Երկրի պառակտման վտանգը․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Իսկ ի՞նչ է մտածում հանրապետության նախագահը․․․ Երեկ Ազգային ժողովում ու նրա շուրջ տեղի ունեցած բուռն իրադարձությունները, ծայրաստիճան բեւեռացնելով քաղաքական դաշտը, երկիրը կանգնեցրել են այնպիսի վտանգավոր ջրբաժանի առաջ, որից այն կողմ հնարավոր են անկանխատեսելի քաղաքական գործընթացներ։

Դրանց պատճառների բացահայտումը հանգեցնում է մի եզրակացության. 2018թ. մայիսին երկրի գործադիր իշխանությանը տիրացած Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմը ներքին ու արտաքին ինչ-ինչ ազդակների ներգործությամբ կորցրել է իրականության զգացողությունը՝ վտանգավոր դառնալով ոչ այնքան իր քաղաքական հակառակորդների, որքան ողջ երկրի համար։

Ի վերջո, հակառակորդներին կարելի է հաղթել, եթե ունես հանրային լայն աջակցություն, բայց երկրին հաղթելու նպատակադրումը անընդունելի է ու չափազանց վտանգավոր։ Որովհետեւ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները արագացնելու Ն. Փաշինյանի ձգտումը արժանանում է միայն նրա քաղաքական թիմի ու գործակիցների նեղ շրջանակի եւ հրապարակները լցվող այն զանգվածի աջակցությանը, որը առաջնորդվում է ամենեին էլ ո՛չ քաղաքական կատեգորիաներով։

Մնացած բոլորը, այդ թվում՝ երեկ հատուկ հայտարարությամբ հանդես եկած ԵԽ ԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Յուլյա Լովոչկինան, հանդես են եկել ԱԺ ընտրություններին նախապատրաստվելու համար քաղաքական ուժերին անհրաժեշտ ժամանակ տրամադրելու օգտին։ Նման պայմաններում բնականաբար խորհրդարանի ոչ վարչապետական մեծամասնությունը նույնպես պետք է մտածեր օրենսդրական փոփոխությունների միջոցով իրադարձությունների գահավիժող ընթացքը կասեցնելու մասին։

Ուստի ԱԺ Կանոնակարգ օրենքում կատարված փոփոխությունն իրականում ոչ թե Ն.Փաշինյանի վարչապետության դեմ ուղղված սպառնալիք էր, այլ բանակցութունների փոխարեն թելադրանքի լեզվով խոսելու, ամենեւին էլ ոչ ժոովրդավարական փորձերը սանձելու միջոց։

Ակնհայտ է, որ հարկադրաբար նման քայլի դիմած խորհրդարանական երեք ուժերը դրանից հետո էլ պատրաստ են փոխզիջման՝ կառավարության ծրագրի տառին ու ոգուն համապատասխան։ Նրանք ամենեւին էլ դեմ չեն արտահերթ ընտրություններին, բայց դեմ են դրանց արագացման այն հակաժողովրդավարական եղանակներին, որոնք ենթադրում են մի կողմ դնել Ընտրական օրենսգրքի փոփոխության, ապա նաեւ Վենետիկի հանձնաժողովի հավանությունն ստանալու գործընթացը եւ դրա փոխարեն առաջիկա դեկտեմբերին ափալ-թափալ կազմակերպել ընտրություններ՝ քանի դեռ հեղափոխության ալիքը չի մարել։

Մինչդեռ սահմանադրորեն դա հնարավոր է միայն այն պարագայում, եթե կառավարությունն ու Ազգային ժողովի մեծամասնությունը պայմանավորվեն կա՛մ սահմանադրական փոփոխությունների, կա՛մ էլ, որ ավելի իրատեսական է, Ընտրական օրենսգրքի փոփոխությունից հետո վարչապետի 2 անգամ հրաժարական ներկայացնելու ժամկետների ու նրա վարչապետ չընտրելու՝ ԱԺ մեծամասնության պարտավորության շուրջ։

Բայց ինչպե՞ս է դա հնարավոր անել, եթե վարչապետը պատրաստ է անգամ վտանգել Հայաստանում սպասվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նման կարեւոր միջոցառումը՝ միայն թե շուտ հրաժարական տա եւ 14 օրվա ընթացքում հասնի Ազգային ժողովի աշխատանքների կազմալուծմանն ու լուծարմանը։

Հասկանալի է, որ նման դիկտատորական քայլի միակ պատասխանը կարող է լինել նրա փոխարեն ուրիշ վարչապետ ընտրելու սպառնալիքը, որն էլ բանական ժամկետներում կկազմակերպի Ազգային ժողովի ընտրությունները։ Հակառակ պարագայում կստացվի, որ մենք գործ ունենք 1917-ին օրինական կարգով ընտրված Ռուսաստանի Սահմանադիր ժողովը ցրելու բոլշեւիկյան հայտնի գործելակերպի հանդեպ հանցավոր թողտվության հետ, որը միլիոնավոր կյանքեր արժեցավ ոչ միայն ռուս ժողովրդի, այլեւ ողջ կայսրության բոլոր ժողովուրդների համար։

Մի՞թե մենք ունենք մեզ նման շքեղություն թույլ տալու իրավունք, երբ Ադրբեջանը ուշադրությամբ հետեւում է պետականության փաստացի փլուզմանը տանող եւ իր ագրեսիայի առջեւ կանաչ ճանապարհ բացող պառակտիչ քայլերին։

Եթե ոտնահարելով սահմանադրությունն ու օրենքները՝ ամբոխը ներխուժի Ազգային ժողով եւ բոլշեւիկ-նավաստիների նման բռնություն գործադրի պատգամավորների հանդեպ, դրանից հետո ուղղակի անհնար է լինելու որոշել, թե ո՞վ է ճիշտ, քանի որ սխալը կատարվում է այն պահին, երբ խախտվում է օրենքը։

Ուրեմն երկրում ստեղծված ճգնաժամի հաղթահարման միակ ուղին անցնում է սահմանադրության ու օրենքների խստագույն պահպանման նեղ, բայց դեռեւս չփակված արահետով, որի երկու կողմերում էլ անդունդ է բացվում մեզ համար։

Պատճառն ավելի քան ակնհայտ է. Ն.Փաշինյանն ու նրա քաղաքական թիմը որքան էլ մեծաքանակ ամբոխ հավաքեն Ազգային ժողովի պարիսպների տակ, առանց սահմանադրության ու օրենքների խախտման չեն կարող ընթացիկ դեկտեմբեր ամսին կազմակերպել Ազգային ժողովի ընտրություններ։ Այս ճանապարհը հստակորեն փակ է նրանց առաջ, որովհետեւ Ազգային ժողովի մեծամասնությունն ունի այն կանխելու միանգամայն օրինական հնարավորություններ։

Միաժամանակ որքան էլ Ազգային ժողովի մեծամասնությունը դիմադրի արտահերթ ընտրությունների կազմակերպման պահանջին, կառավարության մեկամյա գործունեության ժամկետի ավարտից հետո հենց ինքն է ստիպված լինելու մտածել երկրում առաջ եկած քաղաքական նոր իրողությունները հաշվի առնելու մասին։

Մնում է՝ ստեղծված ճգնաժամի հաղթահարման նպատակով գտնել առողջ բանականությամբ դատող եւ երկրի առաջ կանգնած արտաքին ու ներքին մարտահրավերները որպես մեկ ամբողջություն գնահատող պետական այր, որը հակամարտության անմիջական շրջագծից դուրս է։ Սահմանադրությամբ այդ լիազորությունները վերապահված են երկրի գործող նախագահին։

Դատելով Հայաստանում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ Ա.Սարգսյանի առաջին արձագանքներից՝ նախագահը վճռական է Ազգային ժողովի ընտրությունների կազմակերպումը սահմանադրության ու օրենքների շրջագծում պահելու հարցում, սակայն վերապահումներ ունի «ԱԺ կանոնակարգ» օրենքում կատարված փոփոխության հետ կապված։ Բայց 21 օրվա ընթացքում նա կա՛մ պետք է ստորագրի այդ փոփոխությունները, կա՛մ էլ դիմի Սահմանադրական դատարան, իսկ վերջինս պատկառելի ժամանակ է ունենալու հարցի քննարկման համար։

Մնում է, որ այդ ընթացքում նախագահը կարողանա բանակցային սեղանին նստեցնել կառավարությանն ու ԱԺ մեծամասնությանը եւ հասնել բանական փոխզիջման, այսինքն՝ կառավարությանը դրդել իր իսկ ծրագրում ամրագրված ժամկետների պահպանմանը, իսկ Ազգային ժողովին՝ մինչ այդ անհրաժեշտ օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու գործին։

Այլ ճանապարհ չկա, քանի որ ընտրությունները դեկտեմբերին կազմակերպելու մտադրությունը կամ մինչեւ 2022 թվականը ներկա Ազգային ժողովի գոյությունը պահպանելու ցանկությունը բացում են ներքին դիմակայության ու անդառնալի պառակտման հնարավորություններ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով