Նախարարի մտերիմը փորձում է բիզնես խլել

Politik.am-ը գրում է.

«Բիզնես Օմբուդսմեն» նախաձեռնությանն է դիմել ա/ձ Ռաիսա Ամիրջանյանը ներքոնշյալ խնդրով.

Այսպես, 01.02.2007թ. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ՓԲԸ-ի և ա/ձ Ռաիսա Ամիրջանյանի միջև կնքվել է տարածքի վարձակալության պայմանագիր, որի համաձայն ա/ձ Ռ. Ամիրջանյանի ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը մինչև 17.01.2020թ-ը, ամսական 100.000 ՀՀ դրամ գումար վարձավճարով հանձնվել է ՀՀ, ք. Երևան, Գյուրջյան 10 հասցեում տեղակայված համապատասխան տարածք՝ մոտ 34քմ մակերեսով։ Նշենք, որ մեկ քմ-ի հաշվարկով վարձավճարի չափը կազմում է մոտ 3,000 դրամ, ինչը Նոր Նորքի տվյալ տարածքի համար շուկայական վարձավճարներին շատ մոտ է։

Ա/Ձ Ռաիսա Ամիջանյանը զբաղվել և զբաղվում է սգո առարկաների վաճառքով և/կամ վարձույթով։ Վարձակալած տարածքն ըստ էության, գտնվում է հիվանդանոցին կից գործող դիահերձարանի շենքում։ Նշենք, որ նույն շենքում, բացի ա/ձ Ռաիսա Ամիրջանյանից՝ նույնատիպ գործունեություն են ծավալում թվով երկու այլ սուբյեկտներ։

Մինչդեռ, այս տարի, մինչև վարձակալության պայմանագրի ժամկետը լրանալը՝ ա/ձ Ռաիսա Ամիրջանյանին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի կողմից ներկայացվել է վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու ծանուցում՝ խախտելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-468 հոդվածների պահանջները։ Նշենք, որ պայմանագրով նման լուծումը նախատեսված է միայն կողմերի երկկողմանի համաձայնության դեպքում։

Համաձայն կողմի դիմումի՝ ինքը տեղեկություններ ունի, որ բժշկական կենտրոնի ներկայիս ղեկավարությունը ցանկանում է իր յուրայիններին այդ բիզնեսը /վարձակալած տարածքը/ փոխանցել։ Շահառուն նշել է նաև, որ իրենից պահանջել են վարձավճարն անհամաչափ բարձրացնել, այն է՝ 100.000-ից դարձնել մոտ 5.000.000 ՀՀ դրամ։ Ակնհայտ է, որ 50 անգամ վարձավճարի չափը բարձրացնելու ոչնչով չհիմնավորված բժշկական կենտրոնի քայլը կրում է ոչ թե վարձավճարի օբյեկտիվ չափ սահմանելու նպատակ, այլ բիզնեսում «փայ» մտնելու կամ գործող բիզնեսը ոչնչացնելու նպատակ։

Հատկանշական է, որ միևնույն ժամանակ Բժշկական կենտրոնը նույն գործունեությունը ծավալելու արտոնյալ հնարավորություն է տվել իրենց յուրայիններին (մյուս նույնատիպ գործունեություն ծավալողներին, որոնցից մեկն, ըստ որոշակի տեղեկությունների հանդիսանում է բժշկական կենտրոնի տնօրենի ազգականը), ավելին՝ ներքին հրահանգով բոլոր շահագրգիռ անձանց ստիպել են գնալ և օգտվել վերջիններիս կողմից մատուցվող ծառայություններից։

«Բիզնես Օմբուդսմեն» նախաձեռնության կողմից ներկայումս դիմողին տրամադրվում է մասնագիտական խորհրդատվություն՝ վերջինիս օրինական շահերի պաշտպանությանն աջակցելու նպատակով։

«Բիզնես Օմբուդսմեն» նախաձեռնություն

Հ.Գ. Հիշեցնենք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրեն է նշանակվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմ Արման Հովակիմյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով