Մարալիկում ցուցարարները փակել են համայնքապետարանի մուտքը

Մի խումբ ակտիվիստներ փակել են Մարալիկի համայնքապետարանի մուտքը և թույլ չեն տալիս համայնքապետարանի աշխատակիցներին գնալ աշխատանքի։ 168.amին այս մասին հայտնեց Մարալիկի ՀՀԿ-ական քաղաքապետ Արթուր Գևորգյանը։

«Առավոտյան, երբ աշխատակազմն ուզում էր մտնել համայանքապետարան, շուրջ 15-20 հոգի, ովքեր ամիսներ շարունակ փորձում են քայլեր ձեռնարկել՝ իրենց անձնական ցանկություններից ու ամիբիցիաներից ելնելով՝ փակել են համայնքապետարանի դուռը և չի կարգավորվում համայնքապետարանի բնականոն աշխատանքը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ համայնքապետարանի բնականոն աշխատանքը ՏԻՄ գործառույթներից, օրենքից և Սահմանադրության դրույթներից է բխում։

«Աշխատակիցները չեն կարողանում շենք մտնել, շենքը փակված է տարբեր ուժերից կազմված ակտիվիստների կողմից։ Ժողովուրդը մեր կողքին է, Անի խոշորացված համայնքի ամբողջ բնակչությունը մշտապես մեր կողքին է եղել, այս պահին էլ է մեր կողքին։ Ուղղակի մենք չենք ուզում որևէ ավելորդ լարվածություն, բախումներ լինեն»,-ասաց նա։
Ակտիվիստների պահանջը Մարալիկի քաղաքապետի, իր խոսքերով՝ չհիմնավորված հրաժարականի պահանջն է.

«Այդ ակտիվիստներից գրեթե բոլորը հավակնում են այդ աթոռին, որը ժողովրդինն է, ժողովրդի կողմից է ընտրված»,-մեզ հետ զրույցում ասաց քաղաքապետը։

Արթուր Գևորգյանը դիմել է ոստիկանություն, այնտեղից ասել են, թե կփորձեն համայնքապետարանի բնականոն աշխատանքն ապահովել, սակայն, մինչև այժմ դեռ ոչ մի քայլ չի արվել.

«Ոստիկանությունը պարտավոր է ապահովել համայնքապետարանի բնականոն գործունեությունը։ Մինչ այս պահը ոստիկանների կողից ևս տարվում են բանակցություններ ակտիվիստների հետ, բայց առայժմ ապարդյուն»,-ասաց քաղաքապետը։

Նա նշեց, որ ակտիվիստները որևէ կապ չունեն հեղափոխության հետ, պարզապես սկսել են հեղափոխությունից հետո նման նման պահանջ ներկայացնել. «Իրենք այսօր օգտվում են առիթից և փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով