանը՝ Շառլ Ազնավուրի մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ։

«Խոր վշտով տեղեկացա Շառլ Ազնավուրի մահվան մասին։ Իմ և ընտանիքիս անունից անկեղծ ցավակցությունն եմ հայտնում նրա հարազատներին ու մտերիմներին, նրա անմահ երգերի բոլոր երկրպագուներին։ Չափազանցություն չի լինի ասել, որ իր կյանքի հետ միասին պատմության մեջ ավարտվեց մի ամբողջ մշակութային դարաշրջան։

Հնարավոր չէ մեկ բառով բնորոշել Ազնավուրին։ Կյանքից հեռացավ մեծ երգիչ, մեծ արվեստագետ, մեծ հայրենասեր և պարզապես՝ Մեծ Մարդ։

Ջերմությամբ եմ հիշում մեր բազմաթիվ հանդիպումները՝ Երևանում և աշխարհի տարբեր մայրաքաղաքներում, ուր խաչվում էին մեր ճանապարհները։ Շառլի հետ բոլոր շփումները հիրավի հիշարժան էին։ Նա նրբանկատ զրուցակից էր, յուրահատուկ ու հետաքրքիր կենսափիլիսոփայության կրող, ով կարողանում էր արտահայտել իր գաղափարներն ու սփռել իր արժեքները ինչպես բեմից, այնպես էլ առօրյա կյանքում։

Անգնահատելի է Շառլ Ազնավուրի ավանդը մեր հայրենիքի շենացման, մշակութային զարգացման ու հայերիս համաշխարհային համբավ բերելու գործում։ Վստահ եմ՝ դեռ երկար տարիներ նա տարբեր ժողովուրդների համար ամենահայտնի հայն է մնալու ու մարմնավորելու է իսկական հայի հավաքական կերպարը։

Շառլի հիշատակը հավերժ կապրի մեր սրտերում», – նշված է հաղորդագրության մեջ։

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով