Հայաստանի Հանրապետությունը լիարժեք պատրաստ է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննակումը վարչապետը հայտնել է, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում կնշանակվի այժմ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Գաբրիել Ղազարյանը: «Ցանկանում եմ ողջունել նորանշանակ նախարարներին՝ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին,

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանին և Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանին: Հարգելի պարոնայք, հաջողություններ եմ մաղթում ձեզ: Ուզում եմ տեղեկացնել, որ որոշում եմ կայացրել Գաբրիել Ղազարյանին Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար նշանակելու մասին: Համապատասխան միջնորդություն եմ ներկայացրել հանրապետության նախագահին՝ նրան նախարար նշանակելու վերաբերյալ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ առաջիկայում կլինեն նաև մյուս նշանակումները:

Գործադիրի որոշմամբ հոկտեմբերի 11-ի և 12-ի աշխատանքային օրերը կտեղափոխվեն, համապատասխանաբար, հոկտեմբերի 27-ը և նոյեմբերի 3-ը` շաբաթ օրերը: Աշխատանքային օրերի տեղափոխելը պայմանավորված է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի ընթացքում Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությամբ:

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը տեղեկատվություն է ներկայացրել, թե Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում մայրաքաղաքի որ փողոցներն են փակ լինելու երթևեկության համար:

Վարչապետը ներողություն է խնդրել հայրենակիցներից պատճառված անհանգստության համար և հորդորել այդ օրերին հնարավորության սահմաններում ավելի քիչ ավտոմեքենայով երթևեկել և օգտվել մետրոպոլիտենից: Դիմելով Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ այդ կապակցությամբ անհրաժեշտ է տալ կոնկրետ հանձնարարական՝ այդ օրերին մարդկային մեծ հոսքը հավուր պատշաճի սպասարկելու համար:

«Բազմիցս արձանագրվել է, որ սա մեր երկրի Երրորդ հանրապետության պատմության համար աննախադեպ մասշտաբային իրադարձություն է և առանձնահատուկ կարևորություն ունի: Մենք պետք է բարձր մակարդակով անցկացնենք այս միջոցառումը»,-ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել նաև, որ մեր հայրենակիցները լավ կընդունեն և անհրաժեշտության դեպքում կաջակցեն աշխարհի տարբեր երկրներից ժամանած հազարավոր հյուրերին:

Վարչապետը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է ձեռնարկել անհրաժեշտ քայլերը՝ մայրաքաղաքում անվտանգության մակարդակը բարձր պահելու համար և արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը լիարժեք պատրաստ է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին:

Օրենսդրական նախաձեռնություններ

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծերի ընդունումը կհանգեցնի ոլորտային օրենսդրական համապարփակ կարգավորումների ամրագրմանը, ինչպես նաև կնպաստի իրական սեփականատերերի բացահայտման մեխանիզմների ներդրմանը: «Իրավաբանական անձանց

պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել իրական սեփականատերերի հասկացությունը՝ միաժամանակ սահմանելով նաև քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը: Նախագծով սահմանվել են նաև իրավաբանական անձանց, ինչպես նաև իրավաբանական անձ-ֆիզիկական անձ փոխկապակցվածության դեպքերը:

Առանձին հոդվածով սահմանվել է իրական սեփականատիրոջ բացահայտման պարտականություն ունեցող իրավաբանական անձի վերաբերյալ միասնական գրանցամատյանում գրառվող տեղեկությունների շրջանակը: Կարգավորվել են նաև իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու կարգը, իրական սեփականատեր գրանցելու և գրանցման մեջ փոփոխություններ կատարելու ժամկետները:

Ընդերքի մասին օրենսգրքում լրացվել են իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունների բացահայտման մասին տեղեկանքի ներկայացման պահանջներ, որպես պատասխանատվության միջոց սահմանվել են ընդերքօգտագործման իրավունքի կասեցման և դադարեցման դրույթներ: Սահմանվել է նաև իրական սեփականատերերի փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքի՝ լիազոր մարմին ներկայացնելու պահանջ:

Հավանություն է տրվել նաև «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությանը: Օրենքի նախագծով առաջարկվում է քաղաքացիական գործ քննող ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին վերապահել գործը վարչական դատարանի քննությանը հանձնելու իրավասություն՝ առաջարկվող փոփոխությունը հիմնավորելով միայն ՀՀ քաղաքացիական և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերում ցուցաբերված տարբերակված մոտեցումները վերացնելու անհրաժեշտությամբ:

Կառավարությունն առաջարկում է օրենքի նախագծով փոփոխվող հոդվածները թողնել անփոփոխ: Ըստ կառավարության առաջարկության, մասնավորապես, նախագծով առաջարկվող լուծումները հաշվի չեն առնում վարչական և քաղաքացիական դատավարությունների առանձնահատկությունները, հայցատեսակների, հայց ներկայացնելու ժամկետների, հայցի ապահովման, հայցադիմումին ներկայացվող պահանջների առկա տարբերությունները և դրանցից բխող տարբեր հետևանքները, ինչպես նաև վերահասցեագրման ինստիտուտի կիրառման պրակտիկան: Առաջարկի կարգավորման պայմաններում առկա խնդիրները մնում են չլուծված, ինչը կարող է անհարկի ծանրաբեռնել ընդհանուր իրավասության դատարանին՝ չհանդիսանալով դատական պաշտպանության արդյունավետ միջոցների ապահովման երաշխիք:

Նոր մարզպետներ են նշանակվել

Կառավարության որոշմամբ Գնել Սանոսյանը նշանակվել է Գեղարքունիքի, Տրդատ Սարգսյանը՝ Վայոց ձորի, Անդրեյ Ղուկասյանը՝ Լոռու մարզպետ:
Կառավարությունն ընդունել է նաև 2019 թ. փետրվարի 17-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի, Գեղարքունիքի մարզի Ակունքի, Արարատի մարզի Արևաբույրի և Վայոց ձորի մարզի Մալիշկայի համայնքներիի ղեկավարների արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին որոշումներ:

Այլ որոշումներ

Գործադիրը հավանություն է տվել «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկատվություն փոխանակելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը: Ըստ այդմ նախատեսվում է, որ ԱՊՀ մասնակից պետությունների հարկային մարմինները փոխանակում են իրավաբանական և ֆիզիկական անձանց եկամուտների առանձին տեսակների վերաբերյալ, ինչպես նաև մասնակից պետության տարածքում նշված անձանց անունով գրանցված գույքի առանձին տեսակների և գույքի սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվություն: Արձանագրության դրույթների կիրառումը կնպաստի նաև տվյալ ոլորտում տնտեսական փոխգործակցության թափանցելիության մակարդակի բարձրացմանը:

Կառավարությունը բավարարել է «Տեքսաս փրոդաքշն» ՓԲԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: Ընկերությունը գործում է թեթև արդյունաբերության բնագավառում և նախատեսվում է իրականացնել 664 մլն ՀՀ դրամի ներդրում: Ներկայումս ստեղծված է 68 աշխատատեղ, նախատեսվում է ստեղծել ևս 25-ը՝ 130 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 1 մլրդ 250 մլն ՀՀ դրամ, որի մի մասը` 60 մլն ՀՀ դրամի արտադրանքը, կիրացվի ՀՀ տարածքում, մյուս մասը` 1 մլրդ 115 մլն ՀՀ դրամի արտադրանքը, կարտահանվի ՌԴ, մյուս մասը` 74,5 մլն ՀՀ դրամի արտադրանքը` Բուլղարիա և Ֆրանսիա:

«Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան հերթական մարդահամարի նախապատրաստման և անցկացման գործառույթները, դրանց իրականացմանն առնչվող աշխատանքներին աջակցող պետական կառավարման համակարգի մարմինների հետ կազմակերպական և մեթոդաբանական բնույթի աշխատանքների կարգավորումը, ինչպես նաև մարդահամարի ծրագրին համապատասխան վիճակագրական տվյալների հավաքումն ու փորձարկումն ըստ սահմանված ժամկետների ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Արդյունքում, 2020թ. մարդահամարի ծրագրին համապատասխան կստացվի երկրի մշտական և առկա բնակչության թվաքանակների ու նրանց սոցիալ-ժողովրդագրական բնութագրերի վերաբերյալ վիճակագրական տվյալներ՝ ապահովելով հաջորդ տասնամյակի համար բնակչության թվաքանակի հաշվարկի հիմքը:

Կառավարության այսօրվա նիստի օրակարգից հանվել է «Հանրային ծառայության պաշտոնն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1801-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշումը:

Ըստ այդմ, մասնավորապես, նախատեսվում էր վերահաստատել հանրային ծառայության պաշտոնն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը: Որոշման նախագծի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, հնչել են մի շարք դիտարկումներ:  Նիկոլ Փաշինյանն առաջարկել է հարցն օրակարգից հանել և քննարկել շահառու խմբերի հետ.

«Այս նախագիծը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների հետ քննարկվե՞լ է: Կարծում եմ՝ կարելի է հարցը հանել օրակարգից, շահառու խմբերի հետ քննարկել, բաց քննարկում անել: Մեր խնդիրն է հաշմանդամություն ունեցող անձանց ներառել, ոչ թե նրանց առջև դռները փակել»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով