ԵՐԲ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ԹԵ ՄԻՋՈՑ Է, ԱՅԼ ՆՊԱՏԱԿ. «Հայոց Աշխարհ»

«Հայոց Աշխարհ» օրաթերթը գրում է. Գոյություն ունի, այսպես կոչված, «շոկի տեսություն», որն ընկած է արագ գերազանցության հասնելու հիմքում եւ մշակված է պատերազմներ վարելու համար։ Հիմնական նպատակը հակառակորդի կամքի, իրադրության նրա ըմբռնման ու ընկալման վրա ազդելն է։
Ռազմական պատմության մեջ առաջիններից մեկը նման ռազմավարություն սկսեցին կիրառել հռոմեական լեգեոնները, որոնք, չնայած իրենց սակավաթիվ լինելուն, հնազանդ էին պահում բոլոր հակառակորդներին։ Դրան հասնում էին երկու կերպ։ Մի կողմից՝ հռոմեացիները հակառակորդի մեջ ստեղծում էին իրենց անպարտելիության զգացում, մյուս կողմից՝ բոլորի գիտակցության մեջ գամում, որ որեւէ ապստամբության դեպքում հատուցումը վաղ թե ուշ անխուսափելիորեն վրա է հասնելու։
Իսկ ժամանակակից պատերազմների համար շոկի տեսության շրջանակներում առաջարկվում է բնորոշիչների բավականաչափ հարուստ հավաքածու։
Հենց շոկի տեսության կանոնների համաձայն է իշխանությունը մեզանում իրականացնում ավելի շուտ պատերազմ հիշեցնող ներքաղաքական պայքարը։ Եվ դրա փայլուն ապացույցն են վարչապետ Փաշինյանի գործողությունները վերջին երկու-երեք օրերին։
Կարծում ենք, այն, ինչ տեղի է ունենում մեզանում, միանգամայն օրինաչափ է, եւ ահա թե ինչու։
Սոցիալական հոգեբանության ականավոր ներկայացուցիչ Ռուքեթը իր «Զանգվածների ճանաչում» աշխատության մեջ գրում է. «Պետք չէ անտեսել մի ակնհայտ գործոն. վարչակարգերի տապալումների ժամանակը ներծծված է uberis-ի (լատիներեն՝ բերրիություն, առատություն — Գ.Մ.) մթնոլորտով, որի դրսեւորումն անպայման հիշեցնում է տոնախմբության ոգի։ Ապագան հառնում է մարդկանց միջեւ նոր հարաբերությունների լույսի ներքո։
Սակայն հեղափոխական ամեն պատերազմի պատմություն, եթե նայենք դրան որոշակի հեռավորությունից, ավելի շուտ ոչ թե փոփոխության, այլ նենգափոխման պատմություն է։ Անկարգությունից հետո, որն ի վերջո անցնում է՝ անկախ նրանից, թե ինչ գնով են դրան հասնում, այդօրինակ պատերազմը երկրում իրականում հաստատում է պահպանողական կարգեր»։
Եվ դա, կարծում ենք, բնական ու տրամաբանական է, քանզի այն բանից հետո, երբ անկարգությունների ժամանակն անցնում է, անխուսափելիորեն գալիս է կառավարելու, գործերը վարելու եւ ենթարկելու ժամանակը։
Իշխանության կառուցվածքը փոքրիշատե փոխվել է, դրա որոշ հատկանիշներ նորացվել են, բայց սկզբունքորեն իշխանության էությունը մնում է նույնը։ Իրականում սկսվում է ոչ այլ ինչ, քան պետական լիազորությունների (վարչական, ռազմական, ֆինանսական եւ այլն) սկզբում առաջադեմ, այնուհետ կոպիտ զավթում՝ հօգուտ իշխանությունը զավթածների։
Այդ գործընթացի վերջում զանգվածը միջոցից կամ գործող անձից կրկին վերածվում է նրան, ինչ նախկինում էր. քաղաքացիական էության։ Վերապրած դրաման չի ենթարկում նրան փոքրիշատե արմատական փոփոխության, եւ վերադարձը «կարգուկանոնին» վրա է հասնում միշտ, նույնիսկ եթե զանգվածի բարքերն ու սովորությունները փոխվել են։
Պատմաբաններին այս երեւույթը քաջ հայտնի է։ Պատահական չէ, որ Օ’Բրայնը՝ Օրուելի խորհրդանշական կերպարը, հայտարարում է. «Իշխանությունը միջոց չէ, այլ նպատակ է։ Բռնապետությունը հաստատվեց բնավ ոչ հեղափոխության պաշտպանության համար։ Հեղափոխությունը իրականացվեց հենց նրա համար, որ բռնապետություն հաստատվի։ Հետապնդման նպատակը հետապնդումն է։ Կտտանքի նպատակը՝ կտտանքը։ Իշխանության նպատակը՝ իշխանությունը»։
Վերջին կես տարվա ընթացքում մեզանում տեղի ունեցած իրադարձությունները համոզիչ հաստատում են վերն ասված ամենը։ Սկզբում իշխանափոխությունը հասարակության գերակշիռ մասի կողմից ընկալվում էր որպես տոն, ավելի լավ կյանքի, մարդկանց միջեւ նոր հարաբերությունների հույս։
Այնուհետ կրքերը փոքր-ինչ մարեցին, եւ իշխանությունը զավթածների համար եկավ կառավարելու ու գործերը վարելու ժամանակը։ Բայց նոր իշխանավորները ֆանտաստիկորեն ապաշնորհ դուրս եկան եւ որեւէ բանի անկարող։ Իշխանության կառուցվածքը փոխվեց աննշան չափով եւ սկսվեց պետական լիազորությունների կոպիտ զավթումը՝ հօգուտ իշխանությունը զավթածների։
Շատ արագ պարզ դարձավ, որ իշխանությունը նրանց համար ոչ թե հայոց աշխարհում դրախտ կառուցելու միջոց է, այլ սոսկ նպատակ։ Իշխանափոխությունը իրականացվեց հենց նրա համար, որ երկրում հաստատվի բռնապետություն։ Իշխանության նպատակը, ինչպես պարզվեց, իշխանությունն է։ Խորհրդարանը ցրելը գերազանց տեղավորվում է այդ սխեմայում, իսկ վերջին ակորդը կդառնա արտահերթ ընտրությունները դեկտեմբերին։
Իսկ դրանից հետո երկրում կմնա անհամարժեք մարդկանց գրգռված, հիստերիկ զանգված, որոնք կորցրել են իրականության քննադատական վերլուծության ունակությունը եւ կառավարվում են փաստացի ֆաշիստական ռեժիմի կողմից, որի դրոշներին սվաստիկայի փոխարեն գրված է «Սեր եւ հանդուրժողականություն»։
Ժողովրդի անհամարժեքությունն ու հիստերիկությունը նրան անմիջական, նարկոտիկ կախվածության մեջ է դնում «հեղափոխական առաջնորդներից»։ Ինչպես թմրամոլն է, ի տարբերություն պարզապես երջանիկ մարդու, շատ արագ դուրս մնում իրականությունից եւ մահանում, այնպես էլ նման հասարակությունն է դատապարտված կործանման։
Թմրանյութը վարկաբեկում է հույզերը, վերացնում բնական դրական մարդկային հույզերի բուն հնարավորությունը։ Նման գործընթացները վարկաբեկում են ժողովրդավարությունը, քայքայում նրա հիմքը՝ վստահությունն ընթացակարգի, ծեսի, քաղաքական ազատ մրցակցության նկատմամբ։
Սակայն հանուն արդարության անհրաժեշտ է նշել, որ մեր աչքի առաջ ծավալվող՝ երկրի եւ պետականության համար ծայրաստիճան վտանգավոր բոլոր այս իրադարձությունների մեղավորը բնավ Փաշինյանն ու իր զինակիցները չեն։
Ո՛չ, իրականում մեղավոր է Ֆիլիպ Պինելը, որին 1792 թվականին, Ֆրանսիական մեծ հեղափոխության սկսվելուց շատ չանցած, ուղարկեցին ղեկավարելու Փարիզում գտնվող Բիսետր հոգեբուժարանը։ Լինելով այդ պաշտոնում, նա մեծագույն դժվարությամբ ստացավ Հեղափոխական կոմունայի թույլտվությունը՝ որպես գիտափորձ ազատել որոշ հիվանդների շղթաներից։ Գիտափորձը հաջողությամբ պսակվեց, եւ դրանից հետո խելագարներին սկսեցին բուժել որպես հիվանդների, այլ ոչ թե՝ որպես կատաղած գազանների ու հանցագործների։
Եվ ահա, խնդրեմ, սա էլ ձեզ արդյունքը։ Կլուծարեի՞ն սրանք խորհրդարանը, եթե շղթայակապ լինեին։ Հազիվ թե։
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով