Հասունացող դավադրությո՞ւն, շանտա՞ժ, թե՞ էմոցիոնալ պոռթկում. ինչո՞ւ են աղմկում ծռերը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջերս կուսակցություն դարձած «Սասնա ծռեր» խմբավորման անդամները կարծում են, որ Փաշինյանը շատ մեղմ է՝ իրենց բառերով՝ նախկին ռեժիմի մնացորդների նկատմամբ: Ծռերն առաջարկում են ելնել հեղափոխության առաջ բերած իրավիճակից ու անցումային լուծումներ գտնել՝ չապավինելով նախորդ իշխանության ընդունած սահմանադրությանը ու չզբաղվել իրավական տառակերությամբ:

Զարմանալիորեն միաժամանակ նման հռետորաբանությամբ են սկսել հանդես գալ մարդիկ, ովքեր ներկայանում են վերլուծաբան, քաղաքագետ կամ մտավորական. նրանք եւս կոչ են անում Փաշինյանին լինել ավելի կոշտ:

Այն, որ անկախ սուր հռետորաբանությունից Փաշինյանը կարեւորում է գործող Սահմանադրության շրջանակներում առկա քաղաքական ճգնաժամից դուրս գալը, հաճախ հիմնավորվում է միջազգային հանրության հանդեպ ունեցած վախերով:

Որոշակի վախեր, ավելի ճիշտ՝ ռիսկեր, իհարկե, կան, բայց առավել հիմնարար պատճառ էլ կա, որ Փաշինյանին դրդում է մնալ սահմանադրականության շրջանակներում ու իր լայն հանրային աջակցությունն օգտագործել մեղմ չափաբաժնով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կոշտ սցենարների, իսկ ավելի կոնկրետ՝ ժողովրդի՝ ԱԺ–ում հայտնվելու եւ այն ցրելու պարագայում նախկին քաղաքական վերնախավը էլ ավելի է սեղմվելու պատին ու չի բացառվում, որ սկսի ավելի կոշտ դիմադրել: Ինչն անժխտելիորեն բերելու է նոր քաղաքական ցնցումների ու անկայունությունների, որոնց պատասխանատուն լինելու է նախ Փաշինյանը:

Ըստ այդմ՝ գործող սահմանադրության շրջանակներում մնալու Փաշինյանի մարտավարությունը ոչ թե իրավական տառակերություն է կամ մեղմություն, այլ չոր հաշվարկ՝ իրավիճակից դուրս գալ հնարավորինս քիչ ցնցումներով ու փափուկ: Հանրահավաքային տրամադրությունների կիրառման գործում Փաշինյանը շատ հաշվենկատ է:

Իրականում հաշվարկը շատ պարզ է՝ Հայաստանում կան ուժեր, որոնք փափուկ խաղի պայմաններում պահանջարկ չունեն: Նրանց պետք է առավել սուր, կոնֆրոնտացիոն իրավիճակ, որտեղ նրանց թե՛ հռետորաբանությունը, թե՛ գործիքակազմը կարող է կիրառելի լինել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս իմաստով շատ հետաքրքրական է, թե ինչպես են դասավորվելու Փաշինյանի եւ «Սասնա ծռերի» հարաբերությունները, ընդհանրապես ինչպես է դասավորվելու Ծռերի քաղաքական ապագան:

Դժվար է ասել, ընթացիկ դատավարության պայմաններում, երբ նրանցից դեռ չի հանվել մեղադրանքը, Ծռերն ինչպե՞ս են մասնակցելու ընտրություններին: Արդյոք նրանց խափանման միջոցը փոխելուն ուղղված քաղաքական մեսիջներին զուգահեռ Փաշինյանն, օրինակ, նրանց տվել է քաղաքական հեռանկարի երաշխիքներ:

Թե՞ Ծռերը մտադիր են կորզել այդ երաշխիքները՝ ուժային գործողությունների շանտաժով կամ ինչպես վերը նշեցինք՝ Փաշինյանի ոճը մեղմ որակելով ու ավելի կոշտ սցենարներ առաջարկելով, սցենարներ, որտեղ իրենց դերակատարությունը կգա առաջին պլան: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները կունենանք առաջիկայում:

Իսկ այժմ ընդամենն արձանագրենք, որ թե՛ հեղափոխության, թե՛ դրա մրցակիցների ճամբարներում նկատելի են դառնում ուժեր, որոնց ձեռնտու է իրավիճակի սրումն ու կոնֆլիկտի էսկալացիան»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով